Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 09:50 14-11-2023

Ջալալ Հարությունյան և Միքայել Արզումանյան․ բարձրաստիճան զինվորականի բացահայտումները

2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ օրերս դադարեցվեց արդարացնող հիմքով։ Սակայն ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն առ այսօր գտնվում է անազատության մեջ։

Արցախցի բարձրաստիճան զինվորականներից մեկը համաձայնել է որոշ պարզաբանումներ տալ Oragir.News-ին՝ պայմանով, որ ինքն անանուն կմնա։

«Հիմա, երբ իրականացվել է ՀՀ իշխանությունների երազանքը՝ Արցախն այլևս Ադրբեջանին է, ինչո՞ւ է Արզումանյանը, ով մեղադրվում է Արցախը հանձնելու մեջ, առ այսօր գտնվում անազատության մեջ»,- հարցը հետաքրքրում է նախկին բարձրաստիճան զինվորականներից շատերին, որոնցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Oragir.News-ի հետ զրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել։

«Որովհետև Միքայել Արզումանյանը երբեք 5-րդ շարասյան հետ համագործակցության չի գնացել, ի տարբերություն՝ Ջալալ Հարությունյանի, ում 5-րդ շարասյունը «նախապատրաստել է» դեռևս 2016 թվականից։ Քառօրյայից հետո Ջալալին հապճեպ նշանակեցին շտաբի պետ, այնուհետև դիվիզիայի հրամանատար։ Մարտական փորձ չունեցող հրետանավորին դարձրին համազորային հրամանատար, որից հետո՝ կարիերան սկսեց սրընթաց աճել։ 2020 թվականին Ջալալին Բայրաքթար չի խփել։ Ավտոմեքենան պայթել է ներսից, մտացածին, որպեսզի նրան խաղից հանեն։ Ջալալի իբրև վիրավորումից հետո՝ ՊԲ նախարար-հրամանատար են առաջարկել Կամո Վարդանյանին, ով հրաժարվել է։

Միքայել Արզումանյանը, ով այդ ժամանակ եղել է ՊՆ հետախուզական վարչության պետի տեղակալ, հասկանալով, որ իրեն ինչ է սպասվում, ինքնակամ դարձել է քավության նոխազ՝ հայրենիքի համար դժվար պահին այդ ծանր բեռը վերցնելով իր ուսերին։ Նրան մեղադրում են Արեգա բարձունքը, Շուշին հանձնելու մեջ, մինչդեռ, երբ նա ընդունեց այդ պաշտոնը, թուրքերն արդեն գտնվում էին Քարին տակում։ Թուրքերը երևի ավելի ազնիվ են գտնվել Արզումանյանի հանդեպ, քան իր զինակիցներից շատերը․․․ Քարին տակի, Շոշի, Շուշիի մատույցներում թուրքն այնքան զոհ է տվել այդ օրերին, որ տարածքն անվանել է «Ադսկոյե ուշելիե՝ Դժոխքի ձոր»,- ասում է բարձրաստիճան զինվորականը, ով քառորդ դար ծառայել է և՛ Միքայել Արզումանյանի, և՛ Ջալալ Հարությունյանի, և՛ Կարեն Ջալավյանի (Քյոխ) և՛ Կամո Վարդանյանի և շատ ու շատերի հետ, որոնց մասին ևս խոստանում է առաջիկայում բացահայտումներ անել։

Կամո Վարդանյանը, ով ՊԲ նախարար-հրամանատար էր, 2016-ին՝ քառօրյայի ժամանակ, եղել է ՊԲ շտաբի պետ, 2020-ի 44-օրյային ևս՝ ՊԲ շտաբի պետ, 2023-ին ՊԲ նախարար-հրամանատար, հանրության մոտ հարց չի առաջանում՝ ինչու՞ առ այսօր ոչ մի պատասխանատվություն չի կրել։ Հայկական զորքի անմիջական պատասխանատուին մինչ օրս ոչ մի քննչական մարմին նույնիսկ 1 անգամ չի կանչել հարցաքննության։ Տարօրինակ չէ՞, երբ շատերը գիտեն, որ նրա ընտանիքը պատերազմի օրերին Արցախում չի եղել, զորքը թողնված է եղել բախտի քմահաճույքին, իրեն հետաքրքրել է միայն իր բենզալցակայանի բիզնեսը, որոնց մեծ մասը հիմնել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Բարձրաստիճան զինվորականն անդրադառնում է նաև Կարեն Ջալավյանին՝ Քյոխ, ըստ մեր զրուցակցի՝ Քյոխի մասին լեգենդները հնարված են․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ հրաման տվեց հանձնել Արեգա սարի բարձունքը, տղաները, ըստ հրամանի, պիտի հանձնեին նաև Եղնիկների զորամասը։ Շնորհիվ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի, զորքը մնաց տեղում և շարունակեց մարտը։ Քյոխը դերասանի վարպետությամբ տեղափոխվեց հոսպիտալ, իրավիճակը կայունանալուց հետո՝ վերադարձավ զորամաս, ստացավ հերոսի կոչում։ Ինչի՞ համար և ու՞մ կողմից, բոլորը գիտեն։ Դրանով չբավարարվեց, դիմեց Ջալալին, որ Դավիթ Մանուկյանն իրեն խանգարում է, որից հետո, Մանուկյանին տեղափոխեցին Հադրութի պաշտպանական շրջան»։

Վերջում Oragir.news-ի զրուցակիցն անդրադառնում է վառելիքի խնդրին․ «Միշտ շահարկվում է 2016 թվականին տանկերում վառելիքի փոխարեն ջուր լինելու փաստը, ինչն այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Իսկ ահա 2023 թվականին ոչ միայն տանկերում դիզվառելիք չի եղել, այլ թալանված ու պոկված են եղել նաև գրադ կայանների բաքերը (5-րդ պաշտպանական, 77-րդ առանձին բրիգադ)»։