copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 20:00 08-11-2023

Ի տարբերություն Փաշինյանի` Ալիևի համար Շուշին դժգույն և դժբախտ չէր. ինչպես հանձնվեց հայոց բերդաքաղաքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախյան առաջին պատերազմի տարիներին ամենաառանցքային իրադարձություններից մեկը 1992 թվականի մայիսի 9-ին հայոց հինավուրց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրումն էր, որը մի շարք այլ ձեռքբերումների հետ միասին պայմանավորեց ազատամարտում հայկական ուժերի հաղթանակը։ Պատերազմի սկզբում Ադրբեջանը Շուշին վերածել էր ռազմական հենադաշտի, իսկ քաղաքի եկեղեցիները՝ զինամթերքի պահեստների, որտեղից հրթիռակոծվում էին հարակից տարածքները՝ հատկապես Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Շուշիի ազատագրումը ոչ միայն կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաև ռազմական և ռազմավարական, քանի որ այն թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից: Շուշիի ազատագրումից օրեր անց հնարավոր դարձավ ազատագրել հարակից Բերձորի շրջանը և բացել կյանքի ճանապարհը, ինչի արդյունքում Արցախը մայր հայրենիքի հետ ցամաքային կապ ստացավ, իսկ հայ ազատամարտիկները հասկացան, որ ազատամարտը հնարավոր է ավարտել հաղթանակով։

Չնայած Շուշի ազատագրման գործողությունը դարձավ հայոց ռազմարվեստի պատմության ամենափառահեղ էջերից մեկը, քաղաքի ազատագրումից 28 տարի անց այն կրկին անցավ թշնամու վերահսկողության տակ։

Արցախյան 44-օրյա պատերազմի նախավերջին օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի բնակչությանը տեսաուղերձով շնորհավորեց Շուշիի գրավման կապակցությամբ՝ այդ օրը որակելով որպես պատմական։ Ալիևի ուղերձն իսկական խուճապ առաջացրեց հայ հասարակության շրջանում, որին 43 օր շարունակ պաշտոնական քարոզչությունը համոզում էր, թե շուտով «հաղթելու ենք», ռազմաճակատում իրավիճակը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ, իսկ վերջիններս եթե որոշ տեղերում այնուամենայնիվ նահանջում են, ապա դրանք տակտիկական նահանջներ են՝ թշնամուն ծուղակի մեջ գցելու և ոչնչացնելու նպատակով։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո պաշտոնական քարոզչությունը կրկին լծվեց «հաղթելու ենք» թեզի տարածմանը՝ կտրականապես հերքելով բերդաքաղաքի գրավման մասին լուրերը։ Իրականում Շուշիի շուրջ իրավիճակը օրեցօր վատանում էր դեռևս հոկտեմբերի վերջից. մասնավորապես հոկտեմբերի 29-ին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ հրապարակեց, որում նա Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակից հայտնում էր, որ ռազմաճակատում ծանր իրադրություն է ստեղծվել, իսկ ադրբեջանական զինված ուժերը քաղաքից գտնվում են մի քանի՝ առավելագույնը 5 կմ հեռավորության վրա։

Հայկական պաշտոնական քարոզչությունը միայն նոյեմբերի 4-ին շատ ժլատ բառապաշարով տեղեկացրեց, որ Շուշիի ուղղությամբ դիվերսիոն մի խումբ է նկատվել, ադրբեջանական ուժերից միայն մնացորդներ են փրկվել, որոնց գտնվելու վայրն էլ հայտնի է։ Այդ օրերին թեև հանրությանը վստահեցնում էին, որ պատերազմի ամենածանր օրերն արդեն անցյալում էին, սակայն նույն օրը փակվեց Շուշի-Բերձոր ավտոճանապարհը, որի վերաբերյալ նշվեց, որ ճանապարհի շրջակայքում դիվերսանտերի ոչնչացման գործողություններ են ընթանում, սակայն հանրությունը հասկացավ, որ ռազմաճակատում իրադարձությունները զարգանում էին ոչ հայկական կողմի օգտին։

Շուշիի վերջին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ ադրբեջանցիներն իրականում Շուշիի մատույցներ են հասել նոյեմբերի 4-ի առավոտյան, իսկ մարտերն ընթանում էին հենց քաղաքի մուտքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կառուցված էլեկտրացանցի մոտ։ Սարգսյանը, ում եղբայրը զոհվել է այդ դիրքերի պաշտպանության ժամանակ, հայտնել է, որ դիրքերը հնարավոր չեղավ պահել, որտեղից էլ ադրբեջանցիները պիկապներով հասան քիչ հեռու գտնվող Իսայի աղբյուր կոչվող տեղանք, ժամեր հետո մտան Շուշի՝ նախ թիկունքից:

Ականատեսների պնդմամբ՝ նոյեմբերի 5-ը եղել է վերջին օրը, երբ Շուշին հայկական էր, չնայած քաղաքում իրավիճակը վատթարանում էր արդեն ժամ առ ժամ։ Հաջորդող օրերին՝ նոյեմբերի 6-ից 8-ը հայկական կողմը մի քանի անգամ փորձել է վերադարձնել քաղաքի վերահսկողությունը, սակայն այդ նախաձեռնությունները չեն հաջողվել։ Չնայած նոյեմբերի 8-ին հայկական կողմը չէր ընդունել, որ քաղաքը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այնուամենայնիվ այդ օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացրել է իր կյանքի ամենածանր լուսաբացը՝ անոնսելով Շուշիի անկման կամ հանձման մասին։

