copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 21:22 19-10-2023

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության խորացման, բիզնես կապերի խթանման և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Լիտվայի դերը՝ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո վարչապետ Շիմոնիտե, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր Երևանում ողջունել իմ գործընկերոջը՝ վարչապետ Շիմոնիտեին։ Սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչը վկայում է մեր հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին:

Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը. Լիտվայի և Հայաստանի նախագահները 2022 և 2023 թվականներին փոխադարձ այցեր են կատարել, 2021 թվականին ես եմ այցելել Լիտվա, աշխատանքային այցով Լիտվա են այցելել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԳ նախարարը, ՆԳ նախարարը, առողջապահության նախարարը: Հայաստան են այցելել նաեւ Լիտվայի խորհրդարանի նախագահը, խորհրդարանի փոխնախագահը, Արտաքին գործերի նախարարը, Ոստիկանության գլխավոր կոմիսարը:

Լիտվան Եվրոպական միությունում մեր վստահելի գործընկերներից է, և մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիությանը և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը Եվրոպական միությունում աջակցելու համար: Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով Քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը:
Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրոպական խորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ է նշանակում, կամ ինչ կարող է նշանակել գործնականում: Խոսեցինք նաև Եվրամիությունում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին:

Լիտվայի վարչապետին ներկայացրել եմ Խաղաղության խաչմերուկի մեր նախագիծն ու առաջարկը, որի մասին նույնպես խոսել եմ Եվրոպական խորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը Ծոցին, և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ: Կարծում եմ՝ միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Պայմանավորվեցինք, որ այս աշխատանքը կակտիվացնենք:

Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի նաև մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, և ԼՂ-ի ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Շնորհակալություն հայտնեցի Լիտվայի կառավարությանը և Եվրամիությանը՝ այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է:

Ընդգծեցի նաև, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը:

Վարչապետ Շիմոնիտե, կրկին թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շնորհակալություն հայտնել Ձեր անկեղծ բարեկամության համար»:

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե. «Հարգելի վարչապետ, հարգելի ընկերներ,

Նախ և առաջ շնորհակալ եմ Երևանում ջերմորեն հյուրընկալվելու համար: Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Լիտվայի վարչապետները Հարավային Կովկասում բազմիցս են եղել, բայց ձեր գեղեցիկ երկում մինչ օրս դեռ չէին եղել, ուստի հպարտ եմ, որ ես և վարչապետ Փաշինյանը կարողացանք շտկել այս անարդարությունը: Մեր ազգերը վաղուց բարեկամական կապեր ունեն, և մեզ միավորում են համանման պատմական փորձառություններ: Փորձառություններ՝ բռնաճնշման, փորձառություններ՝ անկախության համար պայքարի, և ի վերջո, ժողովրդավարությունն ընտրելու և դրան հավատարիմ մնալու՝ յուրաքանչյուրս մեր տեմպով և ժամանակին մեզ բաժին ընկած պահին:

Հպարտ եմ, որ Լիտվան առաջին պետությունն է, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991թ., և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու Ձեր կառավարության հանձնառությանը: Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին, ցավակցում եմ այն տառապանքի համար, որը կրել են տներից հեռացած մարդիկ: Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական, նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին, թեպետ դա չի ամոքի ցավը, հույս ունեմ, որ դա կօգնի հոգալ նրանց որոշ՝ ամենահրատապ կարիքների մի մասը:

Բարձր եմ գնահատում Ձեր կառավարության հանձնառությունը՝ խաղաղության գործընթացին և աջակցությունն՝ այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս և հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել: Ճանապարհը դեպի խաղաղություն՝ դյուրին ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար՝ կայունության և բարեկեցության հասնելու համար:

Մեր հանդիպման ընթացքում վարչապետը և ես քննարկեցինք անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, վերահաստատեցի իմ խորը համոզմունքն առ այն, որ այժմ ավելի քան երբևէ ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս-ուսի տված՝ պաշտպանելով մեր ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: Նաև այս պատճառով է, որ այսօր այստեղ եմ:

Վերահաստատեցի իմ անկեղծ ցանկությունը՝ տեսնելու Հայաստանում Եվրամիության ներկայության ավելացում, վերահաստատեցի, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը: Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել մեր փորձագիտական աջակցությունը Եվրամիություն-Հայաստան համապարփակ խորացված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին:

Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող է Լիտվայի փորձագիտական կարողությունն օգտագործել տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, հատկապես վերականգնվող էներգետիկա, տրանսպորտ և շրջակա միջավայր, ինչպես նաև այլ բարեփոխումներ:

Համոզված եմ, որ բարեփոխումների գործընթացում Հայաստանի հաջողությունը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարձրացնել նրա դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում:

Ամենակարևորը՝ դա կլինի հայ ժողովրդի ընտրության արտացոլումը, որը թույլ կտա կառուցել այն բարեկեցությունը, որին նա իսկապես արժանի է: Անկախ, ինքնիշխան, անվտանգ և բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատելու միասին:

Կրկին շնորհակալ եմ, հարգելի վարչապետ, այս շատ ջերմ ընդունելության համար»:

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի