Երևան +11°
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:00 15-12-2023

Փաշինյանը Հայաստանը լքած ադրբեջանցիների մասին ավելի շատ է մտածում, քան Արցախից բռնի տեղահանվածների. արցախցի

Կարինե Քարամյանը Արցախում 2 անգամ է տուն կորցրել. 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ Շուշիում էր ապրում, պատերազմից հետո Ստեփանակերտում էր ապրում։

«Մենք Շուշիում ամեն ինչ զրոյից ենք ստեղծել, երկու տեղ եմ աշխատել, շատ մեծ դժվարությամբ տունուտեղ ստեղծել, իսկ հիմա էս քուչից էն քուչեն ենք ու չգիտենք ինչ է լինելու մեզ հետ։ Աշխատանք չկա, մենք աշխատող մարդիկ ենք, ես չեմ կարող նստել ու սպասել օգնության։ Դիմում ենք աշխատանքի համար, իմանում են, որ Արցախից ես, վսյո, աշխատատեղ չկա, այսինքն` արցախցիներիս համար չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված 54-ամյա Կարինե Քարամյանը։

Արցախցի կնոջ խոսքով` Փաշինյանը Հայաստանը լքած ադրբեջանցիների մասին ավելի շատ է մտածում, քան Արցախից բռնի տեղահանվածների։

Ստեփանակերտից տեղահանված Մերուժան Շահրամանյանը ուսուցիչ է, ասում է`դեռ աշխատանք չի կարողանում գտնել։

«Արդեն երկրորդ ամիսն է՝ ապրում ենք տնից հեռու, հարմարվում ենք, բայց օր օրի նոր օրենքներ, որոշումներ են ընդունում, որը դժվարացնում է մեր հոգսերը, մի թղթի համար կաբինետից կաբինետ են ուղարկում։ Տպավորություն ունեմ, որ դիտմամբ են անում, որ արցախցիներս էստեղից էլ գնանք։ Միտումնավոր խնդիրներ, արհեստական դժվարություններ են ստեղծում մեզ համար»,-ասում է արցախցի տղամարդը։

Ասկերանից տեղահանված Նորայր Մարտիրոսյանը զորամասում է աշխատել, ասում է՝ չի վերադառնա զինվորական ծառայության։

«Ինչ վերադառնաս ծառայության, էդքան բան տեսնողը հազիվ էլ ուզենա․ որ գալիս էինք Գյումրի, մեզ ասացին, որ էստեղ դժվար է աշխատանք գտնելը, աշխատավարձը ցածր է։ Ամեն տեղ պիտի ծանոթ ունենաս, որ գոնե մի թեթև գործ ունենաս։ Ես երեք երեխաների հայր եմ, 70.000 դրամով կարա՞ս տուն պահես, ընտանիքի ծախս հոգաս»,-ասում է Նորայր Մարտիրոսյանը։

Արցախից մեկ այլ բռնի տեղահանված էլ ասում է, որ պետական կառույցների հետ աշխատելիս բախվում են մի շարք խնդիրների։ Տիկին Սոնյան ասում է`արցախցիների խնդիրները, նրանց ճակատագիրը չի հուզում Նիկոլ Փաշինյանին։

«Գյումրին շատ հարմար է մեզ համար, մարդիկ էլ են լավը, մեզ լավ են ընդունում, բայց մեկ է չենք կարող հարմարվել։Ամեն ինչ անում են, որ գնանք Հայաստանից։Բարեկամս մի քանի օր առաջ Վորոնեժ գնաց, ասում է` հելեք եկեք ըստեղ, ինչ կա մնացել եք էդտեղ։ Չգիտեմ՝ բարդ ա, բայց մի օր ստիպված ենք լինելու գնալ»,-ասում է Սոնյա Առուստամյանը։

Նշենք, որ Շիրակի մարզում ապաստանել է 4000-ից ավել արցախցի, նրանց գերակշռող մասը Գյումրիում է բնակություն հաստատել և գրեթե բոլորի կեցության հարցը լուծված է։ Արցախից բռնի տեղահանված անձինք հիմնականում վարձով բնակարաններում են ապրում։