copy image url
Արտաքին Խոսք 3 ամիս առաջ - 23:00 17-11-2023

Պատրուշևը Պուտինի մասին անցյալով է խոսել. հոգեբանի դիտարկումը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ մահվան շուրջ քննարկումները չեն դադարում, իսկ Կլեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մի քանի անգամ ստիպված է եղել հերքել այս խոսակցությունները։ Պնդումների համաձայն՝ Ռուսաստանի նախագահը մահացել է, իսկ ներկայումս պետությունը ղեկավարում են վերջինիս նմանակները։

Այս քննարկումներն էլ ավելի ակտիվացան Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի վերջին հարցազրույցից հետո, երբ վերջինս Վլադիմիր Պուտինի մասին խոսեց անցյալ ժամանակով։ Պատրուշևը, չնայած գովաբանում էր Ռուսաստանի նախագահին և նրա կառավարման ընթացքում արձանագրված հաջողությունները, սակայն վերջինիս հարցազրույցը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Պատրուշևը նշել է, որ ռուսական հասարակությունը 1990-ականներին հոգնել էր և սպասում էր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը: Նրա խոսքով՝ դա պահանջում էր առաջնորդ, որը կարող էր օրակարգի առաջին տեղում դնել բնակչության բարեկեցությունը, դրսևորել մարդկային և կազմակերպչական բարձրագույն որակներ, կամք և նվիրում։

«Նման առաջնորդ Պուտինն էր, ով սկզբում զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, հետո ընտրվեց նախագահ, իսկ Սահմանադրության համաձայն՝ դարձավ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ։ Միևնույն ժամանակ նա գիտակցում էր էվոլյուցիոն մոտեցման կարևորությունը՝ ի տարբերություն հեղափոխական թռիչքների, որոնք միշտ թուլացնում էին ռուսական պետությունը։

Նա հավատում էր մարդկանց և նրանց աջակցության և թիկունքի հուսալիությանը, գիտակցում և գիտակցաբար ստանձնեց ողջ պատասխանատվությունը Հայրենիքի փրկության համար»,- հայտարարել է ռուս պաշտոնյան։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Արկադի Մեհրաբյանը նշեց, որ մարդու մասին անցյալ ժամանակով խոսում են այն դեպքում, երբ ենթագիտակցության մակարդակում նա այլևս չկա կամ իրենից ոչինչ չի ներկայացնում․ «Եթե անգամ դա լեզվի սայթաքում է և այլն, ապա նշանակում է, որ նա այդ մարդու նկատմամբ ունի անցյալ ժամանակով մոտեցում»։
Հոգեբանը չբացառեց, որ Պատրուշևի անցյալ ժամանակով խոսքը կախված Ռուսաստանի նախագահի ենթադրյալ մահվան մասին լուրերի հետ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ գուցե Պուտինը վերջինիս համար է իր արժեքը կորցրել։

«Օրինակ, երբ ասում են, որ տվյալ մարդը իմ ընկերն էր, դա նշանակում է, որ տվյալ մարդը կա՜մ չկա, կա՜մ այլևս իր ընկերը չէ։ Ենթագիտակցությունից եկող ինֆորմացիան փաստում է այն մասին, որ այդ մարդը, որպես նախկին ստատուս, իր արժեքը կորցրել է, իսկ ֆիզիկապե՞ս, հոգեպե՞ս, թե՞ վերաբերմունքով, դժվար է ասել»,- պարզաբանեց Մեհրաբյանը։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ նշեց, որ ծանոթ չէ Պատրուշևի հայտարարությանը, ուստի կդժվարանա կարծիք հայտնել։ Նրա խոսքով՝ հայտարարություններն անհրաժեշտ է տվյալ համատեքտում դիտարկել․

«Գուցե դրանից առաջ որևէ միտք է ասել, որն անցյալի հետ է կապված, կամ հետո է ասել և այլն։ Միանշանակ չենք կարող ասել»։

Մադաթյանը ընդգծեց, որ ՌԴ նախագահի մահվան վերաբերյալ քննարկումները, որոնք առկա են արևմտյան մամուլում, կոռեկտ չեն։ Նրա համոզմամբ՝ անցյալ ժամանակով խոսելը կապված չէ նրա հետ, որ նախագահը մահացել է, դա պարզապես լեզվի սայթաքում է եղել , որը կապված է եղել իր խոսքի կոնտեքստի հետ։

«Եթե այնտեղ եղել են ինչ-որ խնդիրներ և մտքեր որոնք անցյալի հետ են կապված եղել, ապա հավանականությունը մեծ է, որ նման սայթաքում տեղի կունենա»,- եզրափակեց նա։