Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:44 12-12-2023

Մեր խաղաղ առավոտների համար թանկ գին էինք վճարում․ ուղիղ 1 տարի առաջ թշնամին շրջափակեց Արցախը

Ուղիղ 1 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 12-ին, թշնամի Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախն ամբողջությամբ հայտնվեց շրջափակման մեջ՝ այդկերպ սկիզբը դնելով արցախցիների հայրենազրկմանը։

Ավելի քան 9 ամիս մի ողջ տառապյալ ժողովուրդ դիմացավ սովին, ցրտին, դավին անտեղյակ՝ որդիներ ծնեց՝ իր հայրենիքը շենացնելու հույսով ու հավատով․․․ Ինչ իմանար մի միամիտ ժողովուրդ, որ իր հետ ամիսներ հետո պիտի վերցնի միայն հոգում ամբարած հիշողություններ։

«Արցախի շրջափակման 1 տարվա հեռավորությունից ես միայն երանի եմ տալիս 2022 թվականի դեկտեմբերի 12-ի մեր միամիտ հավատին, չիրականացված սպասումներին ու երազանքներին։ Այնքան ուրախ եմ, որ այդ օրերին ես Արցախում էի, որ եղա այնտեղ, որտեղ իրականում մենք պիտի լինեինք․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Արմինե Պետրոսյանը։



Արմինեն այսօրվա պես հիշում է։

«Երկուշաբթի օր էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ը։ Հեռուստատեսությունում էինք, երբ տելեգրամյան ալիքներից տեղեկացանք, որ այսպես կոչված էկոլոգները նորից փակել են Շուշի-Քարին տակ խաչմերուկը։ Մենք, որ ընդամենը օրեր առաջ էինք մի քանի ժամով հայտնվել նույն իրավիճակում, այդ պահին շատ չանհանգստացանք։ Սկզբում մտածեցինք, որ ճանապարհը կբացվի երեկոյան, հետո՝ 24 ժամ անց։ Ու սկսեցինք հաշվել շրջափակման ժամերը, օրերը, ամիսները… Մենք աշխարհին շրջափակման հետևանքով արցախյան կիսված ընտանիքների մասին պատմեցինք, հիվանդանոցներում ստեղծված իրավիճակի, օրեցօր դատարկվող խանութների։ Մենք առկա խնդիրներին զուգահեռ փորձեցինք ցույց տալ, որ Արցախում ապրող մարդիկ գիտակցված են կատարել այդ որոշումը, որ պայքարը հայրենիք գաղափարի համար է։ Ու ստացվում էր, որովհետև մարդիկ ավելի քիչ ստեղծված իրավիճակից էին խոսում և ավելի շատ Արցախում ցանկացած գնով մնալու իրենց որոշման»,- դառնությամբ է հիշում Արմինեն,մարդ, ով ընդամենը երեք տարի առաջ էր լքել հայրենի Քարին տակը, գյուղ, որտեղ իր մանկության վառ գույներն էին, որտեղ իր հերոս պապիկի, քեռու, մյուս հարազատների թանկ շիրիմներն են, որի ազատագրման համար իր հերոս հայրը արյունն է թափել ու հրաշքով կենդանի մնացել․․․ Արմինեն ցավով ու երանությամբ է հիշում, թե ինչպես 2020-ի պատերազմից հետո Ստեփանակերտում գլխավոր տոնածառն այդպես էլ չտեղադրվեց, ընդամենը Պյատաչոկում փոքրիկ միջոցառում կազմակերպվեց, մեկնարկն էլ տրվեց «Պիտի ապրենք» երգով․․․

«Այնքան հույս կար այդ օրը, այնքան ջերմություն։ Դեկտեմբերի 25-ին առաջին հավաքը տեղի ունեցավ։ Ամբողջ Արցախը Վերածննդի հրապարակում էր և բռունցքվել էր բոլորիս հույսն ու հավատը։ Հետո էլի հավաքներ տեղի ունեցան: Արդեն չեմ հիշում քանի անգամ նույն պահանջով նույն հրապարակում էինք, նույն՝ անփոփոխ հավատով։ Ամանորին բոլորս մեր տանն էինք։ Պարզվեց երջանիկ Ամանոր էր շրջափակված Արցախի Ամանորը։ Որքան հումորներ կյանք առան այդ օրերին։ Մեզ դա էր ապրեցնում։

Տիգրանը վառարանի կողքին տաքացող, տանջված, այդ իրականությունից հոգնած մարդկանց կադր էր ուզում ստանալ։ Վառելիք չկար, նկարահանման չէր կարողանում գնալ, մենք էլ, որ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկի օբյեկտիվում լինելուց երբեք չէինք հրաժարվում, կատակով ասեցինք՝ ինչ վատ տանջված ենք, կարող ես մեզ նկարել։ Եվ իրոք, մենք էլ 120 հազարից մեկն էինք՝ տանջված ու հոգնած։

Սկսվեցին հովհարային անջատումները, շարունակ խափանվում էր գազամատակարարումը։ Դպրոցներն ու մանկապարտեզները մեկ փակվում, մեկ բացվում էին։ Մենք փորձում էինք լինել ամեն տեղ, որ կարողանայինք շատ պատմել Արցախի ու տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Չգիտեմ որքանով էր հաջողվում։ Հետո շրջափակման մասին ավելի քիչ սկսեցինք խոսել, որովհետև դժվար էր մնալ լրագրող մի երկրում, որտեղ տեղի ունեցող իրադարձությունների անմիջական կրողը նաև դու ես։ Հիասթափված էինք միջազգային բոլոր գնահատականներից, հնչող կարծիքներից, վիրավորված՝ Մայր Հայաստանից։ Մենք այնքան երջանիկ էինք, երբ փակ ճանապարհը բացվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաների համար, որով պիտի հիվանդներին Հայաստան տեղափոխեին։ Եվ այնքան դավաճանված էինք զգում մեզ, երբ հետո այդ ճանապարհով սկսեցին գնալ նաև իրենց կյանքն Արցախից դուրս պատկերացնողները, լավ կյանքով ապրել ցանկացողներն ու բոլոր նրանք, որոնց Արցախում ապրելու համար զոհվել էին տղաները։ Ես երևի երբեք չմոռանամ մեր հարևան 8 տարեկան Մարիային, որ մի քանի օր բակ չէր իջել և երբ հարցրել էի թե ինչու, պատասխանել էր՝ ես այլևս բակ չեմ իջնելու, իմ ընկերը գնացել է Երևան։ 8 տարեկան այդ փոքրիկն այնքան վիրավորված էր այդ օրը․․․ Մարտի 5-ի առավոտը Արցախում բացվեց տագնապով․ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով այդ օրը 3 ոստիկան էին զոհվել։ Զոհեր ունեցանք նաև ամռանը՝ Մարտունիի ու Մարտակերտի ուղղությամբ։ Մեր ապրած յուրաքանչյուր օրը տագնապ էր։ Համեմատական խաղաղության պայմաններում, պատերազմից գրեթե 2․5 տարի անց, մենք մեր խաղաղ առավոտների համար դեռ շարունակում էինք թանկ գին վճարել․․․ Այդ անգույն ամիսներին միակ գունավորը սննդի տրամադրման կտրոններն էին, որ շատ-շատերն այդպես էլ չօգտագործեցին։ Մերը մնաց պահարանում։ Ինձ հետ վերցնել չուզեցի։ Շատ հաճախ առավոտներն արթնանում էինք հացի փռի մոտ հավաքված մարդկանց ձայներից։ Հերթերն ամենուր էին։ Կաթնամթերքի, հացի, մրգի, բանջարեղենի, մանկական կերի ու տակդիրի համար ամբողջ Արցախը հերթ էր կանգնում։ 9 ամսվա ընթացքում 2-3 անգամ էլ քաղցրավենիքի համար էր հերթ գոյացել։ Քաղաքը մեռել էր։ Տրանսպորտ, ավելի ճիշտ վառելիք չկար։ Շրջափակման դժվարությունները սկսեցինք օգտագործել հօգուտ մեզ, որ մի քիչ հեշտ ապրեինք։ Ոտքով քայլելն առողջ ապրելակերպ էր, ցամաք հացը՝ վնասակար, քաղցրավենիք չկա, ոչինչ վնաս է, մեղր ու դոշաբ կուտենք, եթե իհարկե գտնեինք։ Մենք, որ ընկերներով քաղաքից դուրս շատ էինք սիրում գնալ, ամառն ավելի շատ հավաքվեցինք մեր ընկերներ Կարենի ու Մարգարիտայի տան բակի բանջարանոցում։ Այնտեղ հիմնականում մեր մտահոգություններից էինք խոսում, մեր երազանքներից։ Շատ էինք կատակում։ Անկախ բոլոր խնդիրներից մենք երջանիկ էինք։ Դե միասին էինք որովհետև, Արցախում էինք։ Երջանիկ լինելու ինչքա՜ն առիթներ։ Շրջափակման մասին այլ՝ մեզ համար լրիվ նոր ձևաչափով, սկսեցինք ես ու Նինան պատմել՝ «Պաշարված Արցախ» ծրագրի շրջանակում։ Ամեն օր եթերում էինք ու ներկայացնում էինք առկա խնդիրները, մարտահրավերները, արցախցիների մտահոգությունները։ Հետո նորից խոսեցինք միայն լուրերով։ Կարճ ռեպորտաժներով փորձում էինք մեր այդքան մեծ խնդիրները ներկայացնել․ առևանգված քաղաքացիներ Հակարիի անցակետում, թելադրված ասելիքով հարցազրույցներ նույն անցակետում, Ակնայով ճանապարհի բացում, սովամահության արձանագրված դեպք և 120 հազար մարդ, որոնց վերջին հույսը սպանում էր ամեն մի բացվող նոր օրը։ Սեպտեմբերի 19-ի առավոտը մեզ համար Արցախի շրջափակման հերթական առավոտներից մեկն էր։ Համենայն դեպս այդպես էր թվում։ Նախորդող օրերի պես այդ օրն էլ իրավիճակը լարված էր, բայց վտանգը որքան մոտենում, այնքան մերժում էինք ցավոտ զարգացումներն ու ասում՝ լոխ լյավ պիտի ինի։ Լավ այդպես էլ չեղավ․․․ Արցախի շրջափակման մեկ տարվա հեռավորությունից ես միայն երանի եմ տալիս 2022 թվականի դեկտեմբերի 12-ի մեր միամիտ հավատին, չիրականացված սպասումներին ու երազանքերին։ Այնքան ուրախ եմ, որ այդ օրերին ես Արցախում էի, որ եղա այնտեղ, որտեղ իրականում մենք պիտի լինեինք․․․»,- ասում է Արմինե Պետրոսյանը։