Ուղիղ եթեր
«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց շրջափակման մեջ ենք»․ պատերազմում իրար կորցրած զույգը Երևանում ամուսնացավ
copy image url

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց շրջափակման մեջ ենք»․ պատերազմում իրար կորցրած զույգը Երևանում ամուսնացավ

Ներքին 1 տարի առաջ - 15:30 11-12-2023
​​​​​​Արցախյան բոլոր պատերազմներն էլ դաժան են եղել, սակայն՝ եթե մինչև վերջին պատերազմը մարդկանց մեջ հույսի մի փոքր շող էր մնացել՝ գալիք օրերի հանդեպ, ապա այս պատերազմը «սրբագրեց» բոլոր հույսերը։

Սա պատերազմ էր, որը տևեց ընդամենը 24 ժամ, բայց կորցրեցին մարդիկ ամեն- ամեն ինչ՝ հույս, հավատ, հարազատներ, հայրենիք․․․ Չեղարկվեցին պսակադրություններ, դեռևս չմիավորված զուգերը կորցրեցին իրար, բարեբախտաբար, եղան եզակի երջանիկներ, ովքեր կրկին իրար գտան այն ժամանակ, երբ մարել էին իրար կրկին տեսնելու բոլոր հույսերը։

Էմմա և Վովա արցախցի զույգն այդ երջանիկներից էին, որոնց հարսանիքի օրը դեռևս ամիսներ առաջ էր որոշված՝ սեպտեմբերի 23-ին, որը չկայացավ, փոխարենը, Աստծո խնամությամբ, դարձան Արցախի ՔԿԱԳ-ում գրանցված վերջին զույգը։

Oragir.News-ը զրուցել է Վլադիմիրի մայրիկի՝ տիկին Զարայի հետ, ով այսօր փառք է տալիս Աստծուն՝ իր երեխաների երջանկությունը տեսնելու համար։

«Ինչպես ցանկացած մայր, ես ևս շատ երկար եմ նախապատրաստվել որդուս հարսանիքին, մտքով պլաններ գծել, բայց ինչպես ասում են՝ «Մենք ենթադրում ենք, Աստված տնօրինում է»։ Ուրեմն այսպես պիտի լիներ, Աստծո կամքն էր։ Քանի որ շրջափակման օրերին Արցախում նույնիսկ ցամաք հացի խնդիր կար, որոշեցինք, որ կլինի եկեղեցական պսակադրություն, այնուհետև նեղ ընտանեկան միջավայրում կնշենք իրենց միությունը։ Հարսնացուս Կարմիր շուկայից է, ով մինչ պատերազմը սկսելը, մեր տանն էր՝ Ստեփանակերտում։ Հազիվ էինք գյուղ գնացող ավտոմեքենա ճարել․ պատերազմից մի քանի օր առաջ նա գնաց իրենց տուն։ Բայց մինչև ճանապարհվելն ասաց, որ վատ երազ է տեսել, իբր պատերազմ է սկսել, թուրքերը ուզում են մտնել իրենց տուն, բայց ինքը դուռը փակում է ու չի թողնում ներս մտնել։ Ասացի, որ վախենալու կարիք չկա, դա ընդամենը երազ է, ու այսպես ճանապարհեցինք նրան»,- ասում է մեր զրուցակիցը։



«Երբ պատերազմը սկսվեց, որդիս անհանգստությունից տեղը չէր գտնում, քանի որ Կարմիր շուկան գտնվում էր ադրբեջանցիների թիրախում՝ նույնիսկ պատերազմական գործողություններից առաջ։ Ու քանի որ այդ օրերին ունեինք նաև կապի խնդիր, ուստի միայն առաջին օրը որդուս հաջողվեց մի քանի րոպեով կապվել Էմմայի հետ, որից հետո՝ շուրջ 5 օր հնարավոր չէր որևէ լուր իմանալ հարսիկիս ու իր ընտանիքի մասին։ Իսկ այդ օրերին սահմանից եկող լուրերը, որ ադրբեջանցիները մտել են Կարմիր շուկա, գերեվարել, սպանել կանանց, ծերերին ու մանուկներին, պարզապես մեզ սպանում էր»,- ասում է տիկին Զարան՝ կրկին վերհիշելով որդու ծանր ապրումները։


«Սեպտեմբերի 23-ին, երբ կորցրել էինք բոլոր հույսերը, Վովաս Էմմայից ստացավ այդքան սպասված զանգը՝ «Ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց դեռ շրջափակման մեջ ենք․․․»։

Պայմանավորվեցինք, որ միասին պիտի դուրս գանք Ստեփանակերտից, բայց այդ քաոսի մեջ նույնիսկ երեխաներիս դա չհաջողվեց՝ գոնե ճանապարհին իրար տեսնել»,- ասում է Զարան։

Արցախցի զույգն իրար հանդիպել են սեպտեմբերի 26-ին՝ Աբովյան 9 հասցեում տեղակայված Արցախի գրասենյակում, որտեղ էլ, ՔԿԱԳ աշխատակիցների առաջարկով ստացել են ամուսնության վկայականը։ Իդեպ, դա վերջին օրն էր, երբ դեռևս ուժի մեջ էր Արցախի ընտանեկան օրենսգրքի կնիքը։ Այդպես, զույգը չհասցրեց ամուսնանալ Ստեփանակերտում, բայց դարձավ Արցախի ՔԿԱԳ-ում գրանցված վերջին զույգը։ Տիկին Զարան ասում է, որ ինքը երջանիկ է, որ իր երեխաների սիրո պատմությունն այսպիսի երջանիկ ավարտ է ունեցել՝ չնայած այն դժվարություններին, որոնցով ստիպված եղան անցնել, երբ կորցրել էին վերջին հույսը։ Ասում է, որ իր Վլադիմիրն ու Էմման ամուսնացել են հոկտեմբերի 3-ին ու խոստացել իրար՝ այլև չկորցնել։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