Մակոնդոյի էֆեկտը. ի՞նչ ռիսկ է ստեղծվում Երևանի կենտրոնում  
copy image url

Մակոնդոյի էֆեկտը. ի՞նչ ռիսկ է ստեղծվում Երևանի կենտրոնում  

Ներքին 1 տարի առաջ - 09:00 01-12-2023
Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանում ինտեգրելու համար ոչ միայն փորձում են բավարարել նրանց սոցիալական կարիքներն, այլև ներգրավել տոնական միջոցառումներին։ Մասնավորապես՝ արցախցի երիտասարդների մասնակցությամբ՝ Երևանի կենտրոնում դեկտեմբերի 1-ի երեկոյան վառվելու են տոնածառի լույսերը։ Ի՞նչ են ուզում ասել ժամանակավրեպ ներկայացման կազմակերպիչները, որոնք այս մասին գովազդային տեսանյութ են տարածել Ֆեյսբուքում։

Ենթադրելի է, որ արցախցիների մի մասն ուրախանալու տրամադրություն չունի։ Գուցե՝ հունվարի 1-ին չնշեն Ամանորը, քանի որ այդ օրը, ըստ Սամվել Շահրամանյանի հրամանագրի, իրենց սիրելի Արցախի Հանրապետությունը «դե յուրե» լուծարվելու է, դադարելու է գոյություն ունենալուց։ Կարծիք կա, թե սա հաշվի առնելով են ՀՀ իշխանությունները փորձում արցախցիների մի մասին ներգրավել տոնական միջոցառումներին դեկտեմբերի 1-ին, Ամանորից մեկ ամիս առաջ։

Մեկ ամիս առաջ տոնական միջոցառումները մեկնարկելն ունի նաև բիզնես հիմնավորում։ Այգում գործող սրճարաններն այս եղանակին դատարկ են։ Իսկ լուսավորված տոնածառի առկայությունն ու տոնական տաղավարները կարող են գրավել երևանցիների և հյուրերի ուշադրությունը, որոնց մի մասը կարող է օգտվել նաև այգու սրճարաններից և խանութներից։ Այսպես Ամանորին նախորդող ամիսը կարող է եկամուտներ բերել այգու, գործող օբյեկտների և տոնական տաղավարների տերերին։ Նկատենք, որ նախորդ տարիներին այս այգում տոնածառ է տեղադրվել և ամանորյա տաղավարներ են բացվել դեկտեմբերի վերջին տասնօրյակում։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս տարի կա՛մ այգու օբյեկտների տերերի ախորժակն է բացվել, կա՛մ իշխանություններից հրահանգ են ստացել։ Իսկ իշխանություններն ինչո՞ւ պիտի այդպիսի հրահանգ իջեցնեին։

ՔՊ-ի վարկանիշն օրեցօր անկում է ապրում ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ պատճառներով։ Ժողովրդավարական երկրների մեծ մասում ղեկավարները ժամանակի ընթացքում ձանրացնում են հասարակությանը։ Մեր ժողովրդի, այդ թվում՝ արցախցիների, մի մասը ակնհայտ դժգոհ է, իշխանություններին մեղադրում է պարտությունների, կորուստների, անարդարությունների, կոռուպցիայի և քաղաքական հետապնդումների համար։ Տարածվում է հոռետեսություն, որ ՔՊ-ական իշխանության օրոք լավ բան չեն տեսնելու։ Դժգոհ արցախցիների մեծ մասը ՀՀ քաղաքացիություն է ստացել և վաղը մասնակցելու է ընտրություններին։ Սա հաշվի առնելով իշխանությունները տոնական միջոցառմամբ փորձում են նրանց լավատեսություն ներշնչել, շահել նրանց վստահությունը։ Քաղաքական մեծամասնության շահերի տեսանկյունից, հավանաբար, այսպես է արդարացվում ժամանակավրեպ տոնական միջոցառումը։ Բայց արցախցիներին երևանյան միջավայրում ինտեգրելու և քաղաքական մեծամասնության վարկանիշը բարձրացնելու խնդիրներ հետապնդողները, ենթադրաբար, աչքաթող են արել կարևոր հանգամանք, որը խոցելի է դարձնում այս նախաձեռնությունը։

Բանն այն է, որ ժամանակավրեպ տոնական միջոցառումը բացասաբար կանդրադառնա սոցիալ-վարքաբանություն վրա։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ ժողովուրդը իրականությանը ոչ համարժեք վարք է դրսևորում, Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» վեպից հայտնի Մակոնդոյի բնակիչների նման չի հիշում իր ապրած ողբերգությունները, քաղաքական հետապնդումներն ու հալածանքները։ Նման պատկեր է նկարագրված նաև Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպում, որտեղ կերպարներից մեկը լիովին ենթարկվում է նոր տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում։

Այնպես որ՝ իշխանությունները, ժամանակավրեպ տոնական ներկայացումների կազմակերպիչներն ու մասնակցիները պետք է հաշվի առնեն սոցիալ-վարքաբանության տրանսֆորմացիայի ռիսկը։ Ու երբ արևոտ մի օր բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի, հակառակորդը կթուլանա ու խոցելի կդառնա, այդ ժամանակ ժողովուրդը պատրաստ չի լինի վերականգնել իր իրավունքները, քանի որ դրանց մասին չի հիշի։

Թաթուլ Մկրտչյան