copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 11:30 25-12-2023

Սոցապնախարարությունը մերժում է լեզվի անոթների ուռուցք ունեցող տղայի հասանելիք 100 000 դրամը տրամադրել

Երեք ամիս է անցել Արցախի բռնի տեղահանումից։ Ցավոք, բազմաթիվ քաղաքացիների կեցության խնդիրներն առայսօր ոչ միայն չեն լուծվել, այլ՝ գնալով խորացել են։ Ամեն օր Oragir.News-ը բազմաթիվ նամակներ է ստանում արցախցիներից, ովքեր խնդրում են բարձրաձայնել իրենց հուզող հարցերը։ Հերթական խնդրով այսօր խմբագրություն է դիմել տեղահանված Հայկուհի Մկրտչյանը, ում խոսքով առայսօր ոչ ինքը, ոչ որդին չեն կարողացել 100 000 դրամ օժանդակությունը ստանալ։

«Ծնվել և ապրել եմ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։ Որդիս հինգ տարեկան էր, երբ բժիշկներն ախտորոշեցին նրա մոտ լեզվի անոթների արունահոսող ուռուցք։ Արդեն 11 տարեկան է,վեց տարվա մեջ հինգ բարդ վիրահատություն է տարել՝ չորսը Երևանում, մեկը՝ Մոսկվայում։ 2023 թվականին մայիսին որդուս մոտ հիվանդությունը սրացավ։ Առողջապահության նախարարության միջամտությամբ որդուս Կարմիր խաչի հետ անհապաղ տեղափոխեցինք Երևան։ Թղթերն ուղարկեցին Գերմանիա՝ մանկաման ուռուցքաբանական հիվանդանոց։ Այնտեղեցից մեզ պատասխանել են, որ պիտի բալիկս տեղափովի Գերմանիա՝ լեզվի փոխպատվաստում պիտի կատարվի։ Ես հրաժարվեցի՝ հասկանալի պատճառով։ Երբ, բալիկիս բժշկուհու՝ Անահիտ Շահինյանի շնորհիվ, վիճակը փոքր ինչ նորմալացել էր, որոշեցինք, որ Կարմիր խաչով պիտի հետ վերադառնանք Արցախ։ Հենց այդ օրն էլ պատերազմը սկսեց, երբ մենք Գորիսից պատրաստվում էինք մեկնել Արցախ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Հայկուհին՝ միաժամանակ ցույց տալով այն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են իր խոսքերը։

Հայկուհին ու որդին չեն կարողացել առայսօր ստանալ ոչ մի օժանդակություն, քանի որ պատուհանն իրենց մերժում է՝ թուլ չտալով գրանցվել։ Նեղված է շատ մեր զրուցակիցը, ում խոսքով՝ գումար չունենալու պատճառով, ստիպված է ապրել մի բնակարանում, որտեղ երեք ընտանիք են ապրում, իսկ որդին, ում դեղերն անգամ Երևանում չկա, բերում են Մոսկվայից, եթե այսպես շարունակվի, հայտնվելու է կյանքի ու մահվան սահմանագծում։

«Որդիս չի կարող հավելյալ սնունդներ օգտագործել, ամեն օր ես նրան պիտի տամ բնական հյութեր՝ բլենդերով անցկացրած,իսկ ես անգամ չեմ կարողանում առնել նորմալ սնունդ։ Չգիտեմ ինչ անել, ինչպես հոգալ երեխայիս սննդի հարցը, ստիպված դիմում եմ ձեր միջնորդությանը՝ օգնեք ինձ՝ վերականգնել գոնե ինձ հասանելիք գումարը ստանալու հնարավորությունը»,- ասում է Հայկուհին։






Հայկուհին զոհվածի դուստր է, ամուսինը զինծառայող, ով այդ օրերին հրաշքով է փրկվել շրջափակումից։ Այսօր ընտանիքն ապրում է Չարենցավանում՝ 12 հոգով։

Հայկուհու բալիկին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 097170992 հեռախոսահամարով։