Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 23:06 09-11-2023

Մի բան է ինձ մխիթարում՝ անքուն, սոված տղաներին վերջին անգամ ես եմ հյուրասիրել․ Շուշիից բռնի տեղահանված

Ուղիղ 3 տարի առաջ այս օրը ստորագրվեց մի հայտարարություն, որը պիտի 3 տարի հետո պատճառ դառնար Արցախի անկմանը։ Շուշեցի Անաիդա Գաբրիելյանը մեկն է այն հարյուր հազար արցախցիներից, ով նոյեմբերի 9-ը համարում է իր կյանքի ամենադժբախտ օրը։

«Այդ օրը մեռավ Հույսի այն ծվենը, որը փայփայում էինք 1 ամիս շարունակ։ Շուշիս ես կորցրի հոկտեմբերի 4-ին, երբ անօդաչուի հրթիռից պայթեց Շուշիի մշակույթի տունը և տուժեցին ՀՀ-ից եկած ոստիկաններն ու շրջակա շենքերի բնակիչները։ Այդ դժոխքի մասին լռեցին ԶԼՄ-ները, բառ անգամ չխոսեցին հեռուստատեսությամբ։ Տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, մեկուկես տասնյակ անհետ կորածներ, որոնց դիերը գտան միայն շենքի ավերակները մաքրելիս։ Մի բան է միայն ինձ մխիթարում` հոգնած, անքուն, սոված տղաներին վերջին անգամ ես եմ հյուրասիրել։ Շատերի հայրերը եկել էին հետները, որ որդիները մենակ չլինեն։ Պանելների տակից մեզ հանեցին կամավորները և տեղափոխեցին Հայաստան։ Չթողեցին անգամ տուն կամ խանութս մտնել, քանի որ ամենուր պայթյուն էր, անօդաչուները տզզում էին գլխավերևում։ Գոնե փաստաթղթերս ու զարդերս, կամ խանութիս գումարը կվերցնեի։

Վերջին անգամ ետ նայեցի, բաց պատուհանից քամին ծածանում էր ճերմակ շղարշե վարագույրը, ասես հրաժեշտ էր տալիս մեզ։ Հուշերիս մեջ այդ ճերմակ վարագույրն է մնացել, մեկ էլ փրկվելուս պահին հայաստանցի տարեց վիրավոր տղամարդու` իմ ձեռքով սրճեփի քուղով ամրակապված արյունահոսող արմունկը։ Տեսնես փրկվե՞ ց։ Հետո կորոնա, սթրես, մի ամիս օրուգիշեր վառվող մոմերի շուրջ լուռ ու մունջ հնչող աղոթքներ, անքուն գիշերներ, թաքուն արցունքներ ամեն օր զոհվողների համար։ «Հաղթում ենք»-ը հույս էր ներարկում, որ հետ ենք գնալու ու դիմանում էինք...



Ամեն օր զանգում էի հարևանուհուս, որի ամուսինը Շուշիի մատույցներում էր։ Լավ ա լինելու, Արոն ասում ա` «կոտորում ենք, էլի գալիս են, բայց չենք թողնի մտնեն»։ Ամեն օր նույն բանը։ Սպասում էինք ավետիսի։ Նոյեմբերի 8-ի երեկոյան ուժեղ գլխացավ սկսվեց։ Լուսադեմին աչքս նոր էր կպել, ասես մեկը բրթեց։ Մտա ՖԲ ու քիչ մնաց գիտակցությունս կորցնեմ։ Ամենուր ողբ էր՝ մատնված Շուշիիս մասին։ Պարզվեց` մերոնք գիշերն են իմացել, ինձ խնայել էին․․․Սրսկումները իրենց գործը արեցին, սակայն ուղեղս հրաժարվում էր ընդունել տեղի ունեցածը։ Մեզ վաճառեցին։ Տունս, տեղս, խանութս, դրախտ պարտեզս, 28 տարվա քաղաքապետարանի աշխատատեղս, որդուս` շուկայական գնով նոր ձեռք բերված և վերանորոգումը մի շաբաթից ավարտվելու վրա տունս ու երրորդ հարկի բնակարանը։

Շուշին հանձնված էր, բայց տղաները դեռ կռվում էին։ Չէին հավատում․․․ Զինվորը մենակ էր։ Շատերն արնաքամ եղան՝ փրկող չկար։ Շատերը պայթեցին մեքենաների մեջ` ԱԹՍ-ները վերևից չէին թողնում փրկվել։ Ողջ մնացածները «չպայթա՞ծ» իսկենդերի զոհ դարձան, թե՞ «կոնտրոլնի վըստրելի»... Ոչ ոքի չթողեցին օգնության հասնել սահմանին կանգնած 18-ամյա զինվորին։ Ոչ մի «կամանդիր» տեղում չէր, բարձիթողի վիճակ էր։ Այս օրին մեզ հասցրին Հայաստանի իշխանությունները և նրանց մանկլավիկ Արայիկը։



Կգա ժամանակ, ջրերը կպարզվեն, Աստված կդատի բոլորին, վստահ եմ։ Այսօր 3 անգամ տեղահանված ընտանիքս մի-մի ձեռք շորով մազապուրծ հասել ենք Հայաստան։ Փառք Տիրոջը, որ գնահատեց իմ արած-թողածը և որդիներիս ինձ վերադարձրեց։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, քիմիա եմ ընդունում արդեն քանի տարի։ 20-ին Շուշիում է մնացել նոր տպագրված գրքիս ողջ տպաքանակը, 23-ին` Ստեփանակերտում` 2 գրքիս ձեռագրերը։ Երազում եմ գոնե քիչ տպաքանակով վերահրատարակել և փրկել գրքերս։ Դժվար է, շատ է դժվար այս տարիքում ամեն ինչ սկսել զրոյից։ Առավել դժվար է 3-րդ անգամ, երբ մեկնած ձեռք չես տեսնում և շվար կանգնել ես ճանապարհների խաչմերուկում ու չգիտես` կհերիքե՞ ն ուժերդ... Միայն շնչելը դեռ ապրել չի նշանակում, երբ Հայրենիքդ տեղավորել ես մի ճապրուկում ու չգիտես անելիքդ։ Արցախս օրուգիշեր մեր հուշերում է։ Հույս ունենք, որ մի օր կքնենք մեր անկողնում, կուտենք մեր ափսեից, կմշակենք մեր հողը։ Ի՞նչ ասեմ,ահավոր է։ Թշնամուս չէի ցանկանա այս օրը...»։