Այսօր ՀՀ քաղաքացիներից մեկը՝ մասնագիտությամբ իրավաբան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեց, թե ինչո՞ւ պետական ապարատը չեն ազատում այն մարդկանցից, ովքեր վնասում են ՀՀ-ին։
Ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ Զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում.
«Իրականացվում է 24-օրյա հավաքների մեխանիզմ, որի նպատակներից մեկը, ինչ-որ չափով շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է։ Գիտեք, պետական համակարգը շատ մեծ է և ես հասկանում եմ, որ այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները շատ հաճախ միանգամից նկատելի չեն։ Բայց այդ փոփոխությունները տեղի են ունենում։ Բայց նաև ուզում եմ ասել, թե ինչ պրոբլեմի հետ ենք մենք բախվում։ Շատ դեպքերում մենք կարող ենք ազատվել մարդկանցից։ Ես հիմա չեմ խոսում ապապետական մարդկանց մասին, քանի որ այդ կատեգորիայի մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը միանշանակ է՝ նրանք պետք է դուրս բերվեն պետական ապարատից։ Բայց կան մարդիկ, ովքեր չարամիտ չեն, կա՛մ հոգնած են, կա՛մ նրանց հմտություններն արդեն ժամանակակից պայմաններին բավարար չեն և այդ մարդիկ կարող են չաշխատել։
Ասեմ, որ պետական համակարգում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, ինչու՞ են թափուր, քանի որ աշխատավարձը գրավիչ չէ, քանի որ դրանք պետական համակարգում շատ ցածր են։ Եվ եթե նույնիսկ մենք այդ աշխատատեղերում հնարավորություն ենք ունենում մարդիկ ներգրավելու, միշտ չէ, որ մենք կարողանում ենք ամենաբարձր որակավորում ունեցող մարդկանց ներգրավել։ Եթե մի մարդ գիտի, որ աշխատանքի շուկայում մասնավոր հատվածում կարող է 800-900 հազար դրամով աշխատել, ինչի՞ պետք է գա պետական կառավարման համակարգում 100-400 հազար դրամով աշխատի»։
Քաղաքացին նաև հարց ուղղեց՝ ինչո՞ւ բանակում չեն կիրառվում զարգացած երկրների մոդելները, ինչպիսին է, օրինակ, Շվեյցարիան։
«Մենք հիմա ատեստավորման գործընթացով էականորեն բարձրացնում ենք զինվորականների աշխատավարձը։ Ասում են՝ ինչի՞ չեք միանգամից աշխատավարձը բարձրացնում։ Որովհետև նաև դառը փորձի պատճառով։ Ուզում ենք համոզվել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, իրենց ուսերին կարող են կրել այդ բեռը։ Պատկերացրեք՝ մենք միլիարդներ ծախսենք, 500-600 հազար աշխատավարձ տանք մի մարդու, որը չգիտի զինվորական գործը։ Իսկ, ցավոք, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր լինում են և ամենևին էլ վիճակագրական շեղման չափ քիչ չեն, որ ասենք՝ լավ, եկեք դրան ուշադրություն չդարձնենք։ Նաև դրանով մենք ընդգծում ենք մեր այն զինվորականների արժեքը և առանձնահատուկ գնահատանք ենք տալիս նրանց, ովքեր համապատասխանում են և՛ բարոյական, և՛ ֆիզիկական, և՛ ինտելեկտուալ կարողություններին»,– ի պատասխան ասաց ՀՀ վարչապետը։