Վերջերս համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ ցուցադրվում էին սպիտակ տուփով ծխախոտներ՝ առանց անունների, առանց գլանակների վրայի գրվածքների և ակցիզների։ Այսինքն՝ դրանց վաճառքից հարկեր չեն ստացվում։ Ըստ օգտատերերի՝ այդ ծխախոտները արտադրվում են «Գրանդ տոբակո» ընկերությունում։
«Նույն Ararat ծխախոտն է, ուղղակի առանց գրառումների ու ակցիզի»,- գրում են օգտատերերը։
Պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Գրանդ տոբակո» ընկերության հետ, սակայն ապարդյուն։
Ուշագրավ է, որ «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատերերը 2018 թվականից մշտապես աջակցել են Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը։ Կառավարությունն էլ իր հերթին այս տարվա ապրիլին «Գրանդ տոբակո»-ին ազատեց 8․6 միլիարդ դրամի մաքսատուրքից։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոն» կարելի է արտադրել և վաճառել ապրանքներ՝ առանց հարկեր վճարելու, եթե իհարկե հաճոյախոսում են իշխանությանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ էին կալանավորել: Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԱԺ պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանը, վերջինս, սակայն, շտապել էր հերքել տեղեկությունը։
Արդյոք 2020 թվականից հետո չեն կրկնվել նույն սցենարները, կարելի է միայն ենթադրել։