Հատկանշական է, որ չնայած Շուշիի փաստացի գրավմանը՝ Հայաստանում մինչև վերջին պահը հասարակությանը համոզում էին, որ քաղաքի անկման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նոյեմբերի 6-ին, երբ ադրբեջանցիները վերահսկում էին քաղաքի առնվազն մի մասը, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, որ նույն օրը բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում։ «Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է»,- հայ հանրությանը վստահեցնում էր Հովհաննիսյանը։

Վերջինս արդեն նոյեմբերի 8-ին, երբ Ալիևը պնդում էր, որ գրավել է քաղաքը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արդեն նշում էր, որ չկա կողմ, որն ամբողջական վերահսկողություն ունի քաղաքի նկատմամբ՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ քաղաքի համար ճակատամարտը կավարտվի հաջորդ օրը։ Սակայն հաջորդ օրը՝ կեսգիշերին ավարտվեց ողջ պատերազմը, և Նիկոլ Փաշինյանը ստորագրեց եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունը։

Նկատենք, որ վերջինս, ով նոյեմբերի 4-ից լռություն էր պահպանում, նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան՝ կապիտուլյացիայի ստորագրումից ժամեր առաջ, ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Այդ ժամանակ, երբ Ադրբեջանի պաշպանական գերատեսչությունը արդեն առաջին կադրերն էր հրապարակել քաղաքից, հայ հանրությունը նախընտրում էր հետևել պաշտոնական տեղեկատվությանը՝ հույս ունենալով, որ այն համապատասխանում է իրականությանը։ Ցավոք, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ իրականությանը համապաստասխանում էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ով դեռ նախորդ օրն էր իր բնակչությանը շնորհավորել՝ Շուշին գրավելու կապակցությամբ։

Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես են ադրբեջանական ուժերը հասել Շուշի։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այդ օրերին Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբյանը պատերազմից հետո հայտնել է, որ ադրբեջանցիների մուտքը Շուշի կայծակնային էր, վերջիններս եկել են երկու ուղղություններով, նույն ճանապարհներով, ինչպես 28 տարի առաջ հայկական զորքերը: Բաբայանի խոսքով՝ 1992-ին և 2020-ին Շուշիի գրավման տարբերությունն այն է, որ հայկական ուժերը Շոշից էին Շուշի հասել, իսկ ադրբեջանցիները՝ Հադրութից։ Վերջինս նաև պնդել է, որ անառիկ բերդաքաղաքը գրավվել է ընդամենը 500 հոգանոց ադրբեջանցի ու թուրք հատուկ ջոկատայիններով ու ավտոմատներով` առանց հրետանու։ «Եկել են Ավետարանոց, այստեղ բազա են դրել, երկրորդ բազան դրել են Սղնախի, շրջանցել, Զառուսլուով մտել, եկել, Իսաբուլաղում բազան մտել, այնտեղից մտել Շուշի, ադրբեջանցին ամսի 5-ին մտել է Շուշի»,- նշում էր Բաբայանը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ի տարբերություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար հայոց հինավուրց բերդաքաղաքն ամենևին էլ դժբախտ և դժգույն չէր, և վերջինս ձեռնարկեց բոլոր հնարավոր և անհնար քայլերը քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց 28 տարի անց այն կրկին գրավելու համար։ Ալիևի համար քաղաքի ունեցած կարևորությունը փաստում է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականից հետո նա ավելի քան 2 տասնյակ անգամ այցելել է գրավված Շուշի, քաղաքում բազմաթիվ նախագծեր է իրականացրել և իրականացնում, ինչպես նաև ամեն գնով փորձում է այնտեղից ջնջել հայկական հետքը՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական։

Իսկ իրականում Շուշիի անկման գործընթացը մեկնարկել էր հոկտեմբերի 4-ից, երբ ադրբեջանական զինված ուժերը կարողացան հարավային ուղղությամբ ճեղքում իրականացնել, գրավել 9-րդ պաշտպանական շրջանը՝ ժողովրդին հայտնի Ջաբրայիլը, որտեղից հետո նրանք կարողացան զարգացնել իրենց հաջողությունները և Հադրութի ու Ասկերանի շրջանների տարածքով հասնել ընդհուպ մինչև Շուշի, որից պատերազմի մեկնարկին հեռու էին առնվազն 200 կմ։ Եթե հյուսիսային ուղղությամբ Թալիշի և Մատաղիսի անկումից հետո հնարավոր եղավ նոր պաշտպանական գիծ կառուցել և կանգնեցնել թշնամուն, ապա հարավային ճակատում դա տեղի չունեցավ, ինչն էլ թշնամուն թույլ տվեց մեծացնել իր հաջողությունները և հասնել Շուշի, որն իրեն չէր անցնելու բանակցային որևէ փաստաթղթով և անգամ պատերազմի օրերին ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ներկայացվող առաջարկներից և ոչ մեկով։

Դավիթ Գույումջյան