Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը։ Նա նշել էր, որ Հայաստանը ներկայումս նման հարց չի քննարկում, սակայն միևնույն ժամանակ դժգոհել էր ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունից.
«Մենք նման հարց չենք քննարկում։ Կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգում կլինի»։
Փաստացի Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությամբ չի հերքել, որ նման հարց այնուամենայնիվ օրակարգում կա։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանն ընդգծեց՝ Փաշինյանը ուղերձ է հղում ինչպես միջազգային հանրության առաջատար դերակատարներին, այնպես էլ Ռուսաստանին առ այն, որ ՌԴ-ն իր ամբողջ մարմնով, տնտեսությամբ, անվտանգային առումով ամեն կերպ ներկա է Հայաստանում, սակայն ՀՀ-ն գնալով նվաղում է։ Նրա համոզմամբ՝ այս ամենը գլխավորապես պայմանավորված է երկրում ռուսական ներկայությամբ։
Քաղաքագետն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի մարմնում հայտնվելը, Արցախը կուլ տալը, Արցախի հայությանը բնավեր դարձնելը, էթնիկ զտումները տեղի են ունեցել Ռուսաստանի հովանավորությամբ, իսկ ռուսական զորքերը, ՀԱՊԿ-ն այդ ամենին և Հայաստանի օգնության կանչերին մնացել են անհաղորդ։ «Ըստ էության՝ արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության մարմնի մեջ Ռուսաստանի ռազմական ներկայությունը խիստ անիմաստ է։ Սա արձանագրումն է, իսկ երկրորդ մասը, որ ՀՀ տարածքից ռուսական զորքերը հանելու մտադրություն չկա, ենթադրում եմ, որ կարևոր չէ, այն վարչապետի առաջին հայտարարության հետ կապված Ռուսաստանի ագրեսիան կասեցնելու ձև է. իհարկե արձանագրում ենք, որ դուք այստեղ ոչնչություն եք, բայց, որպեսզի այդ ոչնչության ագրեսիան ուժեղ չլինի, այն կանխել են և հայտարարել, որ բազան դեռևս դուրս չի բերվելու։ Սակայն այստեղ հիմքն այն է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունն անիմաստ է, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն աստիճանաբար ՌԴ-ից պոկվելու է»,- նշեց նա։
Հարցին, թե Փաշինյանի հայտարարությունից առ այն, որ ռուսական ռազմաբազայի ներկայության հարցը կքննարկվի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ բանակցություններում, կարո՞ղ ենք ենթադրել, որ դուրսբերման հարցը հայկական կողմի օրակարգում է, քաղաքագետը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ օրակարգը կա, սակայն անհրաժեշտ է լավ հասկանալ դրա իրացման ճանապարհները։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե Հայաստանն անմիջապես բարձրացնի ռազմաբազան դուրս բերելու հարցը, ապա դա Ռուսաստանի հետ ճակատային բախում կլինի, իսկ այս գործընթացն անհրաժեշտ է իրականացնել աստիճանաբար՝ հաշվարկով.
«Ես ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանից աստիճանաբար՝ էվոլյուցիոն ճանապարհով պոկվելու քաղաքականությունը, որին զուգահեռ ընթանում են հակակշիռներ ստեղծելու ճանապարհով։ Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական հարաբերություններ կան։
Սրանք այն հակակշիռներն են, որոնք հետագայում հավաքական առումով կտան այն պոտենցիալը, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից պոկվի։ Սակայն 100%-ով ուղենիշը ընտրված է, և Ռուսաստանն իր ռազմաբազան հավաքելու է ու ռադը քաշի այստեղից, պարզապես ճանապարհն է անհրաժեշտ քննարկել։ Կարծում եմ, որ իշխանությունը վա բանկ չի գնում և ընթանում է էվոլյուցիոն ճանապարհով, և ես պահանջում եմ, որ դա տեղի ունենա»։
Հարցին, թե ռուսական ռազմաբազայի դուրսբերումն անվտանգային առումով ինչպիսի հետևանքներ կունենա Հայաստանի համար, Սուքիասյանը պատասխանեց՝ միանշանակ դրական։ Նա ընդգծեց, որ վերջին իրադարձությունների ժամանակ ապացուցվեց, որ Ռուսաստանը որևէ կերպ չի պաշտպանում ՀՀ-ին և իր ստանձնած պարտավորությունները չի կատարում։
Քաղաքագետը միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը թիրախավորում է Հայաստանի Հանրապետությանը։ Նրա համոզմամբ՝ Թուրքիան և տարածաշրջանի մյուս պետությունները Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանի համար ֆորտ պոստ։ «Այսինքն, այդ պետությունները Ռուսաստանից վտանգ են զգում և քանի որ ՀՀ տարածքը դիտարկվում է որպես ՌԴ-ի ֆորտ պոստ, ուստի թիրախավորելու են այն։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության համար ռուսական ներկայությունը որևէ կերպ ձեռնտու չէ մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նա։
Սուքիասյանը կարծում է, որ եթե ՀՀ-ն հեռացնի ռուսական ռազմաբազան և փաստի, որ իր տարածքից հարևան պետությունների նկատմամբ ագրեսիայի վտանգ չկա, ապա վերջիններս Հայաստանի Հանրապետության հանդեպ իրենց քաղաքականությունը կմեղմացնեն։
«Երբ Հայաստանում կա տեսակետ առ այն, որ եթե ռուսական ռազմաբազան չլինի, ապա Թուրքիան մեզ կհոշոտի, իրականում ճիշտ հակառակն է. եթե ՌԴ-ն այստեղ եղավ, Թուրքիան միշտ էլ մեզ ուտելու է։ Դրա համար ՀՀ-ն իրեն պետք է այլ պետությունների գայթակղությունից ազատագրի, քանի որ Հայաստանն ամեն դեպքում ընկալվում է որպես ռուսական կցորդ»,- ասաց նա։
Հայկ Սուքիասյանը հավելեց, որ այլ բևեռներ Հայաստանին սկսեցին օժանդակել, ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր կնքել միայն այն ժամանակ, երբ երկիրը բնավորություն ցույց տվեց, ՀԱՊԿ-ի զորավարժություններին չմասնակցեց, ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակեց և այլն։ Նրա խոսքով՝ այլ պետություններն այս ամենը գնահատեցին և Հայաստանին օգնություն ցուցաբերեցին։ «Եթե ՀՀ-ն շարունակի այս գործելակերպը և ցույց տա, որ այստեղ ռուսական ներկայություն չի լինելու, ապա տրամադրվող օժանդակությունն ավելի է մեծանալու։ Վստահ եմ, որ միայն այս պարագայում է հնարավոր լինելու կանխել Թուրքիայի ազդեցությունը։ Քանի դեռ Ռուսաստանն այստեղ ներկա է, Թուրքիայի համար Հայաստանի տարածքն ընկալվելու է որպես ագրեսիայի գոտի։ Հետևաբար ճիշտ է, որ ռուսական ներկայությունն այստեղ չլինի »,- եզրափակեց նա։