Մշակույթ 2 տարի առաջ - 21:44 13-12-2023

Հայ ժողովրդի մեծ բարեկամը. այսօր Վալերի Բրյուսովի 150-ամյակն է

Երբ Մոսկվայի հայկական կոմիտեի ներկայացուցիչները Վալերի Բրյուսովին խնդրել են խմբագրել հայկական պոեզիայի ռուսերեն թարգմանությունը, սկզբում նա կտրականապես մերժել է, քանի որ դա իր համար բոլորովին անծանոթ մի ոլորտ է եղել, և բացի այդ՝ դրանում նա իր համար մի կարևոր, արժեքավոր զբաղմունք չի տեսել։ Սակայն շուտով ամեն ինչ փոխվեց։

Այսօր հայ ժողովրդի մեծ բարեկամ Վալերի Բրյուսովի 150-ամյակն է։

Հայկական մամուլում Վ․ Բրյուսովի մասին առաջին անգամ հանդես է եկել Վահան Տերյանը, երբ 1913 թ․ գրել է․ «Անշուշտ բոլորովին անհայտ ու անծանոթ մի անուն չէ հայ գրասեր ընթերցողի համար Վալերի Բրյուսովի անունը։ Սակայն ռուս գրականության մեջ այս հեղինակը, ըստ իս, դեռևս գնահատված չէ ըստ արժանվույն, թեև նրա անունը արդեն պատվավոր տեղ է գրավում լավագույն ռուս գրողների շարքում»։



Բրյուսովին հայ պոեզիայի հետ ծանոթացնելու, նրան այդ պոեզիայով հետաքրքրվել և սիրել տալու գործում շատ մեծ դեր է խաղացել Վահան Տերյանը։

1918 թվականին Մոսկվայի հայկական կոմիտեն հրապարակեց Վալերի Բրյուսովի «Հայ ժողովրդի պատմական ճակատագրերի տարեգրություն» ուսումնասիրությունը։ Բրյուսովն այս աշխատությունը գրել է 1916 թվականի նոյեմբերին, բայց, ինչպես գրում է հեղինակը 1918 թվականի փետրվարին, «մեր ժամանակի հանգամանքները դանդաղեցրել են այս գրքի հրատարակումը ավելի քան մեկ տարով...»: «Խրոնիկա...» գրելու պատմությունը սերտորեն միահյուսված է «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (1916) ժողովածուի ստեղծման հետ։

1915 թվականի ձմռանը Վալերի Բրյուսովը, աշխատելով «Հայաստանի պոեզիան» ժողովածուի կազմման և խմբագրման վրա, մեկնեց Կովկաս, որտեղ դեկտեմբերին և հունվարին հինգ դասախոսություն կարդաց Հայաստանի պատմության և հայ պոեզիայի մասին։ Հենց այդ ժամանակ, ինչպես ասում է Բրյուսովը, նա «անձնապես կարող էր հանդիպել ժամանակակից հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչների, նշանավոր բանաստեղծների, գիտնականների, լրագրողների և հասարակական գործիչների հետ»։ Սա «այդ փոքրիկ ճանապարհորդությունն» էր, որն ավարտեց Բրյուսովի Հայաստանի վերաբերյալ աշխատանքի առաջին շրջանը:



Հերթական դասախոսություններից մեկի ժամանակ Վահան Տերյանը դիմել է Բրյուսովին՝ ասելով․ «Ընդհանրապես իմ հայրենիքը լի է գեղեցկություններով։ Դուք իմ հայրենիքը սիրեցիք դեռ հեռվից, ինչպե՞ս կուզեի, որ այն Ձեզ չհիասթափեցնի»։

Եվ Բրյուսովը ոչ միայն չհիասթափվեց, այլ ավելի ու ավելի խորապես սիրեց Հայաստանը ու հայ մշակույթը՝ դառնալով մեր ժողովրդի մեծ բարեկամը և արժանանալով Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։

Մոսկվայի հայկական կոմիտեի նախաձեռնությամբ և Վալերի Բրյուսովի ջանքերով իրականացված այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց հայ մշակույթը հասանելի դարձնել ռուսական հասարակությանը, և թեև զարմանալի է, սակայն հայ ժողովուրդը ևս հենց այս ճանապարհով ծանոթացավ մեր միջնադարյան չքնաղ պոեզիային։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»