Ուղիղ եթեր
Արցախից ինձ հետ բերել եմ 2 որդիներիս մարմիններն ու հագուստները
copy image url

Արցախից ինձ հետ բերել եմ 2 որդիներիս մարմիններն ու հագուստները

Ներքին 1 տարի առաջ - 17:00 07-12-2023
Մարտակերտից բռնի տեղահանված Ալլա Ստեփանայանի համար Մարտակերտից դուրս գալուց հետո, միակ հարազատ վայրը, որտեղ իրեն տանն է զգում՝ իր 2 որդիների կողքին է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ասում է՝ ամեն օր, եթե ոչ մի քանի անգամ, գոնե 1 անգամ որդիների նոր տանն է, որը «նվեր» է ստացել որդիների հրամկազմից, ովքեր մինչև այսօր գոնե մեկ անգամ չեն եկել իրեն տեսնելու։

«Օրը մի քանի անգամ Եռաբլուր եմ գնում, այսքան ժամանակ գոնե մեկ անգամ որևէ հրամանատարի չեմ տեսել այնտեղ։ Հասկանում եմ, որ երես չունեն ինձ մոտ գալու, բայց գոնե կարող են չէ՞ գնալ Եռաբլուր, ծնկել ու ներողություն խնդրել՝ տղաներին մենակ ու անտեր թողնելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է որդեկորույս մայրը։

39-ամյա Ալլա Ստեփանյանը զինվորական էր, ով իր 2 տղաներին պահել ու մեծացրել էր մեն մենակ։ Երկու եղբայրները՝ 19-ամյա Արսենն ու 21-ամյա Սամվել Ստեփանյանները սեպտեմբերի 19-ին են զոհվել՝ ժամերի տարբերությամբ։ Երբ պատերազմը սկսվել է, արցախցի կինն անմիջապես վազել է զորամաս։ Որդիներից Սամվելը «Եղնիկներ»-ում էր ծառայում, իսկ կրտսեր որդին՝ Արսենը՝ Դրմբոնի զորամասում, ով չնայած մի քանի ամսվա ծառայող էր, բայց հրամանատարությանը չի «խանգարել» նրան տեղափոխել Ճանկաթաղ, որտեղ ամենաթեժ մարտերն էին ընթանում։ Քանի որ Սամվելի հետ միայն ներքին կապով էր հնարավոր խոսել, մինչև զորամաս հասնելն Ալլան անընդհատ փորձել է կապվել Արսենի հետ, բայց չի կարողացել։ Այնուհետև զորամասից կապ է հաստատել Սամվելի հետ, ով մորը հանգստացրել է՝ ասելով, որ նոր է եղբոր հետ խոսել։

«Ժամեր շարունակ փորձում էի կապվել Արսենի կամ հրամկազմից որևէ մեկի հետ, բայց չէր հաջողվում։ Երեկոյան՝ ժամը 20։10-ի սահմաններում, Սամվելս արդեն գիտեր եղբոր զոհվելու մասին․․․ խոսեց ինձ հետ․․․ խոսեց վերջին անգամ, իսկ րոպեներ անց՝ ինքն էլ միացավ եղբորը։ Բայրաքթարը ուղիղ խփել էր որդուս գումարտակին»,- ասում է Ալլան և անիծում բոլորին անխտիր,այդ թվում՝ տղաների հրամանատարներին, ովքեր իր խոսքով՝ եղել են ապահով վայրում՝ անփորձ երեխեքին թողնելով աշխարհազորի հույսին, ովքեր թողել ու փախել էին, իսկ թուրքերը մտել են խրամատ, որտեղ երեխեքն էին։

«Սկզբից ինձ հանգստացրեցին, որ որդիս՝ Սամվելը, վիրավոր է, հետո՝ գտա զոհվածների ցուցակում։ Իսկ Արսենիս մարմինը գտնելու համար Պաշտպանության նախարարությունից մինչև Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եմ հասել»,- ասում է Ալլան՝ մեզ ներկայացնելով սահմռկեցուցիչ պատմություններ, որոնք անգամ գլխում տեղավորելն է անհնարին։

«Մարտակերտի դիահերձարանում նույնիսկ դագաղ չկար։ Որոշել էին, որ զոհվածների մարմինները հողին հանձն առանց դագաղ․․․ հանդիպել եմ հրամանատարին, ով ինձ հայտնել է որդուս՝ Արսենի զոհվելու մասին՝ նշելով, որ կռիվ է, ինչ արած։ Ես էլ ասացի՝ բա որ կռիվ էր, ինչու դու էլ չես զոհվել, ինչու՞ հրամկազմիցդ ոչ ոք չի զոհվել»,- ասում է Ալլան, ում միակ մխիթարանքն այսօր այն է, որ մեծ դժվարությամբ, բայց իր տղաներին բերել է իր հետ։




«Ինձ հետ բերել եմ միայն որդիներիս մարմիններն ու հագուստները։ Ցավոք, ինձ չեն կարող համոզել, ինչպես ուրիշ մայրերի, որովհետև լինելով զինվորական, շատ լավ գիտեմ, թե ինչ էր կատարվում։ Ցավոք, լռել եմ, լռել եմ, որովհետև, մտածել եմ՝ 2 տղա ունեմ, հանկարծ չվնասեն, իսկ այսօր այլևս վախենալու ոչինչ չունեմ։ Ուզում եմ բոլորն իմանան՝ ինչպես 44-օրյա, այնպես էլ սեպտեմբերյան պատերազմում, Արցախը պարտվել է հրամանատարական սխալների և դասալքության պատճառով։ Անելու եմ ամեն բան, որպեսզի մեղավորները պատժվեն»,- ասում է որդեկորույս մայրը։

Ամենից շատ դիտված

16:20 Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել
22:11 Ալեն Սիմոնյանը հաստատում է, որ այսօրվա պայթյունի վայրում կառուցվող շենքում իր անունն են տվել
22:47 Ադրբեջանցի լրագրողին Բաքվի բանտում ոստիկանները սպառնացել են, եթե չտրամադրի հեռախոսի գաղտնաբառերը
14:38 Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
12:35 Հայ ժողովուրդը ձեզ չի ներելու, մարդասպաններ․ Արման Բաբաջանյանի ակցիան
14:20 Ջրից ինչ ասես չեն հանել, երեխայից հետք չկա․ հատուկ վարժեցրած շներն ու կինոլոգները երեխային որոնում են անտառում
13:30 Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են
23:52 Սահմանազատումը մեր մարզով էլ կանցնի, և ադրբեջանական զորքերը հետ կգնան. Գեղարքունիքի մարզպետ
23:46 Երկրի հեծանվորդուհին լավ գիտի՝ երբ, ինչ, ում և ինչու է ասում. Տիգրան Քոչարյան
08:10 ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել․ ում է հրավիրել․ Հրապարակ