Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:30 20-11-2023

2020-ի պատերազմից հետո ՀՀ-ի հրետանային պարկը լուրջ կորուսներ կրեց. այն անհրաժեշտ էր թարմացնել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր հայտնի դարձավ, որ Հնդկաստանը Հայաստանին MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կվաճառի։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար:

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտնում են, որ տարբեր երկրներից ժամանակակից սպառազինություն են ձեռք բերում՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ նման կերպ ձգտում է դիվերսֆիկացնել սպառազինության ձեռքբերումները և նվազեցնել այս հարցում ՌԴ-ից ունեցած կախվածությունը։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն ընդգծեց, որ գործարքը միանշանակ դրական է գնահատում՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ գործարքի կնքումը և դրա պայմանները կատարումը դեռևս նույն բանը չեն։ Նրա խոսքով՝ գնված զինամթերքն անհրաժեշտ է Հայաստան տեղափոխել։

Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանի հատկպես հրետանային միջոցները շատ լուրջ կորուստ կրեցին, և մենք մեր հրետանային պարկը լրացնելու ու թարմացնելու խնդիր ունեինք։ Բացի այդ, նա նշում է, որ 2022 թվականի փետրվարին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմը մեզ թույլ չտվեց ՌԴ-ի հետ փոխագործակցությամբ այդ խնդիրները լուծել, իսկ նախորդող 2021 թվականին ՌԴ-ն արդեն պատրաստվում էր Ուկրաինա ներխուժմանը, կային հայտնի քաղաքական խնդիրները, որոնց հետևանքով էլ Մոսկվան մեծ հաշվով հրետանային միջոցներ չտրամադրեց.

«Այսինքն, ՌԴ-ն մեր այն ստանդարտ զենքի մատակարարն էր, որն այս դեպքում չգործեց։ Այժմ տեսնում ենք, թե ռուս-ուկրաինական պատերազմն ինչ ծանր է ընթանում, և այս պայմաններում ՌԴ-ի հրեանային միջոցներն անգամ սեփական կարիքների համար չեն բավականացնում, ուստի պարզ է, որ ռուսական շուկան, որպես մատակարար, մեզ համար գոնե մոտակա 2-3 տարում փակ է՝ չհաշված նաև քաղաքական հանգամանքները, իսկ այս իրավիճակում մենք գնացինք դեպի Արևմուտք»։

Մհեր Հակոբյանը նշում է, որ MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները շատ լավ հրետանային միջոցներ են, կարծես հայտնի Archer համակարգի հնդկական տարբերակն է։ Նա ասաց, որ այս համակարգերը երկու տարբերակ ունեն՝ կարճ և երկար փողերով։

«Այս պահի դրությամբ կարծես թե նախատեսված է, որ 84 հատ պետք է երկար փողով գնեն։ Կարճ փողովը ինքնագնաց է, իսկ երկար փողովը՝ ինքնաշարժ։ Տարբերությունն այն է, որ ինքնագնացն իր անիվներով շարժվում է, կարծես բեռնատարի վրա հրանոթ դրված լինի, իսկ երկար փողովն ինքնաշարժ է, որը լիարժեք բեռնատարի վրա տեղադրված չէ, ուստի չի կարող 20-30 կմ գնալ, սակայն ունի շարժիչ, անիվներ, որոնք թույլ են տալիս մի դիրքի սահմաններում շարժվել՝ 10-20, մինչև 50 մետր, որպեսզի անձնակազմն ամեն անգամ ծանր հրանոթն իր ուժերով չշարժի, կամ շարժելու համար բեռնատար, որևէ այլ քարշակ չբերի»,- կարծում է նա։

Փորձագետը նկատում է, որ այս տարբերակով մեր հրետանային պարկի պակասն է լրացվում, որն այլ կերպ չէինք կարող լրացնել, ինչպես նաև անհամեմատ ավելի որակյալ հրանոթներ են գալիս։ Նրա խոսքով՝ այստեղ խնդիր կա այն առումով, որ ՀՀ բանակում ռուսական հրետանային միջոցներն են շահագործվել, մասնագետներն այդ ուղղությամբ են կենտրոնացած, և այժմ անհրաժեշտ է ուսումնական պրոցես իրականացնել։ «Եթե այդ խնդիրն էլ կարողանանք հաջողությամբ լուծել, որը, կարծում եմ, կկարողանան անել, հաջորդ խնդիրը կմնա արդեն հրետանային միջոցներին զինամթերք ապահովելու հարցը։ Ուկրաինական պատերազմում մենք տեսանք, թե որքան մեծ է հրետանային արկերի ծախսը՝ համազորային մարտերի պարագայում։ Վատն այն է, որ մենք պետք է ներմուծենք այդ արկերը, սակայն կարծում եմ, որ որոշակի միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի ՀՀ-ում դրանց պակասն այս կամ այն կերպ լրացվի։ Այս կիսաշրջափակման պայմաններում մենք չպետք է մեր հույսը դնենք այն բանի վրա, որ Հնդկաստանը մեզ արկեր կմտակարարի, քանի որ տեղափոխման գործընթացը խնդիրներ է առաջացնում»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ հրետանային միջոցները կհասնեն Հայաստան և կավելանան, որովհետև լիարժեք դիմադրության համար քանակապես դեռևս բավարար չեն։

Անդրադառնալով այս և նախորդ ձեռքբերումների համատեքստում իշխանությունների կողմից հնչեցվող այն պնդումների, որ սպառազինությունների գնումները դիվերսիֆիկացվում են, մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ-ն Ֆրանսիայից 2 խումբ զինամթեր գնեց՝ 20 զրահամեքենաները և հակաօդային պաշտպանության միջոցները։ Նա նկատեց, որ սրանք 2 ոչ համարժեք խմբեր են։ Նա չնայած համաձայն է, որ դրանք լուրջ միջոցներ են, սակայն այդ միջոցները պետք է համակարգի մեջ գործի, իսկ եթե միայնակ մնան, ապա թշնամուն կհաջողվի մեկուսացնել և ոչնչացնել.

«Այս առումով մենք կարծես թե շատ լուրջ քայլ ենք անում՝ պայմանականորեն 10 միավորից ձեռք ենք բերում 1-ը, կամ 2-ը, բայց մյուսները նույնպես պետք է ձեռք բերել, որպեսզի մեր արևմտյան զինվորական համակարգը նորմալ գործի։ Օրինակ Ուկրաինայի պարագայում, որին Լեոպարդ տիպի տանկեր մատակարարեցին, սակայն համակարգը՝ հետախուզություն, օդային գերակայություն, կապի միջոցներ և այլն, իր հետ չեկավ, և զուտ այդ տանկերն այդքան էլ արդյունավետ չեղան։

Այս պայմաններում ուղղին միանշանակ ճիշտ է, սակայն խնդիրն այն է, թե Ֆրանսիայից ի՞նչ ձևով կկարողանանք այդ համակարգերը բերել և մեր բանակային համակարգը կառուցել արևմտյան մոդելով։ Այստեղ խնդիրները երեք խմբի են բաժանվում. այդ զենքերը ֆիզիկապես կարողանալ բերել այստեղ, մեր բանակն ամրապնդել, որպեսզի վերջինս կարողանա կազմակերպչական և ուսումնական մակարդակում այդ տարրերն օգտագործել և տեխնիկան շահագործել, ինչպես նաև ապահովել պրոցեսի անընդհատությունը»։

Փորձագետը նշում է, որ ռուսական սպառազինության շուկան ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ-ի համար հեռու է, լավ է, որ ստիպված Արևմուտք ենք թեքվում, իսկ արևմտյան զենքն ու տեխնոլոգիաներն ավելի լավն են, սակայն վատ է, որ ՌԴ-ի մատակարարման ավանդական կապերն են խզվում։ «Ինչ վերաբերում է այդքան աղմուկ հանած ֆրանսիական Բաստիոն զրահամեքենաներին, ապա, բնականաբար, այդ աղմուկը դրան չարժեր, քանի որ այդ 20 զրահամեքենան զուտ քանակապես այն միջոցը չէր, որը հավասարակշռություն կփոխեր, իսկ այս 84 հրետանային միջոցները որակային առումով բարձրացնում են մեր բանակի ուժերը»,- կարծում է նա։

Մհեր Հակոբյանն այս համատեքստում ընդգծեց, որ 20 զրահամեքենաները թեև որոշ հրաձգային զենքերից և բեկորներից կպաշտպանի մեր զինվորականներին, սակայն անգամ ծանր գնդացիրներից դրանք հնարավոր է խոցել, իսկ մոտ տարածությունից՝ նույնիսկ 7.62 մմ-անոց հրաձգային զենքերի համար կարող է խոցելի լինել և այլն։ Նրա խոսքով՝ դրանք լուրջ մարտերի համար նախատեսված միջոցներ չեն, ավելի շուտ պարեկային անձնակազմի անվտանգ փոխադրման համար է։

Ռազմական փորձագետը հավելեց, որ շատ կարևոր էր ֆրանսիական ՀՕՊ և հնդկական հրետանային միջոցների ձեռքբերումը, իսկ Բաստիոնները՝ պարզապես փոքրիկ հաճույք որակեց։ «Հուսանք, որ Ֆրանսիայից և Հնդկաստանից մատակարարումները կշարունակվեն։ Հնդկաստանն աշխարհագրորեն արևելքում է, սակայն հնդկական սպառազինությունն արևմտյան համակարգի մի մասն է կազմում, աշխարհագրությունն այդքան էլ էական չէ։ Հույս ունենանք, որ արևմտյան մատակարարները կշարունակեն զինել Հայաստանին, իսկ ՀՀ-ն այնքան ֆինանսական միջոցներ կունենա, որ կկարողանա ֆինանսապես ապահովել այդ մատակարարումները, իսկ եթե կարողանանք որոշ տարեր այստեղ արտադրել, դա հիանալի կլինի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:21 Արտահո՞սք «Ինեկոբանկից». 5 մլն 400 հազար դրամի օնլայն վարկ` առանց ստորագրության
15:15 Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան
10:56 Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին. սոխը կիլոգրամով է ծախում, սխտորը` գրամով
22:05 Թուրքական համարանիշներով ֆուռ` Կենտրոնական բանկի բակում
20:15 Աննա Հակոբյանի այցը Քաթար հարցեր է առաջացրել իշխանության իրական մտադրությունների վերաբերյալ
16:34 Կապիկություն ես անում, բա 2020-ին ինչի՞ չթռար սահման՝ երեխեքի կողքը կանգնեիր․ Սոֆյա Հովսեփյան
10:07 Աննա Հակոբյանը՝ աթաթուրքի գլխարկ կրելու, արաբ շեյխերի հետ հանդիպման և «սրտիկ»-ով հացի մասին
19:20 Վահան Տերյանը երբևէ չի եղել պետության ուշադրության կենտրոնում և ահա թե ինչու. Գևորգ Էմին-Տերյան
23:18 Ուղերձները տեղ հասան. Էդգար Ղազարյան
16:16 Սյունիքի մարզում 81-ամյա թոշակառուն հայտնել է, որ թույնել են իրեն պատկանող թվով 53 մեղվաընտանիքները․ shamshyan.com