Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:40 14-09-2023

Կայացավ փաստաբան Ավետիք Հարությունյանի «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 12-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյանի հեղինակած «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի շնորհանդեսը («ԱՐՑԱԽ» հրատարակչություն, 332 էջ):

Շնորհանդեսին, որը վարում էր Անուշ Բաբայանը, ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը, գրքի խմբագիրները, փաստաբաններ ու գործընկերներ, գրում է avejus.am-ը։

Բացելով միջոցառումը՝ Անուշ Բաբայանը ներկայացրեց Ավետիք Հարությունյանին, նրա գիտական ու հասարակական գործունեությունը, հեղինակած ուսումնասիրության կառուցվածքը, բովանդակությունը և այլ կարևոր փաստեր:

Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջարկությամբ միջոցառումը սկսվեց Ներսես Շնորհալու աղոթքով, այնուհետև որպես գիտնական-հոգևորական նա անդրադարձավ գրքին, մասնավորապես հեղինակի կողմից արծարծված իրավունքի և կրոնի հարաբերակցության հարցերին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը՝ անդրադառնալով գրքի անհրաժեշտությանը՝ դաշտում առկա մասնագիտական պահանջարկի առումով, ինչն էլ կարևորվել է տպագրության երաշխավորող կազմակերպության՝ ՀՖՀՀ-ի գիտամանկավարժական խորհրդի կողմից: Վերջինիս և «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ է տպագրվել գիրքը:

Աշխատության մասնագիտական խմբագիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը խոսեց ինչպես հեղինակի աշխատասիրության, հետևողականության, իրավունքի փիլիսոփայության խորքային ընկալման, այնպես էլ ծնունդով արցախցի նշանավոր ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ջատագովն ու գիտակը լինելու առանձնաշնորհների մասին:

Այնուհետև ելույթ ունեցան գրքի խմբագիր, փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանը, գրքում ներառված տերմինաբանական բառարանի խմբագիր, բ.գ.թ. Աննա Ղարսլյանը՝ կարևորելով աշխատության տեսական ու կիրառական նշանակությունը:

Բովանդակալից ելույթով հանդես եկավ նաև հեղինակը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության, գնահատանքի և ոգևորիչ ելույթների համար: Ավետիք Հարությունյանը նշեց, որ գիրքը կարևոր է ինչպես էթիկական, այնպես էլ բովանդակային առումներով: Այն սիրով ու երախտագիտությամբ նվիրել է ծնողներին՝ ՀԱՄԼԵՏ ՇԱՀԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ Արցախի Հանրապետության Շոշ գյուղի դպրոցի 41 տարվա տնօրենին ու վաստակավոր մանկավարժին, և ԺԱՆԵՏԱ ԱՇՈՏԻ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ՝ նույն դպրոցի մաթեմատիկայի 43-ամյա ուսուցչուհուն ու վաստակավոր մանկավարժին, որոնց պարտական է իր մեջ կրթության, գիտության, իրավունքի և փիլիսոփայության հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելու, նաև կյանքը փիլիսոփայորեն ընկալելու և իմաստավորելու համար:

Անդրադառնալով գրքի բովանդակային մասին՝ հեղինակը ներկայացրեց իրավունքի փիլիսոփայության հանդեպ առաջացած հետաքրքրության, գրքի ստեղծման նախապատմության, կառուցվածքի, արդի հիմնահարցերի, ինչպես նաև իրավունքի փիլիսոփայությանն առնչվող նոր գաղափարների իրագործման մասին:

Աշխատությունը, որը հիմնված է Արցախի ու Հայաստանի բուհերում հեղինակի՝ մոտ 15 տարի դասավանդած համանուն դասընթացի դասախոսությունների վրա, բաղկացած է 7 գլխից՝ 50 ենթահարցով և 4 հավելվածով (ներառյալ տերմինաբանական բառարանը):

Ավետիք Հարությունյանը ներկայացրեց նաև իր հիմնադրած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի (www.avejus.am) գործունեության հիմնական ուղղությունները:

Հեղինակը միտքն ամփոփեց հետևյալ կերպ. «Աշխարհում տեղի ունեցող բացասական ու հակաիրավական երևույթների պատճառներից մեկն էլ իրավունքի և իրավունքի փիլիսոփայության արժևորման պակասն է, անտարբեր վերաբերմունքը, եթե ոչ հենց արհամարհումն ու ժխտումը: «Իրավունք» երևույթը շիտակ ձևով ընկալված, իմաստավորված, արժեվորված ու իրացված չէ ինչպես մարդկության, այնպես էլ պետությունների կողմից: Միգուցե ինչ-որ չափով ընկալված է, սակայն նրա ամբողջ ներուժն իրացված չէ, հակառակ դեպքում երկիր մոլորակն արդարության ու ազատության հետ խնդիրներ չէր ունենա: Մարդը և մարդկությունը զարգանում են դեպի ազատությունը, իրավունքը, հավասարությունը և արդարությունը՝ դրանց բացակայության իրավիճակից ելնելով»:

Աշխատության վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնեց նաև Եվրոպական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը՝ կարևորելով աշխատության գիտագործնական նշանակությունը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից

Ձեզ գուցե հետաքրքրի