Երևան +15°
copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 22:14 28-08-2023

Ավետիք Իսահակյան և Եղիշե Չարենց․ մի լուսանկարի պատմություն

Ավետիք Իսահակյանն ու Եղիշե Չարենցը մտերիմ էին։ Վարպետն իր շուրջն էր հավաքում ժամանակի բոլոր երիտասարդ գրողներին։ Հայտնի է, որ Չարենցի բանտարկությունից, ապա մահից հետո Իսահակյանը հոգացել է Իզաբելլայի և Չարենցի դուստրերի կարիքները։ Եվ միայն Իզաբելլայի աքսորից հետո երեխաները հայտնվեցին մանկատանը։



Իսահակյանի և Չարենցի հոգևոր ամուր կապի մասին է խոսում նաև Չարենցի վերջին օրերից մի դրվագ։ Բանտախցում Չարենցը լսում է, թե ինչպես է դրսում հնչում Իսահակյանի հայտնի «Որսկան ախպեր» բանաստեղծության հիման վրա գրված երգը, հուզվում է և մի վերջին բանաստեղծություն գրում ձեռքի տակ եղած թաշկինակի վրա։ Այդ փոքրիկ նամակն այս տեսքն ուներ․

«Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:

Որքան գնում – այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:

Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա:

Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին`
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա:

Ա՜խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին –
Եվ նա հավետ այնտեղ մնար:

Եվ սերունդներ այսպես գային,
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,-
Եվ երգս այդ ես քեզ տայի:

1937.27.IX. բանտ, գիշեր

Բանաստեղծությանը հաջորդում էր բանաստեղծի հետևյալ վերջին խոստովանությունը. «Այս է, սիրելի Ավետիք: Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին: 1937.6.X. բանտ»:



Նամակը իր սպիտակեղենի հետ հանձնել էր կնոջը, իսկ Իզաբելլան էլ՝ Չարենցի ճակատագրով մտահոգ Վարպետին։

Բայց երկու հանճարների մտերմությունն սկսվել էր տարիներ առաջ Վենետիկում։ Եղիշե Չարենցը իր արտասահմանայն շրջագայության շրջանակում՝ 1925 թ․ մարտին, լինում է Վենետիկում և մոտ մեկ ամիս անցկացնում Ավ․ Իսահակյանի հետ։

«Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա ճանապարհորդելու։ Ինձ մոտ եկավ նա Հռոմից։ Առաջին տպավորությունը, որ ստացա նրանից, փայլուն չէր։ Վտիտ մարմին, կարճահասակ, բայց խոհական, խելացի աչքերով։ Մնաց մի ամբողջ ամիս Վենետիկամ, և մենք շատ և շատ խորին կերպով բարեկամացանք, մտերմացանք։ Ամբողջ օրը միասին էինք։ Առավոտը կանուխ գալիս էր հյուրանոցից, մնում էր մինչև ուշ գիշեր մեր տանը։ Թափառում էինք հրաշալի Վենետիկում՝ ջրանցքներով, գոնդոլներով, գնում էինք ծովափ, հետո գնում էինք Մխիթարյանների վանքը՝ Սուրբ Ղազար։ Խոսում էինք անվերջ ամեն հարցերի մասին՝ գիտության, գրականության, փիլիսոփայության, հեղափոխության, բոլոր այն մեծ խնդիրների, որ կան, և փոքր խնդիրների նաև, որ հուզում են մարդկանց»,- իր հուշերում գրում է Ավետիք Իսահակյանը»:

Վարպետն ու Չարենցը համատեղ մի լուսանկար ունեն, որն արվել է Վենետիկում՝ Սբ․ Մարկոսի հրապարակում։



«Վենետիկի հասարակությունը իր պարապ ժամերը անց է կացնում աշխարհի մեջ ամենագեղեցիկ հրապարակի վրա։ Մի կողմը Սուրբ Մարկոսի հրաշալի տաճարն է, մյուս երեք կողմերը թանգարաններն են՝ բոլորն էլ մարմարակերտ պալատներ։ Եղիշեի հետ էլ մենք անցկացնում էինք Սուրբ Մարկոսի հրապարակի զանազան սրճարաններում։ Սուրբ Մարկոսի հրապարակը լեցուն էր աղավնիներով, որ կոչվում են Սուրբ Մարկոսի աղավնիներ՝ հազարավոր, տասնյակ հազարավոր, և կառավարությունը կերակրում է նրանց։ Հրապարակում ծախում են հունդեր, սիսեռ՝ կերակրելու համար աղավնիներին։ Հասարակությունը, մանավանդ տուրիստական հասարակությունը, շարունակ նկարվում էր՝ ափերում սիսեռ բռնած։ Աղավնիները գալիս, նստում են կտցահարելու համար, և՛ ուսերի վրա, և՛ գլխարկների վրա։ Ահա, ես ու Չարենցն էլ նկարվեցինք Սուրբ Մարկոսի հրապարակի վրա՝ աղավնիների հետ միասին։ Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին 3 - 4 աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ», -հիշում է Ավետիք Իսահակյանը:

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված