Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են տարբեր երկրներից սպառազինություն գնելու պայմանավորվածությունների, կամ մտադրությունների մասին՝ պնդելով, որ այս կերպ ձգտում են բարձրացնել երկրի պաշտպանունակությունը և դիվերսիֆիկացնել սպառազինությունների ձեռքբերումը։ Երևանից նաև վստահեցնում են, որ ձեռք է բերվում բացառապես պաշտպանական բնույթի սպառազինություն, քանի որ ՀՀ-ն մտադիր չէ որևէ պետության վրա հարձակում գործել։
Միևնույն ժամանակ Հայաստանի կողմից անգամ պաշտպանական սպառազինության ձեռքբերումն Ադրբեջանում դժգոհություններ է առաջացնում։ Օրերս ադրբեջանցի քաղաքական գործիչ Թուրալ Աբասլին հայտարարել էր, որ եթե Հայաստանը շարունակի այս տեմպերով սպառազինություն ձեռք բերի, ապա ռազմական հզորության առումով կարող է 2025 թվականին հասնել Ադրբեջանի մակարդակին։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ ադրբեջանցի քաղաքական գործչի գնահատականը բացարձակապես հեռու է իրականությունից, որովհետև Հայաստանը ոչ թե սպառազինվում է, այլ սպառազինվելու իմիտացիա է անում։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն մտադրությունների հուշագրեր է ստորագրում, զրահապատ մեքենաներ է ձեռք բերում, որոնք լուրջ սպառազինության և հակառակորդի առավելությունները չեզոքացնելու հետ որևէ առնչություն չունեն։
Նահապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այս մասին շատ լավ գիտի և օգտվում է այս իրավիճակից։ Նա հիշեցրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելու մտադրությունների հուշագրի ստորագրումից հետո մեծ աղմուկ բարձրացրեց, Ալիևն օգտվեց դրանից և հայտարարեց, որ եթե Ֆրանսիան այս տեմպերով զինի Հայաստանին, ապա դա կարող է տարածաշրջանային նոր պատերազմի պատճառ դառնալ։
Ռազմական փորձագետն, անդրադառնալով Թուրալ Աբասլի հայտարարությանը, համոզմունք հայտնեց, որ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, իսկ դրանից առաջ քարոզչական դաշտում փորձում է հիմնավորել, որ Հայաստանը սպառազինվում է, ուստի կարող է տարածաշրջանում նոր պատերազմ սկսել, իսկ իրենք, ի պատասխան դրան, կարող են ՀՀ-ին ուղղված կանխարգելիչ հարված հասցնել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է լեգիտիմացնել իր առաջիկա ագրեսիան։
«Ադրբեջանում հրաշալի գիտեն, որ իրենք 30-ից ավել զորավարժություններ են անցկացրել, իսկ Հայաստանը քանի՞ զորավարժություն է անցկացրել՝ 0։ Երբ բանակը պատերազմում զենքի, զինամթերքի, կամ մասնագետների կորուստներ է ունենում, որոնք զոհվում են պատերազմի ժամանակ, կամ հաշմանդամ են դառնում, նոր զորակոչերի արդյունքում համալրված անձնակազմը պետք վերապատրաստվի, իսկ վերապատրաստվում են զորավարժարաններում և զորավարժությունների ժամանակ։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում անգամ իր սահմանները պաշտպանել, ուր մնաց 2025 թվականին Ադրբեջանի չափ սպառազինություն ունենա»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը նաև հարց ուղղեց, թե հիշյալ անձը երկու երկրների ռազմական բյուջեների մասին չի՞ խոսում։ Նա այս հայտարարությունն ակնհայտ կեղծիք ու սուտ որակեց՝ նշելով, որ դա հնչեցվում է նրա համար, որ եթե ինչ-որ պահի Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, այդ ժամանակ հայտարարի, որ Հայաստանը զինվում է, ռազմականացվում է՝ հետագայում նոր պատերազմ սկսելու և տարածքներ օկուպացնելու համար, ուստի իրենք կանխարգելիչ հարված են հասցնում, կամ հակաահաբեկչական գործողություններ են նախաձեռնում։
Նահապետյանը նաև պատահական չհամարեց, որ վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարաններում քաղաքական գործիչներն ու փորձագետները պնդում են, թե իբր Հայաստանում ԱՍԱԼԱ-ն վերակենդանացել է, որոշ քայլեր է ձեռնարկում, նաև ՈՄԱ-ի անունն են հիշատակում և նկարներ հրապարակում, թե իբր քրդերի հետ միասին ճամբարներ են պատրաստում և այլն։ «Այս ամենի իմաստն այն է, որ իրենք գործողություններ սկսեն և հիմնավորեն, թե իբր զուտ հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացնում»,- նկատեց նա։
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հրապարակային հայտարարությունները, թե, իբր Հայաստան պետությունը Կովկասի տարածաշրջանում օտար մարմին է, այդ մարմինը պետք է ժամ առաջ հեռացնել, հայերը եկվոր են և այլն։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններով ձգտում է մոտիվացնել իր բանակին, որպեսզի Թուրքիայից և Մեծ Բրիտանիայից հրահանգի դեպքում ռազմական գործողություններ նախաձեռնեն, Նիկոլ Փաշինյանն էլ եվրոպական բարձր ամբիոններից ողբալից ձայնով օգնություն աղերսի։
«Իսկ Եվրոպան խուլ է և կույր է, այնպես, ինչպես հիմա Ուկրաինայում է անում։ Ուկրաինայի նախագահը տարբեր երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգներ է այցելում՝ կրկին օգնություն, գումար և սպառազինություն խնդրելու համար, սակայն, կարծում եմ, որ Ուկրաինայի թեման փակված է։
Նույնը Փաշինյանն է պատրաստում Հայաստանի համար՝ կանխամտածվա՞ծ, թե՞ չմիացությամբ, դա այլ հարց է, որը դատարանը կորոշի. կա՛մ հոգեբուժարան կուղարկի, կա՛մ կնստեցնի մեղադրյալի աթոռին, բայց դրանից հետո մենք կարող ենք հայրենիք կորցնել։ Այդ մեծ վտանգն է, որի համար Ադրբեջանը քարոզչական դաշտում հող է նախապատրաստում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան