Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի եւ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մկրտիչ Հակոբյանը, պարեկ Հայկ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Մկրտիչ Հակոբյանը:
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետն ու ավագ փորձաքրեագետ Դավիթ Սարգսյանը:
Ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր:
Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի:
Ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Գալստյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Վահան Այվազյանի, Հայարփի Սահակյանի եւ Գագիկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաեւ Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նաեւ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի անձի վերաբերյալ եւ ճշտել էին, թե ենթադրյալ կասկածյալը սպանությունը կատարելուց հետո որ ուղղությամբ է գնացել՝ իր հետ տանելով ինքնաձիգը:
Ա. Զաքարյանի, Ա. Աղումյանի, Ա. Բեժանյանի գլխավորությամբ, սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին, եւ օպերատիվ խմբերը մեկնել են նրա բնակության վայր․ կասկածյալը, տեսնելով, որ այլեւս չի կարող մոտենալ իր տանը, սպանության վայրից բավականին հեռու է մեկնում, ի վերջո, ոստիկաններն ու պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կարողանում են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:
Կար վտանգ, որ հնարավոր է՝ նա 2-րդ անգամ գործի դներ ինքնաձիգը, երբ ոստիկաններն ու պարեկները գնում էին իր ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Փիլոյանն է:
Նրան բաժին տեղափոխելուց հետո արդեն պետք է որոնողական աշխատանքներ կատարվեին հանցագործոթյան գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմատը մի քանի կմ հեռավորության վրա շպրտել էր չոլերում։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Տարոնի բաժնի եւ ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները սկսում են այդ ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ կատարել ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Տեւական ժամանակ անց հաջողվում է հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի մեջ:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կասկածյալը ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել է Քննչական կոմիտե:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ էին ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։