copy image url
Արտաքին Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:00 20-12-2023

Ադրբեջանական խաղաղություն. սահմանազատումը խանգարելու է միջանցքին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի իշխանությունները թեև հայտարարում են, որ կողմ են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման գործընթացին, այնուամենայնիվ պարբերաբար հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով և նախաձեռնություններով, որոնք այս գործընթացը փակուղի են մտցնում։

Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ նման կերպ Ադրբեջանի իշխանությունները փորձում են հող նախապատրաստել՝ Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիաները լեգիտիմացնելու համար։

Oragir.News-ի հետ զրուցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ սահմանների տարանջատումը ֆիքսում է կողմերի զբաղեցրած դիրքերը և հանդիսանում է այն գիծը, որը հատելու իրավունք կողմերը չեն ունենալու։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ընկալմամբ խաղաղության պայմանագիրն ընդամենը հնարավորություն է՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նոր նկրտումներ ունենալու համար։

Ադիբեկյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանը Հայաստանին դնելու էլ ավելի խոցելի իրավիճակում՝ 300 հազար ադրբեջանցիների մտցնելով ՀՀ։

«Քանի որ ֆիքսված սահմաններ գոյություն չունեն, դա նշանակում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է իր հայրենակիցներին օգնելու պատրվակով ներխուժել Հայաստան և օտարել Սյունիքը՝ դրա համար ունենալով լեգիտիմ հիմք։ Այսինքն՝ քանի չկա հստակեցված սահմանագիծ, այդ տարածքը ոչ մեկին չի պատկանում, իսկ եթե ոչ մեկին չի պատկանում, ապա կարելի է բռնի ուժով դա զավթել ու յուրացնել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև Ադրբեջանը նախապատրաստվում է նոր ագրեսիայի, որը չի էլ թաքցնում։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ վերադառնալու են «Արևմտյան Ադրբեջան» (ՀՀ տարածքը Ադրբեջանում այդպես են անվանում-խմբ), ինչպես նաև ողջ Սյունիքը ներառելու են Ադրբեջանի կազմում, որպեսզի Նախիջևանի հետ անխոչընդոտ կապ ունենան, իսկ սահմանազատումը խանգարում է այդ ծրագրին։

«Եթե ընթերցեք խաղաղության պայմանագրի դրույթները, ապա կհամոզվեք, որ դա աղետ է, որովհետև նախ Հայաստանը լուրջ տարածքային զիջումներ է կատարելու, ինչպես նաև 300 հազար գլուխ 5-րդ շարասյուն է ներմուծելու։ Այսինքն, թշնամաբար տրամադրված զանգված է մտնելու Հայաստան, որը, բնականաբար, գործելու է ՀՀ-ի դեմ և այսպես շարունակ»,- շեշտեց նա։

Ադրբեջանագետը ընդգծեց, որ սա օգնելու է Ադրբեջանին օտարել ոչ միայն Սյունիքը, այլ նաև Սևանա լճի զգալի մասը։ Նա նշեց, որ եթե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ամառանոցից ուղիղ գիծ քաշվի մինչև Վայք, ապա դեպի հարավ ընկած ողջ տարածքն օտարվելու է Ադրբեջանին, իսկ սահմանազատումը դրան խանգարելու է։

«Այլ հարց է, որ սահմանազատումն էլ ավելի մեծ կատաստրոֆա է, որովհետև այդ պարագայում էլ է ՀՀ-ն տարածքային կորուսներ ունենալու և աշխարհաքաղաքական խոցելի իրավիճակում հայտնվելու։ Այդ դեպքում Հայաստանը բոլոր ռազմավարական բարձունքները նվիրելու է Ադրբեջանին, սակայն գոնե այդ պարագայում վերջինս տեսականորեն այդ ֆիքսված գիծը հատելու իրավունք չի ունենալու»,- կարծում է նա։

Ադիբեկյանն այս համատեքստում հիշեցրեց Իշխանասարի, Ներքին Հանդի օրինակները, որտեղ թշնամին եկել և նստել է։ Ճշտող հարցին, թե այս պարագայում մինչև այս գրավված տարածքնե՞րն են մնալու Ադրբեջանին, թե՞ նաև նոր տարածքներ կլինեն, փորձագետը պատասխանեց, որ միանշանակ լինելու են նաև նորերը. «Կրկնում եմ՝ Ադրբեջանի միակ խնդիրն այն է, որ Հայաստանը քարտեզի վրա գոյություն չունենա, իսկ հայերը չլինեն այս տարածաշրջանում։ Սա է նրանց գլոբալ խնդիրը, որը նրանք մեծ հաջողությամբ լուծում են Հայաստանի Հանրապետության իշխանություն կոչեցյալի ձեռքերով»։

Մեր հարցին, թե ՀՀ-ն ինչ քայլեր պետք է ձեռնարկի այս զարգացումները կանխելու համար, ադրբեջանագետը նշեց, որ այդ հարցի պատասխանը չունի։ Նա հավելեց, որ Հայաստանն այս քաղցկեղից ազատվելու համար 5 տարի ժամանակ ուներ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված