Ես սարսափելի ցավում եմ տեղի ունեցածի համար և համարում եմ, որ պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի․ Սեդա Գրիգորյան
copy image url

Ես սարսափելի ցավում եմ տեղի ունեցածի համար և համարում եմ, որ պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի․ Սեդա Գրիգորյան

Ներքին 1 տարի առաջ - 00:13 05-01-2024
Լրագրող Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ, Միքայել Բադալյանի գրառումից շատերդ արդեն տեղյակ եք, որ ադրբեջանական CBC ալիքով տեղադրվել է կեղծ պրոպագանդիստական վավերագրական ֆիլմ Երևանի մասին, որում տեղ է գտել հատված իմ նկարահանած հարցազրույցից Միքայելի հետ: Այդ հարցազրույցը նկարահանել եմ դեկտեմբերի 2-ին, համաձայն ամերիկյան No Frontiers LLC ֆիլմարտադրող կազմակերպության հետ պայմանագրի: Ինձ հետ worldfixer.com կայքով կապ էր հաստատել ամերիկացի պրոդյուսեր ներկայացած Alex Gil-ը, ում հետ մեր ողջ գրավոր հաղորդակցությունը պահպանված է: Նա ինձ տեղեկացրեց, որ ամերիկյան History Channel-ի նմանությամբ պատմական թեմաներով վավերագրական ֆիլմաշարի պիլոտային տարբերակի ստեղծման համար գործընկեր են փնտրում Հայաստանում: Կից նկարում հատված է իր նամակներից մեկից, որում նկարագրում է նախագծի բովանդակությունը՝ պիլոտային էպիզոդը բաղկացած է լինելու 3 հնագույն քաղաքակրթության վերաբերյալ մասերից՝ Ուրարտու, Ջերիկո (Պաղեստին/Իսրայել) և Տաշկենտ/Բուխարա (Ուզբեկստան): «Պիլոտը պետք է ցույց տա գալիք ամբողջ սերիայի հարստությունն ու բազմազանությունը: Այս երեք հնավայրերը պատմականորեն մեկուսացված են, բայց միավորված են այն գաղափարով, որը ես ուղարկել եմ ձեզ նամակներից մեկում»: Ալեքսը պրոֆեսիոնալ հաղորդակցություն էր վարում, կազմակերպության հետ կազմեցինք պայմանագիր, ես որոշ հավելյալ հարցեր էի տալիս ընթացքում՝ համոզվելու համար, որ ինքը իսկապես այդ թեմայի վրա է աշխատում: Նա նաև նշեց, որ առաջին կինը հայուհի է եղել Վրաստանից, և ինքը տարիներ առաջ եղել է Հայաստանում, ծանոթ է Երևանին:

Այսպիսով, մեր թեման բացառապես Ուրարտուն և ուրարտական հնավայրերն են եղել, և հարցերը, որոնք իրենք նախապես ուղարկել էին, հիմնականում այդ թեմայով էին՝ ՈՒրարտու, հնագույն քաղաքակրթությունների ձևավորումը և տրանսֆորմացիաները: Հեղինակներն իրենք էին առաջարկել հիմնական հարցազրույցն իրականացնել «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ՝ հենվելով համացանցում տեղ գտած նրա նախկին հարցազրույցների և հրապարակումների վրա: Ես հաստատեցի այս առաջարկը՝ Միքայելին ճանաչելով որպես ոլորտի լավագույն երիտասարդ մասնագետներից մեկը, ով, ի հավելումն իր մասնագիտական որակների, կարող է նաև առանց դժվարության անգլերեն հարցազրույց տալ: Որպես երկրորդ մասնագետ՝ որոշեցինք զրուցել ուրարտագետ Վահե Սարգսյանի հետ, և Ալեքսն ինձ նամակով հավաստիացրեց, որ Ուրարտուի մասին դրվագն ամբողջությամբ կառուցված կլինի այս երկու հարցազրույցներից՝ առանց այլ բանախոսների:

Նկարահանման համար նախատեսված հարցաշարում կար հարց նաև Հանրապետության հրապարակում տարիներ առաջ իրականացված պեղումների մասին, որը, ես և մասնագետները համաձայնեցինք, որ թեմայի հետ ուղիղ կապ չունի, սակայն ենթադրեցի, որ հեղինակների մոտ կարող է շփոթմունք լինել դրա հետ կապված, և հարցն ամեն դեպքում ուղղեցի մասնագետներին, որպեսզի նրանց խոսքով հստակ լինի պատասխանը: Կարող եք նկատել, որ Միքայելն իր պատասխանում նշում է, որ այդ պեղումների ժամանակաշրջանն իր մասնագիտացումից դուրս է, և նա չցանկացավ շատ ծավալվել այդ թեմայով՝ ելնելով մասնագիտական կոռեկտությունից: Ինչ վերաբերում է մյուս հարցերին՝ Ուրարտուի վերաբերյալ, թե՛ Միքայել Բադալյանը, թե՛ Վահե Սարգսյանը տվել են սպառիչ մասնագիտական պատասխաններ: Նյութն ամբողջությամբ առկա է ինձ մոտ, սակայն ես այն չեմ կարող հրապարակել՝ պայմանագրային սահմանափակումներից ելնելով:

Ես հաստատում եմ Միքայելի գրառման մեջ տեղ գտած տեղեկությունները՝ մեր հաղորդակցության և նկարահանումների անցկացման վերաբերյալ: Երկուսս էլ իրականությունն իմացել ենք այսօր TV5-ի լրագրողի զանգից: Ինձ համար շոկային էր լսել լուրը, ինչից հետո նոր դիտել եմ ադրբեջանական ֆիլմը: Փաստորեն, նման խաբեությամբ հսկայական նկարահանումներ են կատարվել. այդ ֆիլմում իմ կողմից նկարահանված նյութերից են Էրեբունու թանգարանում արված կադրերը, վերջում օգտագործված 4-5 դրոնի կադր: Մնացած նյութն ինձ անծանոթ է:

Ես սարսափելի ցավում եմ տեղի ունեցածի համար և համարում եմ, որ պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի, քանի որ իմ մասնագիտությունը լայն դաշտ է ստեղծում նման խաբեությունների ու մանիպուլյացիաների համար:

Ներողություն եմ խնդրում Միքայելից՝ նման խարդավանքի զոհը դառնալու համար, ըստ էության՝ երկուսս ենք նույն կարգավիճակում: Ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր համաձայնվել են լինել կադրում՝ իմանալով, որ նկարահանումը ամերիկյան գիտաճանաչողական ֆիլմի համար է իրականացվում: Խնդրում ու հորդորում եմ որևէ կերպ չօգտագործել կատարվածը Միքայելի դեմ, ով այս նկարահանումների ընթացքում իրեն դրսևորել է որպես իր մասնագիտության և ոլորտի հրաշալի գիտակ, նրա մասնագիտական պատասխանները կարող են ջախջախել ցանկացած հակահայ թեզ՝ մանրամասն, բովանդակային հիմնավորումներով:

Այս գրառումը կատարում եմ նաև իմ գործընկերների համար, քանի որ շատերն են գրանցված worldfixer.com կայքում և կարող են հայտնվել նման խարդավանքների թիրախում: Խնդրում եմ, եկեք ավելի ուշադիր լինենք, մտածենք նման խնդիրները կարգավորելու տարբերակներ: Ես նախատեսում եմ կապ հաստատել կայքի հետ և տեղեկացնել իրենց հարթակով իրականցվող այս խաբեության մասին»:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