Երևան +10°
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 21:07 30-10-2023

Ալիևը ՀՀ-ից ստացել է, ինչ ուզում էր. բանակցելու իմաստ չկա

Վերջին օրերին փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում առ այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս նպատակահարմար չի գտնում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ վերջինիս իրեն իրավահավասար չի համարում։ Այս տեսակետի հեղինակները նշում են, որ ասվածը վկայում է այն հանգամանքը, որ Թբիլիսիում՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպմանը, մասնակցում էր ոչ թե անձամբ Ալիևը, այլ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով Նիկոլ Փաշինյանի պաշտոնակիցը չէ։

Բացի այդ, օրերս Հայաստանի վարչապետին ծաղրել էր նաև Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Սամադ Սեյիդովը։ Վերջինս Նիկոլ Փաշինյանին անվանել էր անսկզբունք գործիչ՝ նշելով, երբ Բաքուն հայտարարեց, թե այլևս չի հետաքրքրվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծով, Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է դրան։ Մի շարք փորձագետներ համոզմունք հայտնեցին, որ Սեյիդովի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից և պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա իրականացնել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նշեց, որ Ադրբեջանը Հայաստանից ստացել է այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ էր։ Նրա խոսքով՝ Բաքուն ստացել է ամբողջ Արցախը, և այժմ զբաղված է Արցախի յուրացման գործընթացով։ Նա նշում է, որ ադրբեջանական կողմը պետք է ստանար նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, սակայն այս հարցում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, որոնք Փաշինյանի հետ Ալիևի հանդիպումն անիմաստ դարձրին։

Անդրադառնալով Վրաստանում կայացած հանդիպմանը՝ Բադալյանը շեշտեց, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է, որի վարչապետը հանդիպում է ինչպես նախագահների, այնպես էլ վարչապետների հետ։ Նրա խոսքով՝ այստեղ իրավահավասարության և արարողակարգի խախտում տեղի չի ունեցել։ Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցի արծարծումը ժամանակավորապես հետաձգվել է, իսկ Ալիևը ներկայումս չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ խոսում է ուժի դիրքից, ցանկանում է որաշակի տարածքներ գրավել, ուստի նպատակահարմար չի գտնում հանդիպել։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» հարցի առժամանակ հետաձգմանը, ապա մեր զրուցակիցն այն պայմանավորում է Իրանի Իսլամական Հանրապետության խիստ արմատական դիրքորոշմամբ. «Իրանը նշել էր, որ եթե Ադրբեջանը հարձակվի ու գրավի «Զանգեզուրի միջանցքը», կամ ուժով բացի այն, ապա զորքեր կմտցնի թե՛ Հայաստան՝ Սյունիքի մարզ, թե՛ Ադրբեջան ու բավականին լայն տարածք կվերցնի իր վերահսկողության տակ։ Այն, որ այս ամբողջ ընթացքում այդ միջանցքը չի բացվել, միայն մի պատճառ կա՝ Իրանի արմատական դիրքորոշումը։ Եթե չլիներ Իրանի արմատական դիրքորոշումը, Ադրբեջանը վաղուց ուժով բացել էր այդ միջանցքը, բայցի Իրանը մշտապես ասել է, որ սահմանների փոփոխության պարագայում, իսկ միջանցքը կոմունիկացիա չէ, բոլորովին այլ բան է, ապա ուժ կկիրառի, այսինքն՝ զորք կմտցնի»։

Մեր զրուցակիցը նշում է, որ ի սկզբանե Հայաստանի իշխանությունները բերվել են իշխանության, որպեսզի երեք խնդիր լուծեն՝ Արցախը հանձնեն Ադրբեջանին և բնակիչների դուրս բերելով՝ հարցն ամբողջությամբ փակեն, «Զանգեզուրի միջանցքը» տրամադրեն Ադրբեջանին և ՀՀ-ից դուրս բերեն ռուսական ռազմական ներկայությունը։ Նրա համոզմամբ՝ առաջին հարցն արդեն լուծվել է, երկրորդը՝ հետաձգվել է, իսկ այժմ եկել է ռուսական ռազմաբազայի, կամ ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական միություններից դուրս գալու խնդիրը։

«Երբ այս հարցը լուծվի, այսինքն՝ ռուսական ռազմաբազան չեզոքացի և դուրս բերվի Հայաստանի տարածքից, Հայաստանն ամբողջովին կվերածվի «Զանգեզուրի միջանցքի», իսկ Ադրբեջանին պետք չի լինի հատուկ այդպիսի միջանցք բացել։ Հայաստանն այդ դեպքում ամբողջովին վերածվում է «Զանգեզուրի միջանցքի» և վերածվում է Արևմուտքի կողմից վերահսկվող տարածքի, որտեղ այդ կոմունիկցիաները վերհսկվելու են ոչ թե ռուսական սահմանապահների կողմից, որից հետո «Զանգեզուրի միջանցքի» հարցն իմաստազրկվում է»,- նշեց նա։

Քաղաքագետը միևնույն ժամանակ չի կարծում, որ Սեյիդովի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադբեջանը պատերազմի է պատրաստվում։ Նրա խոսքով՝ պատերազմի համար պետք է մեկ նպատակ լինի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որի դեպքում Իրանը վերոհիշյալ պատասխան քայլերը կձեռնարկի, որի դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անգամ կարող է իշխանությունից զրկվել։

«Տեսականորեն ոչինչ չենք մերժում, սակայն չեմ կարծում, որ Ադրեջանը պատերազմի է պատրաստվում։ Բացի այդ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքն» այդքան շատ անհրաժեշտ չէ, որքան Արևմուտքին է պետք՝ Միջին Ասիա դուրս գալու համար։ Իրեն Արցախն էր պետք, ինքը ստացել է այն, իսկ Նախիջևանի հետ կարող է Իրանի տարածքով էլ կապվել ու այդ հարցը փակել»,- կարծում է նա։

Հարցին, թե ինչու է Սեյիդովը ծաղրում Հայաստանի վարչապետին, Արմեն Բադալյանը հակիրճ հարցադրմամբ պատասխանեց. «Իսկ ո՞վ չի ծաղրում Հայաստանի վարչապետին, կա՞ մի երկիր, որն այլևս ՀՀ վարչապետին չի ծաղրում։ Բոլորն էլ ծաղրում են»։