Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 17:58 12-10-2023

Ադրբեջանն իրենից կախված ամեն ինչ անում է, որ ներկայիս իրավիճակը շարունակվի․ Պիեռ դ՛Արժան

Հայաստանի հայցը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս Լյովենի համասարանի պրոֆեսոր Պիեռ դ՛Արժանը (Professor Pierre d’Argent) խոսեց փաստական այն 3 իրողությունների մասին, համաձայն որոնց՝ ԼՂ փախստականները, իսկապես, էթնիկ զտման զոհեր են:

«Ուզենա թե չուզենա Ադրբեջանը՝ այլ բառերով հնարավոր չէ տեղի ունեցածը նկարագրել: Ադրբեջանը ձեզ կասի՞, թե ԼՂ այն «բնակիչները» սեփական կամքով են հեռացել: Եվ այդ առասպելը իսկապես աներևակայելի է: Անգամ նախագահ Ալիևն է գիտակցում դա և դրա պատճառով է նոր մի հեքիաթ հորինել: Ուրիշին մեղադրելու իր սովորական պրակտիկայի համաձայն՝ հիմա նա պնդում է, թե այսպես կոչված «ռեժիմն» է ստիպել հեռանալ տարածքից (հոկտեմբերի 7-ի հայտարարություն - խմբ.): Այս առասպելի մեջ դահիճն է զոհին մեղադրում վերջինիս զոհի՝ սեփական տառապանքի մեղավորը լինելու համար»,- ընդգծեց նա: Դիմելով դատավորներին՝ պրոֆեսորը հավանական համարեց, որ «այդ առասպելը, այդ հեքիաթը» առաջիկայում կրկին կլսեն, միաժամանակ ընդգծեց, որ այս իրողությունը չի կարելի անուշադրության մատնել միջանկյալ միջոցին վերաբերող փուլում:

Երկրորդ իրողությունը, որ ԼՂ ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել, այն է, որ Ադրբեջանն իրենից կախված ամեն ինչ անում է, որ ներկայիս իրավիճակը շարունակվի, այսինքն՝ փորձում է ամրապնդել էթնիկ զտման իր ծրագրերը:

Պրոֆեսորը հիշեցրեց, որ Ալիևը հայտարարել է, թե, իբրև, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, բայց նույն այդ ժամանակ ԼՂ-ն դատարկվում էր իր բնակիչներից, մինչդեռ Ալիևը գովաբանում էր նրանց հեռանալու ազատությունը և այն ծրագիրը, որը 2020-ից իրագործվում է որպես «վերադարձի պլան»:

«Սա առնվազն շոկ է առաջացնում: 1886 թվականի մարդահամարի համաձայն՝ ԼՂ բնակչության 85 տոկոսը հայեր էին: Երբ սովետական մարզ ստեղծվեց, 89 տոկոս էր: Սովետական դարաշրջանի ավարտին բնակիչների 77 տոկոսը էթնիկ հայեր էին, իսկ այսօր մի քանի հոգի է ընդամենը մնացել:
ԼՂ-ի պարագայում Ադրբեջանի, այսպես ասած, «մեծ վերադարձի» ծրագիրը ռասիստական նախագիծ է, որի նպատակն է հայրենիքից արմատախիլ արված հայերին, որոնք միշտ մեծամասնություն են եղել, փոխարինել ադրբեջանցիներով: Ադրբեջանի միակ ցանկությունն է, որ դատարանը չխոչընդոտի խտրականության իր այս մեծ նախագծի իրագործմանը, որն իրագործվում է տարածքային ինքնիշխանության շղարշի ներքո: Այս նախագծով ոչ միայն էթնիկ զտում է նախատեսվում, որին աշխարհն ականատես եղավ, այլև գյուղերի, քաղաքների, եկեղեցիների, հայկական մշակույթի՝ հայկական կերպարից զրկում և նենգափոխում»,- ասաց նա, ապա խոսքն ուղղելով դատարանին` հարցրեց.

«Դուք իսկապե՞ս հավատում եք, որ Շուշիում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշարձանի ոչնչացումը և դա Ադրբեջանի դրոշով փոխարինելը, այսպես կոչված, «քաղաքի ազատագրումից» անմիջապես հետո պարզապես վատ ճաշակի հետևանք է: Թե՞ կարծում եք, որ այն, ինչ Շուշիում եղավ 2021-ի սկզբին (իսկ ես փաստերը ձեզ ներկայացրել եմ առաջին պայմանական միջոցի շրջանակում), իրոք հավատում եք, որ դա բացառի՞կ է, պատահակա՞ն է, և դա այևս չի՞ կրկնվի ԼՂ-ում. Բաքվի ռեժիմը կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Թե՞ հավատում եք, որ վերջերս Ստեփանակերտի հարևանությամբ տեղակայված մեծ խաչի ոչնչացումը կամ ինքնաձիգներով 13-րդ դարի հայկական վանքի վրա կրակելը զուտ զինվորների կողմից հաղթանակի՝ հարբած վիճակում տոնելու և մշակութային զգայունություն չունենալու հետևանք է: Թե՞ հավատում եք, որ Ադրբեջանի մշակույթի նախարարության այն պնդումը, թե Գանձասարի վանքը 11-րդ դարում ալբանական կովկասցիներն են հիմնել, իսկ հետո այն կեղծվել է հայերի կողմից ԼՂ-ի, այսպես կոչված, «օկուպացման» ժամանակ, երիտասարդ ստաժորի հնագիտական սխալ է: Իհարկե ո՛չ: Դա պատահականություն չէ, այդ ամենը հստակ հաշվարկված է եղել, շատ լավ ծրագրված և ջանասիրաբար ու աստիճանաբար իրագործվել է՝ միակ նպատակ հետապնդելով ԼՂ-ի էթնիկ զտումն ամրապնդելը և հայերին հստակ ուղերձ հղելն այժմ և մեկընդմիշտ, որ իրենց ներկայության համար այնտեղ ուրախ չեն»,- ասաց նա:

