Ներքին 2 տարի առաջ - 10:30 25-11-2023

Դպրոցի նկուղը նման էր դժոխքի, մեծ ու փոքր լացում էին. արցախցի

40-ամյա Անուշ Մոսյանը Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից է տեղահանվել։ Երկար տարիներ աշխատել է Խնապատի մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, իսկ վերջին 6 տարիներին՝ տնօրեն։ Արցախցի կինն ասում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Արցախում կյանքը շատ էր դժվարացել, անընդհատ կրակոցներ էին, թշնամին չէր թողնում հանգիստ ապրել։

Oragir.News-ի հետ զրույցում Անուշ Մոսյանը պատմում է.

«Արցախում բլոկադա էր, մարդիկ ամեն օր բազմաթիվ դժվարությունների էին բախվում, բայց երջանիկ էին, որովհետև իրենց տանն էին, իրենց հողում։ Էդ օրերին գյուղում ավելի հեշտ էր, քանի որ մարդիկ անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ էին զբաղվում։ Սոված մարդ գրեթե չկար. մարդիկ իրենց ունեցածը կիսում էին հարևանի, բարեկամի ու անգամ անծանոթի հետ»:

Արցախցի կնոջ խոսքով՝ շրջափակման օրերին լույս չկար, գազ չկար, բայց կամք կար, պայքար կար և իրենք լավատեսորեն հաղթահարում էին այդ փորձությունը։

Արցախից տեղահանված կինը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին սովորականի նման իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, երբ կրակոցները սկսվեցին։

«Ժամը 11-անց էր, մանկապարտեզում էի. ծնողներից զանգ ստացա, շատ անհանգիստ էին, պատերազմ էր սկսվել։ Զանգեցի համապատասխան մարմիններին և պատասխան ստացա, որ ամեն ինչ նորմալ է, խուճապ պետք չէ առաջացնել։ Ես հանգստացրի ծնողներին, չնայած, որ նրանք արդեն մանկապարտեզ էին հասել։ Ժամը 13:05-ն էր, գոռալով ներս մտավ դպրոցում աշխատող երեխաներիցս մեկի մայրիկը և ասաց՝ կռիվը սկսվել ա, խոխոցը պադվալ պերեք։ Կյանքիս ամենածանր օրն էր...

Խուճապի չմատնվեցինք, երեխաներին արագ տարհանեցինք դպրոցի նկուղ։ Երբեք չեմ մոռանա երեխաներիս լացը, գոռոցը։ Փոքրերիցս շատերը քնից չէին էլ արթնացել, այդպես քնած տարել ենք նկուղ։ Դպրոցի նկուղը նման էր դժոխքի. մեծ ու փոքր լացում էին։ Լույս չկար, կապն էլ ընդհատվեց։ Երեխաներս կիսամերկ, քնաթաթախ ու սարսափած հասան իրենց ծնողներին։

Աստծո կամոք այդ օրը ողջ դուրս եկանք դպրոցի նկուղից, չնայած՝ բոլորս կենդանի դիակներ էինք։ Սահմանից լուր չկար, ռումբերի պայթյունները գնալով սաստկանում էին, իսկ մեր եղբայրները, հայրերն ու ամուսինները զոհում էին ամենաթանկը՝ կյանքը։ Հենց այդ օրը դուրս եկանք գյուղից, իբր ավելի ապահով վայր տեղափոխելով մեր երեխաներին։ Տասը աննկարագրելի դաժան օրեր անցկացրինք օդանավակայանում՝ չկորցնելով տուն դառնալու հույսը»,- շարունակում է Անուշ Մոսյանը։

Արցախից բռնի տեղահանված կինը հիմա ընտանիքի հետ տեղափոխվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ։

«Մարմինս այստեղ է, սիրտս ու հոգիս՝ Արցախում: Ինձ ոչ մի նյութական կորուստ չի խեղճացնում, ամեն ինչն էլ կամաց-կամաց կվերականգնվի, բայց ավաղ մեր հուշերը չեն վերականգնվի, Արցախում ենք թողել գերեզմանները։ Ես Արցախում եմ թողել իմ սրբությունները՝ հայր, պապ, եղբայր... Ցավս խորն է, կարոտս անասելի։ Էլի կապրեմ ու կարարեմ, բայց նույնը չեմ լինի, քանի որ ես Արցախիս հետ, ինձ էլ եմ կորցրել»,- եզրափակեց Արցախից բռնի տեղահանված Անուշ Ասրյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան