Երևան +12°
copy image url
Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 19:30 27-10-2023

Ադրբեջանն ակնկալիքներ ունի․ Սյունիքը գրավելու համար անհրաժեշտ է արևմուտքի լոյալությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում պետք է կայանար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց մասնակցել այս հանդիպմանը։ Հոկտեմբերի 5-ին էլ պետք է կայանար Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Շառլ Միշելի մասնակցությամբ, սակայն ադրբեջանական կողմն այս հանդիպումից էլ հրաժարվեց։

Այս կապակցությամբ մի շարք փորձագետներ պնդում են, որ Ադրբեջանն այլևս չի ցանկանում արևմտյան հարթակներում բանակցել և նման կերպ պարզապես բոյկոտում է այս ձևաչափը։ Նրանց համոզմամբ՝ Բաքուն արևմտյան հարթակում հասել է իր գլխավոր նպատակի իրականացմանը՝ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, և այժմ այդ երկիրն Արևմուտքից որևէ ակնկալիք չունի, ուստի նախընտրում է բանակցություններն անցկացնել առավելապես ռուսական հարթակները։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը համաձայնեց դիտարկման հետ, որ Ալիևը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց։ Նրա համոզմամբ՝ խնդիրն այն չէ, որ նա Արևմուտքում իրեն հարմարավետ չի զգում, այլ այն, որ դրանով ընդգծի իր ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ և զուգահեռաբար վատացնի հայ-ռուսական հարաբերությունները։

Քաղաքագետը շեշտում է, որ ցանկացած հարթակում ընթացող բանակցություններում Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ բանակցությունները ձախողելը և դրա մեղքը հայկական կողմի վրա բարդելը։ «Կոնկրետ այս դեպքում, արևմտյան հարթակներից հրաժարվելով, Ադրբեջանը հասնում է մի շատ կարևոր խնդրի լուծման՝ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի աչքում ներկայանում է որպես ավելի ռեգիոնալ, քան Հայաստանը, որովհետև տարածաշրջանային գերտերությունները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համենայն դեպս մի հարցում համակարծիք են, որ մեր տարածաշրջան այլ ուժեր չպետք է մտնեն։ Այդպես վարվելով Ադրբեջանը ընկալվում է ավելի շատ որպես ռուս-թուրք-իրանական եռանկյունու տիրույթում, իսկ Հայաստանը՝ հակառակը, ներկայացվում է որպես այդ շահերին հակընդդեմ»,- նշեց նա։

Արմեն Բաղդասարյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանն Արևմուտքից դեռևս ստանալիքներ ունի։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ադրբեջանը պետք է վերականգնի այն իմիջային կորուստը, որն ունեցավ Արցախը հայաթափելու հետևանքով, պետք է փորձի Արևմուտքի հետ իր էներգետիկ ծրագրերն ավելի ամուր ու հուսալի հիմքերի վրա դնի, իսկ եթե վերջինս այնուամենայնիվ որոշի Սյունիքն ուժային ճանապարհով վերցնել, ապա այդ դեպքում պետք է ստանա Արևմուտքի լոյալությունը․

«Դրա համար պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանը ներկայացվի որպես ՀԱՊԿ-ի դաշնակից, իսկ այդ դեպքում Արևմուտքը ՀՀ-ի դեմ հարձակումը կընկալի որպես արևմտյան բլոկի հաղթանակ՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ։ Այսինքն, այնպես չէ, որ Ալիևն Արևմուտքի հետ իր բոլոր հարցերը լուծել է»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարություններին, թե Ադրբեջանը մտադիր չէ նոր պատերազմ հայտարարել Հայաստանին և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացել ուժի կիրառմամբ՝ քաղաքագետն ընդգծեց, որ իր համոզմամբ՝ Ադրբեջանը Սյունիքը զավթելու մի քանի տարբերակներ ունի։ Նա նշեց, որ դրանցից առաջինը ուժային տարբերակն է, մյուս տարբերակը՝ խաղաղության համաձայնագրում փախստականների վերադարձի հարցի ներառումը, որի հետևանքով Սյունիքում 100 հազար ադրբեջանցի կբնակեցվի, իսկ հետագայում, երբ այնտեղ ադրբեջանական հոծ բնակչություն կլինի, Բաքուն հարցը կլուծի Հյուսիսային Կիպրոսի օրինակով։ Բաղդասարյանի խոսքով՝ կա նաև երրորդ տարբերակը, որի դեպքում Հայաստանից հսկայական ռազմատուգանք կպահանջեն, իսկ եթե ՀՀ-ն չկարողանա այն վճարել, ապա դրա դիմաց կարող են պահանջել մի քանի տասնամյակով Սյունիքի տարածքներն ու հանքավայրերն անհատույց շահագործելու իրավունք տրամադրել։

«Նրանք մի քանի տարբերակներ ունեն և բոլոր ուղղություններով էլ աշխատում են։ Ալիևի այն հայտարարությունը, որ իրենց Զանգեզուր կվերադառնան ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով, վկայում է այն մասին, որ նրանք իրենց աչքի առաջ նաև այդ տարբերակն ունեն և երեք ուղղություններով էլ քարոզչական աշխատանք կատարում են»,- շեշտում է նա։

Բաղդասարյանը հավելեց, որ եթե Ադրբեջանը տեսնի, որ ի վիճակի է Սյունիքը գրավել առանց Իրանի, Ռուսաստանի, կամ միջազգային հանրության կողմից որևէ լուրջ հակազդեցության, ապա այդ պահին կփորձի վերցնել։ Նա ասաց, որ այս տարբերակների տրամաբանության մեջ ճանապարհները, հաղորդակցության ուղիները բացելը չի մտնում, որովհետև իրենց ոչ թե այդ ճանապարհների բացումն է անհրաժեշտ, այլ այն, որ Հայաստանը հրաժարվի դրանց բացումից, որպեսզի միջազգային հանրության աչքում ընկալվի որպես ապակառուցողական կողմ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին