Դեկտեմբերի 23-ին կայացած ՀՖՖ հերթական ժողովի ընթացքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։
Հայաստանի առաջատար ակումբները՝ «Փյունիկը» և «Ուրարտուն», որոնց պատվիրակները կողմ են քվեարկել Արաս Օզբիլիզին, հայտարարություններ են ներկայացրել։
«Փյունիկ» ՖԱ-ի հայտարարությունը․
«Ընկերներ,
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ անցնող տարվա վերջին շաբաթներին մեզ հետ կիսեցիք հայկական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ունեցած ապրումները: Մենք միասին հարցեր էինք տալիս, փաստերով քննարկում ֆեդերացիայի գործող ղեկավարության թերացումները, անում էինք հայտարարություններ և անտարբեր չէինք։
Մենք ուրախ ենք` վերջնական արդյունքում հույս ձեռք բերեցինք` ի դեմս Արաս Օզբիլիսի, որին աջակցել է ոչ միայն ֆուտբոլային հանրության մեծ մասը, այլև ամբողջ աշխարհում հայտնի հայ մարզիկները, ինչպիսիք են` Հենրիխ Մխիթարյանը, Կարեն Խաչանովը և Լևոն Արոնյանը, մարդիկ, ովքեր առաջին ձեռքից գիտեն, թե որքան կարևոր է երկրի համար պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչպես նաև ուժեղ ու պատասխանատու ֆեդերացիա ունենալը:
Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր։ Ընտրությունները վերածվել են աթոռակռվի: Քվեարկության արդյունքները մեզ համար անակնկալ չեն։ Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը, հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին։
Բայց վերջին շաբաթները մեզ վստահություն տվեցին, որ միասին կարող ենք ազդել ապագայի վրա և հայկական ֆուտբոլը վերադարձնել զարգացման ու առաջընթացի ուղի: Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պայքարը մեր երկրի ամենասիրված մարզաձևում` մաքրություն հաստատելու և բարգավաճում ապահովելու համար: Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս` հայկական ֆուտբոլը արժանի մակարդակին վերադարձնելու համար:
Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, և մենք այս մեծ ընտանիքի մի մասն ենք ։
Հարգանքով ՝ «Փյունիկ» ՖԱ»
«Ուրարտու» ՖԱ-ի հայտարարությունը․
«Հարգելի ֆուտբոլասերներ, այսօր կայացած ընտրություններում Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Սա խոսում է այն մասին, որ մեր ֆուտբոլային հասարակությունը, ավելի ճիշտ՝ ընտրության իրավունք ունեցող մարդիկ, կամ ամբողջությամբ չեն տեսնում այն ամենը, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում, կամ բացահայտ անտեսում են ներկա իրավիճակը՝ ծայրահեղ չլինելու համար, որն ավելի վատ է։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը բազմիցս կոչ է արել բոլորին մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, իսկ վերընտրված նախագահին՝ ընդունել իր սխալներն ու ինքնակամ հրաժարական տալ, սակայն իրեն չեն լսել։
Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք տեսել ենք բազմաթիվ հարցումներ, որոնցում ֆուտբոլասերներն իրենց նախապատվությունը տալիս են Արաս Օզբիլիզին, իսկ պրոֆեսիոնալներն իրենց սպորտաձևերում, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Լևոն Արոնյանը և Կարեն Խաչանովը, հրապարակայնորեն աջակցում էին Օզբիլիզին։ Նրան աջակցում էին նաև նախկին թիմակիցներ Դեյլի Բլինդը և Քվինսի Պրոմեսը, ինչը հուշում է, որ Արասին հիշում են, սիրում և աջակցում են նաև դրսում։
Մենք երախտապարտ ենք բոլոր այն աջակից մարդկանց, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում Արաս Օզբիլիզի և նրա գաղափարների կողքին էին և մի կողմ չեն կանգնել։ Ցանկանում ենք նշել, որ ձեր աջակցությունը տեսանելի էր և շոշափելի, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կորած չէ։
Հավատում ենք, որ մեր ակումբի կողմից առաջադրված թեկնածուն՝ Արաս Օզբիլիզը, չի թողնի իր ստանձնածը կես ճանապարհին և ջանքեր կգործադրի ապագայում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար, որում մեր ակումբը կօգնի նրան, եթե նման անհրաժեշտություն լինի։
Մենք կշարունակենք զարգացնել հայկական ֆուտբոլը՝ քրտնաջան աշխատելով և մեր ակադեմիայում զարգացնելով երիտասարդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև գործադրելով բոլոր ջանքերը՝ մեր պրոֆեսիոնալ թիմերը նոր մակարդակների բարձրացնելու համար։
Առջևում շատ աշխատանք կա։ Ամեն ինչ նոր է սկսվում:»