Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 514 անձ է ժամանել Հայաստան: Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 106 տրանսպորտային միջոց: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից, ժամը 20:00-ի դրությամբ, օգտվել է 48 հազար 649 մարդ. Արագածոտնի մարզում՝ 2305, Արարատի մարզում՝ 12 հազար 445, Արմավիրի մարզում՝ 4461, Գեղարքունիքի մարզում՝ 3996, Լոռու մարզում՝ 2686, Կոտայքի մարզում՝ 11 հազար 630, Շիրակի մարզում՝ 2275, Սյունիքի մարզում՝ 4592, Վայոց ձորի մարզում՝ 1937, Տավուշում՝ 2322 անձ:
ՏԿԵ նախարարությա փոխանցմամբ՝ բոլոր մարզպետարաններում կան աշխատանքային խմբեր։ Ինչպես նաև, Կոռնիձորում քաղաքացիներին տվել են տեղեկատվական թերթիկներ։ Հաշվառման պահին իրականացվել է նաև առաջնային կարիքի գնահատում և բոլոր տվյալները փոխանցվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Նախարարությունից ի դեպ, մեզ հայտնեցին, որ համայնքը կարիքները հոգում է՝ մարզպետարանների համակարգմամբ։
ԿԳՄՍՆ-ից էլ փոխանցեցին, որ երեկվա դրությամբ հաշվածված անձնանցից շուրջ 26․000-ը անչափահաս է եղել։ Շուրջ 7000-ը նախադպրոցական տարիքի երեխաներ են։ 700 երեխա արդեն ընդգրկված է դպրոցներում և առաջիկա շաբաթվա ընթացքում մեծ մասը կընդգրկվի։ Մեր հայրենակիցները կարող են դիմել իրենց ամենամոտ դպրոցը։ Եթե չունեն փաստաթուղթ՝ դա դպրոց ընդունվելու համար խոչընդոտ չէ։ Այսիննք, երեխաները կընդունվեն դպրոցներ՝ անկախ փաստաթղթերի առկայությունից։ Եթե բնակավայրում կա մեկ դպրոց, ապա երեխան անպայման կընդգրկվի՝ անկախ նրանից, լիցենզիոն տեղեր կան, թե՝ ոչ։
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է նաև հոգեբանական աջակցության ծրագիր։ Դպրոցներում տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն։ Գրենական պիտույքների, հագուստի հարցը լուծվում է Կառավարությունից մարզպետարաններին, համայնքապետարանների հատկացված միջոցների շրջանակներում։ Ինչ վերաբերում է դասագրքերին, ապա ըստ կարգի, կարող է դպրոցների միջև փոխանակում տեղի ունենալ, բացի այդ հիմա հաշվառվում է և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խմբաքանակով դասագրքեր կպատվիրեն։ Ի դեպ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են անվճար միանալ և օգտվել ՀՀ տարածքում գործող շարժական կապի ծառայություններից: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել օպերատորների մոտակա գրասենյակներ։
Իսկ նրանք, ովքեր չեն հաշվառվել, կացարան չունեն և հայտնվել են Երևանում՝ մոտենալ Փարաքարի Մշակույթի տուն (հասցե՝ Նաիրի 40)՝ դեպի ՀՀ տարբեր մարզերում գտնվող կացարաններ տեղափոխումը ապահովելու և առաջնային կարիքները գնահատելու նպատակով։
Փաստաթղթային խնդիրներ ունեցող անձանց նշյալ խնդիրները կարգավորելու համար կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել 010370264 հեռախոսահամարով։ Գործում է նաև 114 միասնական թեժ գիծը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։