Երևան +16°
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:20 20-10-2023

ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը շրջայց է կատարել Եղվարդի և Աշտարակի կրթական հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հոկտեմբերի 20-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի և Արագածոտնի մարզեր, շրջել հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Արաքսիա Սվաջյանի առաջին կանգառը Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ տնօրեն Մամիկոն Շահբազյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, զրուցել սովորողների և մանկավարժների հետ: Նաիրիի արհեստագործական ուսումնարանը 97 սովորող ունի, նրանցից երկուսը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներ են, որոնք իրենց ուսումը շարունակում են վարսավիրական և խոհարարական գործ մասնագիտություններով: Ուսումնարանը մասնագետներ է պատրաստում նաև տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում մասնագիտությամբ: 2023/24 ուսումնական տարում Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան է ընդունվել 35 սովորող ինչպես Եղվարդից, այնպես էլ հարակից մյուս բնակավայրերից: Նախարարի տեղակալը մտահոգիչ է համարել սովորողների թվի ոչ բավարար քանակը ու նաև որպես առաջնային խնդիր` արձանագրել գույք-շենքային պայմանները:

Արաքսիա Սվաջյանը շրջել է լսարաններով, հետևել մասնագիտական առարկաների դասապրոցեսին, հետաքրքրվել, թե ինչ ակնկալիքներ ունեն սովորողները ստացած կրթությունից և արդյոք դա բավարար համարում են՝ հետագայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու տեսանկյունից: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է գործնական գիտելիքների ստացումը՝ ժամանակակից կրթության չափանիշների բավարարման առումով:

«Նախարարի տեղակալի հաջորդ կանգառը Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցն էր, որտեղ նա նախ հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ապա դպրոցի տնօրեն Համեստ Մելիքյանի ուղեկցությամբ ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին և հանդիպել ուսուցչական կազմի հետ:

Համեստ Մելիքյանի տեղեկացմամբ՝ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժներից 11-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը և գրանցել բավականին բարձր արդյունքներ: Ի դեպ, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Սիմոնյանին ԿԳՄՍ նախարարության կողմից օրերս որակավորման 4-րդ տարակարգ է շնորհվել, իսկ 2021 թվականին նա կամավոր ատեստավորումը հաղթահարել է 100 տոկոս արդյունքով: Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի ևս երկու ուսուցիչներ ունեն տարակարգեր: Նախարարի տեղակալի հետ հանդիպմանը ուսուցիչները բարձրացրել են տարակարգի շնորհման կարգի հետ կապված որոշ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, ներկայացվող փաթեթի պահանջներին: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ տարակարգի շնորհման կարգը վերանայվում է, ինչը նաև փաստաթղթավորման ծավալի նվազում կենթադրի: «Այդուհանդերձ, ուսուցիչների մանկավարժական կարողությունները գնահատելու համար անհրաժեշտ են բավականաչափ նյութեր՝ դասալսման արձանագրությունների, դասի պլաններ և այլնի հետ կապված»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում իր մասնագիտական գործունեությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեկ ուսուցիչ: Արաքսիա Սվաջյանը նրան հորդորել է գրանցվել ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում, ինչի շնորհիվ նա 30 տոկոս հավելավճար ստանալու հնարավորություն կունենա:

Ուսուցիչների կողմից բարձրացված մյուս հարցը վերաբերել է գրավոր աշխատանքների համար դպրոցների կողմից տրամադրվող լրավճարներին: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ երբևէ որևէ նախկին ֆինանսավորման կարգում այսպիսի բաղադրիչ նախատեսված չի եղել, և գրավոր աշխատանքների համար տրվող վճարները դպրոցի ներսում կայացվող որոշումներ են. յուրաքանչյուր դպրոց իրավասու է քննարկել ու այն պահպանել։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շեշտել է՝ դպրոցներն ինչպես որ իրականացնում էին այս գործընթացը, կարող են նույն կերպ այն շարունակել: Նա նաև պարզաբանել է, որ սեպտեմբերից ուժի մեջ մտած՝ դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը դպրոցների գործունեության համար բարելավումներ է ապահովում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանի վերջին կանգառն Արագածոտնի մարզի Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանն էր: Նախարարի տեղակալը տնօրեն Հարություն Ճանճապանյանի ուղեկցությամբ շրջել է լսարաններով, ծանոթացել ուսումնարանի շենքային պայմաններին, ուսումնասիրել սովորողների ուսումնառության պայմանները: Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանը շուրջ 120 սովորող ունի՝ խոհարարական գործ, ոսկերչություն և կարուձև մասնագիտություններով:

Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները, խոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ուսումնական-աշխատանքային գործընթացներում ինտեգրելու անհրաժեշտության մասին: Նա նաև նշել է, որ քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ստանալ աշխատավարձ՝ բարձր դրույքաչափով և հավելավճարով:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ նախարարի տեղակալի մարզային այցերը լինելու են շարունակական:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
22:48 Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան
18:50 Անգեղակոթում պայթյունից վիրավորված 14-ամյա տղայի վերջույթները վիրահատել են. մանրամասներ
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
22:24 Վաղը Շիրակի մարզից պարեկային ծառայողների կտեղափոխեն Կիրանց
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
22:30 Հանցագործություն․ ոստիկանները Կիրանցում մարդկանց տեղաշարժն ապօրինաբար են սահմանափակել