Երևան +15°
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 21:00 13-12-2023

Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ում տեղյակ չեն, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ» 

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները և վերջիններիս կից քաղաքական ու փորձագիտական շրջանակները մեծ խանդավառությամբ են խոսում պաշտոնական Երևանի, իսկ ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի կողմից կողմից վարվող հմուտ արտաքին քաղաքականության մասին։ Վերջիններս փորձում են հասարակությանն ամեն գնով համոզել, որ ներկայումս Փաշինյանն ու Միրզոյանը գործադրում են բոլոր ջանքերը՝ արտաքին քաղաքականությունը բալանսավորելու, երկիր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար։

Այսօր Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահականի միջև 5 օր առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիներին, որոնց մեծ մասը գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերի 13-14-ին Խծաբերդի օկուպացիայի, ինչպես նաև 2021-2022 թվականներին ՀՀ տարած ադրբեջանական ուժերի ներխուժման ժամանակ։ Այս փոխանակումը, որի շուրջ պայմանավորվածությունը թեև հայտարարվում է, որ ձեռք է բերվել երկկողմ բանակցությունների արդյունքում, սակայն ակնհայտ է Ալիևի նկատմամբ Արևմուտքից հստակ ճնշումներ են գործադրվել, և այս մասին օրուգիշեր հայտնում են իշխանամետ փորձագետները և քաղաքական գործիչները, այնուամենայնիվ իշխանական որոշ քարոզիչներ էլ փորձում են իրենք իրենց և հանրությանը համոզել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը աննախադեպ հաջողություններ է արձանագրում, իսկ գերիների փոխանակումը դրա դրսևորումներից մեկն է։

Գաղտնիք չէ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՀՀ իշխանությունները հրաժարվել էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու առաքելությունից, իսկ հանրությանը ցանկանում էին համոզել, որ Արցախը տարբեր թվականներից սկսած կորցրել էր Ադրբեջանի կազմում չլնելու անգամ տեսական հնարավորությունը։

Հատկանշական է, որ իշխանության ներկայացուցիչների և վերջիններիս կից շրջանակների մոտ այս տարեթվերը շատ հաճախ փոփոխվում էին՝ տվյալ պահի անհրաժեշտությունից ելնելով. օրինակ, երբ կարիք է լինում Արցախը հանձնելու պատասխանատու կարգել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այդ տարեթիվը լինում է 1999-ը, կամ 2007-ը, իսկ, երբ մեղավորը Սերժ Սարգսյանն է՝ 2011-ը, կամ 2016-ը։ ՔՊ-ականները սիրում են հիշեցնել նաև 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ-ից Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը, ով նշել էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, քանի որ Ադրբեջանի պահանջներն անիրատեսական են։

Ավելի ուշ՝ 2022 թվականի ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանն ազդարարեց Արցախի հարցում նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այժմ անհրաժեշտ է միջազգային այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնցով կապահովվեն Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։

Սակայն, չնայած այս ամենին, Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ում կարծես թե տեղյակ չեն, որ այլևս «Արցախն Ադրբեջան է և վերջ», քանի որ ԱԳՆ-ի կայքում Արցախին վերաբերվող մասում ներառված տեղեկությունը չի համապատասխանում պաշտոնական Երևանի քաղաքականությանը։ Եթե որևէ օտարերկրացի ծանոթ չլինի ՀՀ իշխանությունների գործողություններին և առաջնորդվի բացառապես ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվությամբ, ապա համոզմունք կունենա, որ ՀՀ-ն շարունակում է առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անգամ ադրբեջանական ագրեսիաներից հետո որևէ հետքայլ չի կատարել այս հարցում։

Մասնավորապես ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը: Նշվում է նաև հիմնախնդրի կարգավորումը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտնվող անխափան ցամաքային կապ,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:



Այպիսով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղյակ չեն, թե ՀՀ կառավարությունն Արցախի հարցով ինչ քաղաքականություն է վարում, որն իրատեսական չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից է, կա՛մ էլ հանրությանը դեռևս չեն ցանկանում տեղեկացնել, որ ԱԳՆ-ում նույնպես Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։

Գուցե այս իրողությունը պայմանավորված է հաջորդ տարի սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքով, որից առաջ Փաշինյանի քաղաքական թիմը և վերջինիս ԱԳՆ-ն չեն ցանկանում էլ ավելի գրգռել բնակչության տրամադրությունները և միայն ընտրություններում հաջողություն արձանագրելուց հետո են պատրաստվում փոփոխել ԱԳՆ կայքում զետեղված տեղեկությունը։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանի կառավարությունը նման փորձ ունի. 2021 թվականի արտահերթ խորհդրանական ընտրությունների ժամանակ ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված էր, որ ՀՀ-ն շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի Արցախն ինքնորոշվի՝ անջատում հանուն փրկության սկզբունքով, իսկ նախկին ԼՂԻՄ-ի տարածքից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածը՝ այդ պահի դրությամբ Շուշին և Հադրութը պետք է դեօկուպացվի և տեղի բնակչությունը վերադառնալու հնարավորություն ստանա, սակայն ընտրություններից մեկ տարի չանցած Փաշինյանը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, իսկ ավելի ուշ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի