Ներքին 2 տարի առաջ - 22:53 15-11-2023

Պարտվել ենք ոչ ադրբեջանցուն, այլ բարոյալքված մարդկանց խմբակին․արցախցի

«Տան ճանապարհին էի, երբ ծանոթներիցս մեկն ասաց, որ Մարտակերտի ուղղությամբ ծանր զենքերով հարվածում են»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Նանիկ Աղասյանը։

«Հանգիստ ընդունեցի այդ լուրը, մտածեցի՝ հերթական սադրանք է։ Հասա տուն։ Դուռը բացելուն պես առաջին հարվածը եղավ։ Հասկացա, որ կռիվ է։ Առանց խուճապի մատնվելու՝ մտա տուն, հագա առավել հարմար մի շոր, իրար կողք հավաքեցի մեր անձնական իրերը, տան վկայագիրը և ինձ հարազատ փոքր իրեր ու դուրս եկա։ Հրթիռակոծությունը չէր դադարում»,- պատմում է Նանիկը։

Նրա խոսքով՝ 1 ժամ շենքի ներսում պատսպարվելուց հետո որոշել է դուրս գալ և շրջել քաղաքի փողոցներով, ընթացքում տեսանկարահանումներ արել։

«Չգիտեմ՝ ինպես և ինչու գնացի Հանրապետական հիվանդանոց։ Միայն մի սենյակում 1-2 ժամվա ընթացքում 17 վիրավոր ունեինք։ Այդ աննկարագրելի պատկերը տեսնելով՝ սկսեցի երեխայի նման հեկեկալ, գիտակցում էի, որ էլի զոհեր կունենանք։ Խնդրեցի բուժքրոջը, որ ինձ ուղեկցի այն սենյակ, որտեղ արյուն են հանձնում․․․ Արյուն հանձնել ցանկացողների թիվը շատ էր։ Արյուն հանձնելուց հետո վերադարձա տուն։ Այդ գիշեր մի կերպ լուսացրինք հարևանի տան նկուղում․․․ Անընդհատ ստանում էինք լուրեր՝ մեկի վիրավորվելու, մյուսի զոհվելու մասին։ Ծանր էին րոպեները, աննկարագրելիելի…»,- ասում է մեր զրուցակիցը։



Նանիկը, ով մասնագիտությամբ լրագրող է, հաջորդ մի քանի օրերին ևս գնացել է Հանրապետական հիվանդանոց՝ օգնելու բուժանձնակազմին, ովքեր անգամ չէին հասցնում վիրավորներին ջուր տալ։

Ծնունդով Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից է Նանիկը, ում համագյուղացիներին սեպտեմբերի 20-ին 40 րոպե տեղահանվելու ժամանակ է տրվել։ Ծնողները, ովքեր 44-օրյա պատերազմից հետո տուն էին գնել Ստեփանակերտում, կատակով ասում էին, որ այս 5 տարին հաստատ կվայելեն․ «Շատ բան ենք կորցրել, բայց երբ տեսնում ենք մարդկանց, որոնք մարդկային կորուստ են ունեցել, հասկանում ենք, որ փուչ բան է մեր կորցրածը։ Այսօր եղբայրս ողջ առողջ մեզ հետ է և դա միակ սփոփանքն է, որ մենք ունենք Արցախի կորստից հետո»,- ասում է Նանիկը՝ խուսափելով խոսել գաղթի անմարդկային օրերի մասին, որն անցել են 3 օրում․․․



Արցախից բռնի տեղահանված ընտանիքը հիմա բնակվում է Չարենցավանում․ «Փորձում ենք աշխատանք գտնել ու նորից ոտքի կանգնել․․․ Առանց Արցախ դժվար է։ Թուրքերը մի բառ ունեն, միշտ փորձել եմ հայերեն թարգմանել, համարժեքը չեմ գտել․ «նիգյարան»․․․ Հիմա Արցախի ամեն անկյունից նիգյարանում։ Տեսնես ինչ վիճակում է։ Ուզում եմ բոլորն իմանան՝ մինչև վերջ պայքարել է արցախցին՝ իր հողում մնալու ու արարելու համար՝ անտեսելով իրեն հասցված բոլոր արհավիրքները։ Այսօր Արցախը չկա բարոյալքված մի խմբակի պատճառով։ Ես ընդունում եմ, որ մենք պարտվել ենք, բայց պարտվել ենք ոչ ադրբեջանցուն, այլ այդ բարոյալքված մարդկանց խմբակին»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան