Թուրքիան Սիրիայում և Իրաքում կարող է ընդլայնել իր ռազմական ներկայությունը
copy image url

Թուրքիան Սիրիայում և Իրաքում կարող է ընդլայնել իր ռազմական ներկայությունը

Արտաքին 1 տարի առաջ - 16:45 06-10-2023
Թուրքիան կարող է ընդլայնել Սիրիայի հյուսիսում օդային գործողությունների շրջանակը՝ ուղղված հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրիական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի դեմ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Hürriyet պարբերականը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Սիրիայում օդային գործողությունները կիրականացվեն հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Թուրքիայի ռազմաօդային ուժերը նույն կերպ կգործեն Հյուսիսային Իրաքում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով մարտական ​​ինքնաթիռներ։ Թուրքիան գործելու է արտգործնախարար Հաքան Ֆիդանի հոկտեմբերի 4-ի հայտարարության լույսի ներքո, առ այն, որ հոկտեմբերի 1-ին Անկարայում ՆԳՆ կենտրոնակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սիրիայում և Իրաքում PKK-ի բոլոր ենթակառուցվածքներն ու օբյեկտներն այժմ Անկարայի օրինական թիրախներ են։

Նշվում է, որ Սիրիայի հյուսիսում օդային գործողությունները կդառնան «առօրյա»։

Պարբերականի փոխանցմամբ՝ Անկարան ավարտել է տարբեր սցենարների հիման վրա հարակից տարածքներում գործողություններ իրականացնելու պլանների նախապատրաստումը։ Առաջնահերթություններից է Սիրիայի և Իրաքի հետ սահմաններից ահաբեկիչների ամբողջական մաքրումը։ Այս ուղղությամբ առաջնային թիրախը Հյուսիսային Իրաքի Զապ շրջանն է, որտեղ PKK-ն զգալի կորուստներ է կրել, իսկ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաթ շրջանում գործողություն է նախապատրաստվում։

Ըստ Hurriyet-ի՝ հոկտեմբերի 1-ից թուրքական բանակը Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է PKK-ի 58 օբյեկտ և սպանել 37 զինյալի, սակայն այդ թիվը հոկտեմբերի 5-ի երեկոյան Սիրիայի հյուսիսում ավիահարվածից հետո կարող է աճել։