Երևան +12°
copy image url
Խոսք Մշակույթ 4 ամիս առաջ - 20:00 16-12-2023

Գյումրիում դժվար չէ հասկանալ՝ ով ում ֆեյքն է․ One and only project-ի հիմնադիր

Սեպտեմբերի 16-ին նախատեսված էր անցկացնել Gyumri Big Fest-ը, որի կազմակերպիչը նորաբաց «One and only project» կազմակերպությունն էր։ Սակայն ինչ-ինչ պատճառներով միջոցառումը կրկնակի հետաձգվել էր։

Oragir.News-ը զրուցել է «One and only project»-ի հիմնադիր Մալվինա Հովհաննիսյանի հետ՝ պարզելու միջոցառման հետաձգման պատճառները, տեղեկանալու կազմակերպության աշխատանքի և չեղարկված միջոցառման փոխարեն կազմակերպված երկու նոր համերգների մասին։

-Ինչո՞վ է զբաղվում «One and only project» կազմակերպությունը։

-Մեր կազմակերպությունը զբաղվում է միջոցառումների և համերգների կազմակերպմամբ։ Ինքս ամենատարբեր աշխատանքներով եմ զբաղվել, բայց ամեն տեղ եղել եմ կազմակերպիչը, նախաձեռնողը, իրագործողը։ Մի օր էլ որոշեցի, որ ցանկանում եմ լինել պրոդյուսեր ու կազմակերպել համերգներ։

-Ինչպե՞ս որոշեցիք, որ առաջինը հենց Project LA խմբի համերգն եք կազմակերպելու։

-Project LA-ը իմ ամենասիրելի խումբն է։ Ըստ իս՝ այս խումբը շատ մեծ ավանդ ունի հայկական իրականության մեջ իր գրագիտությամբ, գեղեցիկ երաժշտությամբ, բարձր մակարդակով։ Ես ապրում եմ Project LA-ի երգերով ամեն օր՝ ամենաուրախ և ամենատխուր պահերին անգամ․ երգերն ինձ ապրեցնում են, երաժշտությունը ստիպում է ինձ ստեղծագործել, աշխատել, գործել, ապրել, ապրեցնել։



Ծայրահեղ պատասխանատու էր կազմակերպել հենց այս խմբի համերգը, որովհետև ոչ միայն իմ սիրելի խումբն է, այլն նաև Հայաստանի լավագույններից է։ Լևոն Արևշատյանի՝ նախագծի հիմնադրի և երաժշտության հեղինակի հետ մշտապես հեռվից հեռու կապ կար։ Ինձ համար էլ պատասխանատվությունը ծայրահեղ մեծ էր, որ իմ աշխատանքը լինի իդեալական։ Արդյունքում՝ ես ստացա բարձր գնահատական և՛ նախագծի հիմնադիր Լևոն Արևշատյանի, և՛ նախագծի պրոդյուսեր Սուրեն Սահակյանի, և՛ ամբողջ խմբի, և՛ հանդիսատեսի կողմից։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք համերգի մեկնարկից իմ կողքին էին, ինձ հետ հաղթահարում էին իմ վախերը, անընդհատ ուժ էին տալիս, որ ամեն ինչ լավ կլինի և ամեն հարցում կողքիս էին, թեև՝ դա իրենց պարտականությունների մեջ չէր մտնում։

-Խոսենք Gyumri Big Fest-ի մասին։ Ինչպե՞ս առաջացավ այդչափ մեծամասշտաբ համերգի գաղափարը։ Ինչո՞ւ հետաձգվեց և որոշվեց առանձին համերգների տեսքով անկացնել։ Ի՞նչ էր նախատեսված։

-Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես որոշեցի փոքրիկ համերգ կազմակերպել խմբերից մեկի հետ, բայց գործընկերներիցս մեկը առաջարկեց Գյումրիում կազմակերպել ֆեսթ, որի նման մասշտաբային միջոցառում Գյումրիում չէր եղել։

Այն անցկացվելու էր մեծ դաշտի մեջ, հնչելու էր 6 ժամ non-stop երաժշտություն, ելույթ էին ունենալու Հայաստանի թոփ արտիստները և խմբերը։ Ամեն ինչ կազմակերպված էր, պայմանավորված էր․ գործըներների և արտիստների հետ պայմանագրերը կնքված էին, տարածքը վերջնականորեն պայմանավորված էր, և մեծ ոգևորություն կար բոլորի կողմից՝ համագործակցելու մեզ հետ, մասնակցելու՝ որպես գործընկեր, որպես հանդիսատես։ Տոմսերի վաճառքը ևս շատ ակտիվ էր։

Բայց ստացվեց այնպես, որ այն տարածքի տնօրենը, որի տարածքը նախապես վարձակալել էինք, ինչ-որ ուղիղ եթեր ունեցավ, որը մեծ դիտումներ հավաքեց սոցցանցերում, տարածում գտավ բացասական իմաստով։ Անկեղծ՝ չեմ էլ ուզում անդրադառնալ։ Սակայն ամբողջ hate-ը եկավ ոչ թե տվյալ անձնավորությանը, որը և պիտի պատասխանատու լիներ իր հնչեցրած մտքերի համար, այլ ինձ, որ իր տարածքում պատրաստվում եմ համերգ կազմակերպել։ Հետագայում եղան գործընթացներ, որոնք կապված էին համերգի մասշտաբայնության և այն փաստի հետ, որ երիտասարդ աղջիկը պետք է առաջին Գյումրիում նման մեծ միջոցառում կազմակերպի, դրա համար էլ շատ մարդիկ կարողացան ամեն ձևով, բայց շատ լուրջ ձևով խոչընդոտել, որ տվյալ համերգը չկայանա, կամ վատ ձևով տրվի իմ նախագծի անունը։

