Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:42 22-11-2023

Գերմանիան 84,6 մլն եվրո կտրամադրի Հայաստանի կրթության ու էներգետիկայի զարգացման համար

Գերմանիան և Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում, Գերմանիայի կառավարությունը դրամաշնորհների և վարկերի տեսքով Հայաստանին կտրամադրի 84.6 մլն եվրոյի օժանդակություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացված Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունները ստորագրել են միջկառավարական բանակցություններին վերաբերող արձանագրություն: 2014 թվականից ի վեր սրանք առաջին պաշտոնական բանակցություններն են: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ տնտեսական զարգացման համագործակցության վերաբերյալ:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները զարգանում են բավականին լավ տեմպերով, անգամ՝ շեշտակի:

«Վերջին 3 տարվա մեջ առևտրաշրջանառությունը մոտավորապես եռապատկվել է, վավերացվել են պայմանագրեր՝ Գերմանիայի KfW (Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկ) և GIZ (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) կազմակերպությունների ռեզիդենտ գրասենյակներ Հայաստանում հիմնելու համար: Նաև բազմաթիվ բիզնես և քաղաքական այցերի շնորհիվ էապես ավելացել են ներդրումները և այլն»,-ասաց Քերոբյանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը 2014-ից ի վեր անցկացված առաջին միջկառավարական բանակցությունները որակեց բավականին արդյունավետ:

«Կարծում եմ, որ սա շատ հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ Գերմանիան և Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում: Հայաստանը ևս մեկ անգամ փաստում է, որ հանձնառություն է ստանձնել դեպի ժողովրդավարություն, ժողովրդավարական հասարակություն»,-ասաց Նիլս Աննենը:

Հայաստանի և Գերմանիայի համագործակցությունը շարունակվելու է տնտեսության բազմաթիվ ոլորտներում՝ այդ թվում միջին մասնագիտական կրթության: Գերմանիան փորձելու է ամրապնդել Հայաստանի մարզերի կարողությունները՝ համապատասխան ծառայությունների տրամադրումը բարելավելու նպատակով: «Առանձին աջակցություն նախատեսված է Հայաստանի կառավարությանը՝ ընդունելու և ինտեգրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բնակչությանը»,-ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարը:

Նա նշեց նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, մասնավորապես ներդրումներ են արվելու վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ: Սա Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը:

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը, ինչը մեծապես ընդգծվել է մեր համագործակցության բանակցությունների տիրույթում»,-նշեց գերմանացի պաշտոնյան:

Ստորագրված համաձայնագրով նախատեսված գումարը նաև որպես վարկային միջոց Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով տրամադրվելու է ընկերություններին, որոնք զանազան նախագծեր են իրականացնելու տարբեր ոլորտներում: