Երևան +12°
copy image url
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 19:06 26-12-2023

Վաստակե՞լ եք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր փառասիրության համար. Ավինյանն անջատեց Մարությանի միկրոֆոնը

Վերջին անգամ այս դահլիճում ելույթ եմ ունեցել երկու տարի առաջ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում իր ելույթում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Եթե հիշում եք, երկու տարի առաջ մոտավորապես այս օրերին ՔՊ-ականները այս դահլիճում, իրենց սիրած բառով ասած, մի աննախադեպ բան արեցին՝ իմպիչմենթի ենթարկեցին ընտրված քաղաքապետին՝ առանց որեւէ հիմնավոր մեղադրանքի։ Ինչեւէ, դրա մասին շատ է խոսվել։ Էականն այն է, թե ինչ կորցրեց կամ ինչ շահեց Երեւանը այդ «աննախադեպ» գործողությունից հետո՝ այս երկու տարիներին, երբ փոխվել են երեք նոմինալ քաղաքապետեր, տասնյակ թաղապետեր ու այլ կարեւոր պաշտոնյաներ։

Ի՞նչ սկզբունքային առավելություն ստացավ մեր քաղաքը, որ չուներ մինչ այդ։ Ի՞նչ խոշոր պրոյեկտ սկսեց կամ ավարտվեց, որը մինչ այդ տեղի չէր ունենում։ Պատասխանը շատ պարզ է՝ ՈՉ ՄԻ։ Հակառակը՝ քաղաքային կառավարումը դրանից հետո մտավ չհիմնավորված քաղաքական ճգնաժամի մեջ, որից չի կարողանում դուրս գալ մինչեւ հիմա։ Մի շարք պրոյեկտներ, որոնք պետք է արդեն ավարտին հասցված լինեին, այս վայրիվերումների պատճառով առկախվեցին ու դոփում են տեղում։ Պարզ օրինակ՝ օրերս քաղաքապետարանի լրատվականը հայտնեց, որ վերջապես տեղ են հասել վճարման տերմինալները, որոնք հնարավորություն կտան անկանխիկ վճարում կատարել տրանսպորտում։ Մի ռեֆորմ, որը արդեն գրեթե պատրաստ էր գործարկման 2021-ի դեկտեմբերին, բայց չգիտես ինչու հետաձգվեց առնվազն երկու տարով։ Կամ՝ թափոնների տեսակավորման, խոշոր թափոնների ինչպես նաև վտանգավոր թափոնների հավաքագրման և ուտիլիզացիայի գործընթացը, որը կարծես ընդհանրապես կանգ է առել, շների չիպավորման պրոցեսը ընդհանրապես մոռացվել է, և այդպես շարունակ։

Այսօր քննարկում ենք քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ բյուջեի նախագիծը։ Որպեսզի երեւանցիներին շատ չծանրաբեռնեմ թվերով, միայն ասեմ, որ բյուջեի եկամուտները գալիք տարվա համար նախատեսված են 124 միլիարդ դրամ։ Բյուջեյի եկամտային մասը աճել է, հիմնականում մեր վճարած բարձր գույքահարկերի հաշվին: Եվ դրա հետ մեկտեղ, տարատեսակ ճոխությունների վրա այս նոր իշխանության արած ծախսերը ավելացել են անգամներով, իսկ երբեմն՝ տասնապատիկ անգամներով։

Օրինակ։ Քանի որ հիմա ամանորի նախաշեմին ենք, ամանորյա ծախսերից խոսենք։ Կհիշե՞ք՝ մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 միլիոն դրամով։ Ինչքան քննադատություն եղավ, որ դա ավելորդ ճոխություն է։ Այն դեպքում, երբ այդ ծախսն արել էինք պատերազմից, կովիդից ու Արցախի կատաստրոֆայից առաջ՝ անհոգ ժամանակներում, ու այդ տոնածառը մինչեւ հիմա զարդարում է քաղաքը՝ արդեն հինգ տարի ու դեռ հանգիստ մի քանի տարի էլ կծառայի։ Մինչդեռ այս տարի, օրինակ, միա՛յն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է ուշադրություն՝ 89 միլիոն դրամ։ Այսինքն, դա մնայուն ծախս չի, մեկանգամյա էֆեկտ ունի։ Համեմատության համար հիշեցնենք, որ 2018-ին ընդամենը 54 միլիոն դրամով մենք արել ենք `3 միջոցառում` այդ նույն լույսերի վառման արարողությունը, Նոր տարվա գիշերվա համերգը եւ հունվարի 6-ին սուրբծննդյան համերգ՝ Հանրապետության հրապարակում։ Կարող եք դիտել այնն ժամանակվա տեսանյութերն ու համոզվել, որ ճոխությամբ ու ճաշակով այդ միջոցառումները չէին զիջում այս տարվան։ Ուրեմն, ի՞նչ է փոխվել, որ ավելի փոքր ծավալի միջոցառումը հիմա կազմակերպում են ավելի շատ փողով։ Կամ, ինչպես հայտնի ռեկլամում էր ասվում՝ ինչո՞ւ ավելի թանկ վճարել, եթե արդյունքը նույնն է։

Առավելեւս, ա՛յն դեպքում, երբ մենք այս տարի մեր պատմության մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել, երբ երկրում ունենք հարյուր հազարավոր արցախցի փախստականներ, որոնց հարցերը դեռ հեռու են լուծված լինելուց։ Էլ չասած՝ հարցի բարոյական կողմը, թե ինչն ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը։

Ասում եք՝ երեխաների համար ենք անում։ Շատ լավ։ Ի՞նչ ուղերձ եք փոխանցում երեխաներին, ի՞նչ ենք սրանով սովորեցնում։ Որ երբ եղբորդ տունը ձեռքից խլում են ու իր տնից դուրս են անում, դու պետք է ձեւացնես, թե չես նկատել ու շարունակես քեֆեր անե՞լ։ Դա ե՞նք սովորեցնում։

Ասում եք՝ եկամուտները ավելացել են, դրա համար կարող ենք մեզ ճոխ ծախսեր թույլ տալ։ Է, եկամուտներն ավելացել են, քաղաքի հազարավոր խնդիրների լուծմանն ուղղեք։ Եթե չգիտեք՝ ինչի վրա ծախսել, կարող եմ հուշել։ Մի քանի օր առաջ երեխայիս տարել էի քաղաքային պոլիկլինիկա՝ ակնաբույժի մոտ։ Պարզվեց, որ ակնաբույժի կաբինետում նորմալ հետազոտութուն անելու տարրական սարքեր չկան։ Հարցրեցի՝ որքա՞ն փող է ձեզ պետք կաբինետի սարքավորումները համալրելու համար, ասացին՝ մոտ 100 հազար դրամ։ Քաղաքը ունի 26 պոլիկլինիկա։ Այսինքն, բոլոր պոլիկլինիկաները ակնաբուժական սարքավորումներով համալրելու համար պետք է կոպիտ հաշվարկով 2,6 միլիոն դրամ։ Գուցե դրա վրա՞ ծախսեք ավելացած եկամուտները։ Սա մեկ փոքր օրինակ է ընդամենը։

Շարունակենք մեկանգամյա ճոխ ծախսերի թվարկումը։ Շեշտում եմ, սրանք այն ծախսերն են, որոնք լայնորեն լուսաբանվել են։ Բոլորս իմացանք, որ այս տարի քաղաքապետի երդմնակալության արարողության վրա ծախսվել է ավելի քան 87 միլիոն դրամ։ Համեմատության համար, իմ երդմնակալության արարողության վրա 2018-ին ծախսվել է, ուշադիր, ինը հարյուր հազար դրամ։ Պատկերացնում ե՞ք։ Համեմատեք 900 հազարն ու 87 միլիոնը։ 100 անգամ ավել: Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետերը բնական պայմաններում 5 տարին մեկ պետք ա փոխվեն, ստացվում է որ դուք միանգամից 500 տարվա երդմնակալության փող եք ծասել: Ու ամենակարեւորը՝ ինչի՞ համար է դա արվում, ի՞նչ է շահում դրանից քաղաքը։ իսկականից դուք պատկերացնում ե՞ք՝ ինչ թվերի հետ եք խաղում, ինչ ծախսեր եք ձեզ թույլ տալիս։ Դուք հինգ տարի առաջ պատկերացնում էի՞ք, թե ինչ տեսք ունի 87 միլոն դրամը։ Դուք վաստակել ե՞ք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր անձնական փառասիրությունը գոհացնելու համար։

Էս ամեն ինչը հաստատում է էն, ինչ ես ասում էի այս դահլիճում երկու տարի առաջ․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլեւ կորցրել է իր բարոյական օրիենտիրները։ Թեեւ նրանցից ոմանք դա երբեք չեն էլ ունեցել։

Ու ասածս միայն չհիմնավորված ծախսերին չի վերաբերում»։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթը ավագանու նիստում կիսատ մնաց, քանի որ ըստ կանոնակարգի ելույթի համար նախատեսված 5 րոպե ժամանակը սպառվել էր։

«Ավագանու ելույթների համար նախատեսված է 5 րոպե»,- նշեց Ավինյանը, ինչին ի պատասխան Հայկ Մարությանն ասաց, որ անգիր գիտի կանոնակարգը։

Ավինյանը նշեց, որ Մարությանն իր ելույթում խոսի այն թեմայի մասին, որը քննարկվում է ավագանու նիստում.


«Սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, հարց ենք քննարկում։ Եկեք այս կետում սպառենք»։

«Շատ տարօրինակ է, որ որոշում է ընդունվել, որ առաջվա 10 րոպեի փոխարեն, որ ամեն խմբակցությունից մեկը տարող էր 10 րոպե ելույթ ունենալ, դարձել է 5 րոպե»,- նշեց Մարությանը։

«Խախտում եք կանոնակարգը, խնդրում եմ միկրոֆոն անջատեք։ Այստեղ վերին արտի ցորեն կա՞, չի կարելի 2-3 նիստ բացակայել, հետո գալ ու 40 րոպե ելույթ ունենալ»,- ասաց Ավինյանը։

Մարությանի միկրոֆոնն անջատելուց հետո ավագանու նիստը բոյկոտեցին «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները: