Սրացման նախորդ օրը խիստ անհրաժեշտ առաքումներ էին տեղ հասել ԼՂ՝ զուգահեռաբար Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով
copy image url

Սրացման նախորդ օրը խիստ անհրաժեշտ առաքումներ էին տեղ հասել ԼՂ՝ զուգահեռաբար Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 00:20 22-09-2023
Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիան սկսելուց առաջ այդ մասին Ադրբեջանը տեղյակ է պահել ռուս-թուրքական համակարգման կենտրոնին և ՌԴ խաղաղապահներին: Այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Ենչան։

Պաշտոնյան ընդգծել է, որ զարգացումները հանգեցրին ռազմական գործողությունների կտրուկ սրացման, ադրբեջանանական զինված ուժերը հատեցին շփման գիծը։

«Ստացվեցին մահվան դեպքերի մասին տեղեկություններ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սկսվեց մի քանի հազար մարդկանց տարհանումը Լեռնային Ղարաբաղի ներսում:

ՌԴ խաղաղապահ զորակազմն արձանագրեց բազմաթիվ խախտումներ: ՄԱԿ-ը, որը ներկա չէ նշված տարածքում կամ ՌԴ խաղաղապահների մանդատի ներքո գտնվող այլ տարածքում, ի վիճակի չէ հաստատել տարբեր պնդումները և մեղադրանքները: Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշատակել գլխավոր քարտուղարի ծայրահեղ մտահոգությունն այն առումով, որ վերսկսվել են մարտական գործողությունները, որոնց պատճառով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ են զոհվել:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը նույնպես մտահոգություն է հայտնել ԶՈՒ-ն քաղաքացիական անձանց նկատմամբ կրկին գործադրելու առթիվ: Նա նշել է, որ շատ կարևոր է վերադառնալ խաղաղության գործընթացին և աշխատել համաձայնության ուղղությամբ, որի հիմքում կլինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:

Գլխավոր քարտուղարը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում խստագույնս հետևել 2020թ նոյեմբերի հայտարարության համաձայն սահմանված հրադադարին և շարունակել կատարել իրենց պարտականությունները, հատկապես նրանք, որոնք կապված են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի հետ:

Պարոն նախագահ, սրացումը տեղի ունեցավ, երբ նախորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, խիստ անհրաժեշտ առաքումներ էին տեղ հասել՝ ցորեն, ալյուր, կարևորագույն բժշկական պարագաներ՝ զուգահեռաբար Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով: Խորհրդի անդամները, թերևս, կհիշեն, որ վերջին ամսվա ընթացքում քաղաքացիական անձանց տեղաշարժի և մարդասիրական օգնության հասանելիության հարցերը լարվածության և կտրուկ քննարկումների աղբյուր են եղել Բաքվի և Երևանի միջև: Գլխավոր քարտուղարը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրավիճակի սրացման հետևանքներով, որոնք կապված են փխրուն մարդասիրական իրավիճակի հետ: Նա բոլոր կողմերին կոչ է անում հրատապորեն ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիական անձանց:

Մենք նաև արձանագրում ենք, որ ԿԽՄԿ-ն մտահոգություն է հայտնել տարածաշրջանում բնակվող առանց այդ էլ խոցելի բնակչության համար վերջին դեպքերի մարդասիրական հետևանքների վերաբերյալ: Վերհիշելով, որ արդեն մի քանի ամիս խիստ սահմանափակ է բուժօգնության և հիմնական պարագաների հասանելիությունը՝ ԿԽՄԿ-ն գնահատել է, որ իրավիճակը, հավանաբար, կխորացնի նրանց տառապանքը:

Պարոն նախագահ, վերջին մի քանի օրերի զարգացումները պետք է դիտարկել մշտական դարձած՝ հրադադար կանոնավոր խախտումների ընդհանուր օրինաչափությունների շրջանակում: Երեկ դադարել են մարտական գործողությունները, բայց տեղում իրավիճակը մնում է հեղհեղուկ: Մենք նաև գիտակցում ենք, որ որպես դրական քայլ՝ տեղի բնակչության ներկայացուցիչները և Ադրբեջանի կառավարությունը հանդիպել են այսօր՝ մի քանի ժամ առաջ, և նախնական քննարկում ունեցել:

Ավարտելով՝ կոչ ենք անում տևականորեն վերջ դնել բոլոր մարտական գործողություններին: Իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի մարդկային զոհերի, կորուստների, տառապանքի և միջազգային աջակցություն վայելող խաղաղության ջանքերը կխափանվեն: Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և էական կարիքները հոգալը, այդ թվում՝ նրանց մարդու իրավունքները պաշտպանելը պետք է գերակայություն լինեն: Իրական երկխոսությունն Ադրբեջանի և տարածաշրջանի ներկայացուցիչների միջև, ապահովելով լիարժեք ներգրավումը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին, միևնույն ժամանակ ապագային ուղղված միակ կայուն ընթացքն է:

Քարտուղարությունը շարունակելու է կապ պահպանել բոլոր շահագրգիռ կողմերի և դերակատարների հետ և պատրաստակամություն է հայտնում աջակցել խաղաղությանն ուղղված ընթացիկ ջանքերին: Քարտուղարությունը նաև պատրաստ է իրականացնել մարդասիրական կարիքների գնահատում, եթե ստանա հասանելիություն, և աջակցություն ցուցաբերել՝ ըստ կարիքի»,- նշեց Միրոսլավ Ենչան։

Ձեզ գուցե հետաքրքրի