Երկրագնդի 8 մլրդ բնակիչներից մեկն է արցախցի Վարյա Իսրայելյանը, ով իրեն համարում է ազգությամբ հայ, ուղնուծուծով` արցախցի։ Վարյան վիրաբույժ է, ով չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է վայելել արցախցիների սերն ու հարգանքը։ Մինչ Արցախից բռնի տեղահանումը, նրան կարելի էր տեսնել մեկ հիվանդանոցի մի ծայրում, մեկ՝ մյուս՝ անընդհատ վազքի մեջ։ Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժշկուհին «ճաշակել է» 2 պատերազմների սարսափը։ «Համալսարանում ուսանելու 10 տարիների ընթացքի ամեն օրը ես գիտեի, որ միանշանակ ուզում եմ վերադառնալ, ապրել, արմատ ու ծիլ տալ իմ հողում ու մեռնելուց հետո էլ դառնալ իմ հողի մի մասը։ Այդպես էի պատկերացնում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է բժշկուհի Իսրայելյանը։
Փոքրամարմին, բայց մեծ հոգու տեր բժշկուհին իր մասին խոսելիս ասում է, որ իրեն միշտ համարել է թույլ, բայց՝ դիմացկուն։ «Ես իմ մասին սովորաբար ասում էի, որ ուժեղ չեմ, բայց դիմացկուն եմ։ Իսկ այսօր հստակ կարող եմ ասել, որ կոտրվել եմ ինձ բաժին հասած ծանրության տակ»,- խոստովանում է բժշկուհի Իսրայելյանը։
Հիշողության մեջ դաջված դեպքերը շատ են, որոնց առանձնացնել չի կարող, քանի որ ամեն դժվար ժամանակ իրենն ունի։ «2020-ի պատերազմի օրերին սեփական անզորությունն զգալն էր ու էլ ավելի դժվար` ընդունելը։ Գիտակցելը, որ քո աչքերի առջև մատաղացուի նման մորթվում է ազգիդ ապագան, իսկ դու չափազանց ճղճիմ ես դա կանխարգելելու համար, որ քո հնարավորությունների առավելագույնն էր ուրիշի գործած սպանդի հետևանքները վերացնելը։ Փորձում էի հանդիպածս մարդկանց դեմքերին չնայել, հատկապես ծանոթների, քանզի չէի կարողանում ինձնից վանել այն միտքը, որ հաջորդիվ, լավագույն դեպքում, իրենց բերելու են վիրավոր։ Հաջորդող 3 տարիների ընթացում, ու առավելապես վերջին 8-9 ամիսների ընթացքում համոզվելը, որ մարդկային կյանքը լումայի արժեք էլ չունի։ Սեպտեմբերի վերջի իրադարձությունների ընթացքում հասկանալը, որ ֆիզիկապես չեմ կարող միաժամանակ լինել մի քանի տեղում, մի քանի տուժածի մոտ, որ ստիպված եմ ընտրել, թե ում առաջնահերթ օգնություն ցուցաբերեմ․ բայց չէ՞ որ մարդուն չի տրված որոշել, թե ով պիտի ապրի... Մեր վերջին կորուստը մանկահասակ հրեշտակ էր, բայց այս մասին չեմ պատմի։ Ու եթե խոսեցի դժվարի մասին, ասեմ նաև հակադիրից. նույնիսկ նման դաժան պահերին կան մարդիք, ում կարող ես առանց երկմտելու մեջքդ հենել։ Բժշկությունը բազմաբաղադրիչ մեխանիզմ է, աշխատանքը ստացվում է, եթե բոլոր մասնիկները տեղում են։ Տեսանք որքան բարդ էր աշխատել թերի կազմով։ Չնայած հնարավորություն ընձեռվեց մի դեպքում կրկին հավաստիանալ, որ իմացածս մարդը «Մարդ» է, մեկ ուրիշի դեպքում հաճելիորեն բացահայտել խորը թաքնված դրականը։ Պատիվ եմ համարում աշխատելը նման մարդկանց հետ։ Անվանական չեմ նշում, բայց հուսամ՝ ն րանց ձայնն էլ լսելի կդարձնեք»։
Հարցին՝ արդյոք վախի զգացողությունը չէ՞ր թուլացնում նրանց, պատասխանում է․ «Վախ կար, թե՞ չէ, կպատասխանեմ այսպես, վախն ինքնապահպանման բնազդի մաս է, ու երևի թե ամեն բանական մարդ էլ նման պայմաններում կվախենա, հարցն այլ է. թե որքանով է բնազդական վախն ազդում քո կայացրած որոշումների վրա, կարկամում քո կամքն ու մարմինը»։
Ընտանիքը ինչպես 2020-ին, այս անգամ ևս չէր պատրաստվում դստերը մենակ թողնել, բայց այս անգամ ավելի ըմբռնումով մոտեցան նրա որոշմանը, և սեպտեմբերի 25-ին Վարյայի ավագ ընկերների ու կոլեգաների մեքենաներով բռնագաղթեցին։ «Ովքեր մեքենա ունեին ու պատրաստակամություն հայտնեցին հարազատներիս էլ իրենց հետ տեղափոխել, մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ։ 2020-ին Ստեփանակերտից դուրս են եկել նոյեմբերի 7-ին, տարհանման օրը, քանի որ չէին ուզում ինձ մենակ թողնել, պետության տրամադրած ավտոբուսներով, իրենք դեպի ՀՀ, ես՝ հիվանդանոցի կազմով դեպի Չլդրան։ Ես հասկացա, որ դժվար էր զբաղվել աշխատանքով, իմանալով որ քո ընտանիքն անպաշտպան ու վտանգված է, բայց քեզ է սպասում։ Այս անգամ չէի կարող նրանց նորից թողնել բախտի քմահաճույքին, ու փառք Տիրոջը, որ այս անգամ իմ տեսակետը հասկացան։ Մենք սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ին հիվանդանոցի մնացած անձնակազմի հետ լքեցինք Ստեփանակերտը։ Ճանապարհն ավելի բարոյահոգեբանորեն էր դժվար, քան ֆիզիկապես։ Չէի մտածի, որ երբևէ կտեսնեմ ու կլինեմ մասնակիցը գաղթի։ Տեսածս բառերի մեջ չի տեղավորվում։ Ուրիշների հետ համեմատ մենք արագ ենք հատել կամուրջը, հիմնականում զիջում էին ճանապարհն իմանալով, որ հիվանդանոցի վերջին անձնակազմն է»,- ասում է բժշկուհին։
Նա այսօր աշխատում է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Համակերպվե՞լ է, արդյոք, այս նոր իրավիճակին բժշկուհին պատասխանում է․ «Իրապես, աշխատում եմ չվերլուծել ստեղծված իրավիճակը, քանի որ պարզ հասկանում եմ, որ պատրաստ չեմ ընկալել իրականությունը, համակերպվել դրա հետ։ Ես հիմա շատ ավելի ապահով պայմաններում եմ, քան մեր բախտակիցներից ոմանք, բայց ճամպրուկային տրամադրությունը չի լքում»։