Hate-ում էին ինձ, իմ էջին, նամակներ գրում և՛ իրական, և՛ ֆեյք պրոֆիլներով․ դե, այս փոքրիկ քաղաքի մեջ դժվար չէ հասկանալ՝ ով ում ֆեյքն է, կամ՝ ով ինչ ձեռագրով է գրում․ կեղծ ընկերությունը, իհարկե, մատնում է, թե ֆեյքը ում է պատկանում։ Հոգեբանորեն արսափելի իրավիճակում հայտնվեցի։
Ի վերջո, մեր թիմի կողմից որոշվեց համերգի տեղը փոխել ու տանել Սև բերդ։ Այս դեպքում էլ, փաստորեն, տեղափոխությունը երկար չտևեց․ մի քանի օրվա բանակցելուց հետո հաստատեցին, որ Սև բերդը տալիս են վարձակալության, որպեսզի ես այդ մասշտաբային միջոցառումը անցկացնեմ այդտեղ, բայց այն մարդը, ում վստահել են Սև բերդի ղեկավարման աշխատանքը, ինչ-որ անձնական խնդիրների պատճառով որոշեց չեղարկել իրեն վստահված տարածքում միջոցառման անցկացումը։



Ես ուղղակի զարմացած եմ, որ տարածքի պատասխանատուն կարող է սեփական ամբիցիաների պատճառով բավական պատասխանատու քայլի գնալ՝ մինչև պայմանագրի և թղթաբանության նախապատրաստական փուլը մերժելով համերգը ընդունել, որովհետև նա այդպես է ուզում և այդպես է որոշել, չնայած՝ գավազդը միացված էր, տուրիստական կազմակերպությունների հետ էինք համագործակցում, որ նաև այդ օրը Գյումրի ժամանած հյուրերը տոնի մասնակցություն ունենային։ Ովքեր մինչև այսօր տոմսերի վերադարձ են ուզել, ոչ մի մերժում չի եղել․ առանց բացառության տոմսերը վերադարձվել են։ Կան նաև շատ մարդիկ, որոնք տոմսերը պահել են, որովհետև գիտեն իմ աշխատելաոճը։

-Ինչո՞ւ որոշվեց միջոցառումը կիսել։

-Gyurmi Big Fest-ը դարձավ պարզապես համերգ։ Որպեսզի նմանատիպ և այլ խնդիրներից խուսափենք և կարողանանք ամեն ինչի տակից ճկուն դուրս գալ, համերգը պարզապես կիսեցինք։

Խմբերի ելույթը տեղի է ունենալու հունվարի կեսերին Գյումրիում, քանի որ հովանավորներից մեկի համար ծայրաստիճան կարևոր էր, որ համերգը անցկացվի Գյումրիում։ Գործընկերները ամբողջական գումարներն են վճարել ի սկզբանե, պայմանագրերը վաղուց կնքված են բոլորի հետ։

Շնորհակալ եմ իրենց, ովքեր նաև հասկացան, թե ինչ պատճառով միջոցառումը հետաձգվեց։ Այդքան հետաձգեցինք Արցախում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Ինչքան էլ մեզ համար դժվար էր մինչ այդ, մենք կարող էինք այլ տարածք վերցնել և այդտեղ անցկացնել համերգը, սակայն երկրի իրավիճակը այլ էր։

Հույս կար անգամ այն ժամանակ, երբ կրկնակի հետաձգվեց համերգը։ Շատ մեծ բացասական բիծ եղավ նախագծիս համար, բայց ես չկարողացա այս իրավիճակների կողքին համերգ անել։ Արցախի կորուստն ինձ վրա ցավոտ հետքեր թողեց․ ծանր ապրումներ ունեցա՝ ինչպես 44-օրյայի ժամանակ։

-Ի՞նչ եք կարծում ՝ ինչով էին պայմանավորված hate-երը Ձեր անձի և Ձեր կազմակերպության հանդեպ։

-Hate-երի ալիք էր նաև Project LA-ի համերգից առաջ․ այս համերգից առաջ շատ պատահական ձևով կորավ այն մարդը, որ պատասխանատու էր լույսերի համար, իհարկե, դրա տակից էլ դուրս եկա ու սեղմ ժամկետներում սահուն դա էլ կարգավորեցի։ Համերգից մեկ շաբաթ առաջ համերգային դահլիճի տարածքի փողոցները սկսեցին քանդել, սարքվել՝ անմիջապես համերգից հետո։
Բայց քանի որ հստակ ապացույց չունեմ, ոչինչ չեմ կարող ասել։



-Ի՞նչ ունեք ասելու այդ մարդկանց։

Ամենայն բարիք։ Ես ծայրահեղ լավատես եմ։