Հայաստանի իշխանությունները, որոնք մշտապես հայտարարում են, որ թափանցիկ են աշխատում, հանրությունից ոչինչ չեն թաքցնում, ինչպես նաև ամեն առիթով մեզ հիշեցնում են, որ 2018 թվականից ապրում ենք ժողովրդավարության բաստիոնում, մինչև այժմ չեն հրապարակել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների անուն-ազգանունները։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհերի թվի վերաբերյալ դեռևս 2020 թվականից իրարամերժ թվեր են հրապարակվում․ մի շարք ռազմական փորձագետների և անկախ վերլուծաբանների համոզմամբ՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվ գերազանցում է 5000-ը, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ այդ թիվը ուռճացված է և չի համապատասպանում իրականությանը։
Դեռևս 2021 թվականի հունվարի 20-ին այն ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զոհերի վերջնական թիվը չհստակեցրեց, սակայն նշեց, որ այն չի գերազանցելու 4000-ը։ Ավելի ուշ՝ նույն թվականի ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ իր հայտնի սկանդալային հայտարարությամբ առ այն, որ «զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»։ Արդեն 2022 թվականի մարտի 21-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ զոհերի թիվը 3822 է, և անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս հայտարարությունից մոտ մեկ ամիս անց՝ ապրիլի 13-ին, Փաշինյանը հայտնեց, որ զոհերի թիվը 3825 է, որից հետո այլևս զոհերի պաշտոնական թիվ չի հրապարակել։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիային, ապա Քննչական կոմիտեն նույն թվականի դեկտեմբերի 19-ին տեղեկացրել է, որ զոհերի թիվը 224-ն է, բոլորի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։
Ինչ վերաբերում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի զոհերին, ապա նրանց թիվը դեռևս հստակեցված չէ, քանի որ լայնամասշտաբ ագրեսիայի, ինչպես նաև դրան հաջորդած խոշոր պայթյունից հետևանքով կան բազմաթիվ անհետ կորած քաղաքացիներ, ինչը զգալիորեն բարդացնում է գործընթացը։ Նախնական տվյալներով՝ միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զինվորականների շրջանում 200-ից ավելի զոհ կա, քաղաքացիների շրջանում՝ 2 տասնյակից ավելի:
Նկատենք, որ Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված թվերը հանրության մեծ մասն արժանահավատ չի համարում, քանի որ վերջիննսերս առ այսօր չեն հրապարակել ո՜չ 44-օրյա պատերազմում, ո՜չ էլ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի հարձակման ժամանակ զոհված զինծառայողների անուն-ազգանունները։ Նման ցուցակներ հրապարակվում էին Արցախյան 44-օրա պատերազմի օրերին, երբ պաշտոնական քարոզչությունը պնդում էր, թե հաղթելու ենք, սակայն պատերազմի մի փուլում, երբ ակնհայտ էր, որ իրականում ոչ միայն հաղթանակը մոտ չէ, այլ սպասվում է խայտառակ կապիտուլյացիա, այդ գործընթացը դադարեցվեց։
Իրականում Հայաստանի իշխանությունները պարտավոր են հրապարակել զոհված բոլոր զինծառայողների անունները, քանի որ դա հարգանք է նախևառաջ զոհերի և նրանց ընտանիքների, ինչպես նաև զինված ուժերի նկատմամբ։
Առհասարակ աշխարհում բոլոր պետություններն իրենց զինված ուժերում զոհերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են ոչ թե թվաբանական ստատիստիկայով, այլ անուն, ազգանուն, հայրանուններով և զինվորական կոչումներով։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ժողովրդավարության բաստիոն համարվող ՀՀ-ն աշխարհում միակ երկիրն է, որտեղ պատերազմական կամ մարտական գործողություններում զոհված զինծառայողները մնում են անանուն։
Կարծում ենք, որ սա անհարգալի մոտեցում է Զինված ուժերի և զինծառայողների, նրանց կատարած հերոսական գործողությունների նկատմամբ, ինչպես անցած մարտական ուղու նկատմամբ, իսկ պատերազմի ավարտից 3 տարի անց զոհերի տվյալները չհրապարակելը լուրջ կասկածներ է առաջացնում, որ իրականում զոհերի թիվը պաշտոնապես հայտարարվածից շատ ավելին է, և իշխանությունները խուսափում են իրական պատկերը հրապարակել, որպեսզի հանրային հուզումներ չառաջանան։
Հավելենք, որ երբ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի թիվը 75-էր, և բոլոր զոհված զինծառայողների անուն ազգանունները պատերազմի ավարտից օրեր անց հրապարակվել էին, Նիկոլ Փաշինյանը և բազմաթիվ այլ շրջանկներ կասկածի տակ էին առնում այս թիվը և պնդում, թե, իբր, զոհերի իրական թիվը գերազանցում է 100-ը։