Պիեռ դ՛Արժանը նաև ընդգծեց, որ հայցվող միջոցների նպատակն է նաև այնպես անել, որ Ադրբեջանի կողմից հնարավոր բոլոր «խորամանկությունները և հնարքները» չկանխեն այն վերադարձը, այդ թվում՝ այն պատրվակով, թե փախստականների ինքնությունը կամ գույքային փաստաթղթերը գոյություն չունեն, քանի որ տրվել են, այսպես կոչված, «ռեժիմի» կողմից, որն Ադրբեջանն անօրինական է համարում, հետևապես, օրինակ, ապացույցների բացակայության պարագայում այդ փախստականներն իրավունք չունեն վերադառնալու իրենց տներ:

«Ինչպես վերջին շրջանի անցյալն է մեզ սովորեցնել, Հայաստանի հայցած ցանկացած միջոց, որը Դուք չեք ընդունում, Ադրբեջանի կողմից ընդունվում է որպես ձեր կողմից տրված կանաչ լույս, թողտվություն: Ադրբեջանը ձեր կարգադրությունն ընկալում է որպես Հայաստանի միջնորդության մերժում, ուստի կարծում է, թե Դուք այդպես խրախուսում եք, որ ինքն անի այն, ինչի վերաբերյալ եղել է Հայաստանի միջնորդությունը, թեպետ դատարանի կարգադրության մեջ նշված միջոցը բարեխղճորեն կատարելու դեպքում նույնպես կարգելեր այդ վարքագիծը:

Բայց եթե դուք անորոշ միջոցներ կիրառեք, Բաքուն կօգտվի այդ միջոցներից և անպայման կամրապնդի և վերջնական տեսքի կբերի էթնիկ զտումը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե դատարանը սպասի գործով ըստ էության որոշում կայացնելուն, ապա էթնիկ զտումը կավարտվի:

Երրորդ փաստական իրողությունն այն է, որ Ադրբեջանի խոսքին չի կարելի հավատալ: Ադրբեջանը խոստումներ ու հավաստիացումներ է տալիս՝ փորձ անելով համոզել, որ միջանկյալ միջոցներ կիրառելու կարիք չկա:

«Առաջին պատճառը, թե ինչու Ադրբեջանի խոսքին չի կարելի հավատալ, նաև հենց այն է, որ Ադրբեջանի խոսքը բավարար չէ՝ ապահովելու համար տրավմայի ենթարկված փախստականների վերադարձը ԼՂ: Եթե կարծում եք՝ նրա խոսքը բավարար է, մեծապես օգնած կլինեք, չարաբաստիկ օգնություն ցուցաբերած կլինեք նախագահ Ալիևի մեծն աշխատանքին:

Երկրորդ պատճառը, թե ինչու Ադրբեջանի բառին չի կարելի հավատալ, այն է, որ Ադրբեջանի խոսքը բացարձակ անբավարար է և որևէ պարտավորություն չի առաջացնում»,- ասաց նա՝ հիշեցնելով Ադրբեջանի՝ ազգությամբ հայ քաղբանտարկյալների պարագան և ԼՂ-ում մնացած մի քանի տասնյակ հայերի՝ անվտանգության մասով ստանձնած հանձնառությունները:

«Այս ամենի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի դատարանը կիրառի 10-րդ միջանկյալ միջոցը, մասնավորապես՝ պահանջի, որպեսզի Ադրբեջանը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնի ձեր ապագա կարգադրության կատարման վերաբերյալ:

Հայաստանը քաջ գիտի, որ 2021-ի դեկտեմբերին դուք համարեցիք, որ միջնորդությունը գործի այն հանգամանքներում հիմնավորված չէր, սակայն այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը մի քանի անգամ շրջանցել է ձեր որոշումը:

Հիշեցնեմ՝ հուլիսի 6-ի ձեր կարգադրությամբ նա համարում է, թե Լաչինի միջանցքը փակող անցակետն օրինական է, որը բավական անհավանական բան է: Այդ ժամանակից ի վեր գործի հանգամանքներն ամբողջովին փոխվել են:

Տիկի՛ն նախագահ, եթե ուզում եք երաշխավորել հայրենիքից հեռացած հայ տղամարդկանց և կանանց վերադարձն իրենց հայրենիք, պետք է պահանջեք, որ Ադրբեջանը, կանոնակարգի 78-րդ կետի համաձայն, պարբերաբար պետք է հաշվետվություն ներկայացնի Ձեզ Ձեր ապագա կարգադրության կատարման վերաբերյալ:

Իրավիճակը շատ ծանր է, հիշեցնեմ՝ ապագա որոշման հետ կապված՝ կան վտանգներ, և պետք է նաև Ձեր հեղինակությունը պահպանելու համար դա անել:

Ավելին՝ Հայաստանը, ինչպես գիտեք, ամեն անգամ դատարանին տեղեկացրել է, երբ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել իր միջազգային պարտավորություններին հակառակ, և սուր քննարկումներ են հետո ծավալվել, որոնք ծանր հետևանքներ են առաջացրել և՛ Հայաստանի, և՛ դատարանի համար: Ուստի մենք հավատացած ենք, որ նման միջոց կիրառելը կնպաստի արդարադատության պատշաճ իրականացմանը ևս»,- ասաց նա: