Ավտոմեքենաների լուսարձակներ․ զանգվածային ապօրինություն՝ Ոստիկանության կողմից
copy image url

Ավտոմեքենաների լուսարձակներ․ զանգվածային ապօրինություն՝ Ոստիկանության կողմից

Ներքին 1 տարի առաջ - 11:00 24-08-2023
Հայաստանում բազմաթիվ ավտոմեքենաների, հատկապես ամենագնացների վրա տեղադրված են լրացուցիչ լուսարձակներ։ Oragir.News-ն արդեն անդրադարձել է այն խնդրին, որ մեր երկրում ընդհանրապես չեն ստուգվում լուսարձակների թույլատրելի ուժգնությունը, նույնը վերաբերում է նաև լրացուցիչ՝ ոչ գործարանային լուսարձակներին։

Վարորդների խոսքով՝ նման լուսարձակներն անհրաժեշտ են հատկապես արտաճանապարհային երթևեկության համար, որովհետև քաղաքային պայմաններին հարմարեցված լուսարձակները չեն կարող բավարարել անտառոտ կամ լեռնային գոտիներում վարելուն։

Անցած տարվանից, երբ Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայությունը սկսեց «ամրապնդել» իր դիրքերը, պարեկների թիրախում հայտնվեցին նաև լրացուցիչ՝ ոչ գործարանային լուսարձակներ ունեցող մեքենաները։ Մասնավորապես, եթե վարորդները տեղում հեռացնում էին այդ սարքերը, ապա տուգանվում էին 5000 դրամով, իսկ եթե մեքենան տեղափոխվում էր հատուկ պահպանվող տարածք, ապա տուգանքի չափը կազմում էր 10 հազար դրամ, իսկ սարքը բռնագրավվում էր պարեկների կողմից։

Oragir.News-ը պարզել է, որ վարորդներին տուգանելու և լուսաձայնային ազդանշաններն առգրավվելու գործողություններն իրականում ապօրինի են։
Պարեկային ծառայությունն իր գործողությունը հիմնավորում է նրանով, որ նման սարքավորումները լուսաձայնային ազդանշաններ են, սակայն փաստն այն է, որ դրանք լուսարձակներ են, քանի որ ունեն սպիտակ լույս և լուսավորելուց բացի՝ այլ նշան չեն հաղորդում երթևեկության մասնակիցներին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցներին արգելվում է առջևի մասում տեղադրել ցանկացած գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ, շրջադարձի ցուցիչներ և այլ լուսային սարքեր, բացի սպիտակ, դեղին, կամ նարնջագույն գույների լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի սպիտակ գույնից։

Այլ կերպ ասած՝ արգելված է միայն այն գույնի լուսարձակների տեղադրումը, որոնք վարորդների մոտ կարող են նույնանալ ոստիկանության կամ շտապ օգնության մեքենաների հետ։

2022-2023թթ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել միայն 5 վարորդ։ Այս մասին Oragir.News-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ ի պատասխան հարցի, թե 2022-23 թթ․ լուսաձայնային ազդանշանի անվան տակ քանի լուսարձակ է հանվել մեքենաների վրայից։

Նախարարությունից մեզ նաև հայտնել են, որ վարչական տույժ նշանակելու մասին այդ որոշումները վերադասության կարգով չեն գանգատարկվել և չեն բեկանվել:

Մենք նաև հետաքրքրվել էինք, թե ոստիկանության պահեստներում այս պահին քանի առգրավված լուսային սարքավորում կա։ Ոստիկանությունից մեզ հայտնել են՝ դրանց քանակի հաշվառում չի իրականացվում, իսկ դրանց վերադարձը կարող է իրականացվել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը վերադասության կարգով գանգատարկելու կամ դատական կարգով բողոքարկելու արդյունքում կայացված համապատասխան որոշման առկայության դեպքում:

ՆԳՆ-ից նաև մեզ ընդարձակ պարզաբանումներ էին տրամադրել օրենքի կիրառության մասին։ Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

Նույն հոդվածի 3-5-րդ հոդվածների համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում: Եթե, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում: Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:

Oragir.News-ի ընթերցողներից մեկը պատմեց իր հետ կատարված զավեշտալի միջադեպի մասին. մասնավորապես պարեկները քաղաքացուց առգրավվել են իր լուսարձակը՝ պնդելով, որ դա լուսաձայնային ազդանշան է, իսկ նա հետագայում բողոքարկել է որոշումը։ Երբ պարեկները պետք է վերադարձնեին սարքը, պարզվել է, որ Ոստիկանությունը չի կարողանում գտնել առգրավվածը։ Առաջին փորձի ժամանակ քաղաքացին նկատել է, որ փաթեթի վրա առկա է իր ստորագրությունը, սակայն վերադարձվող սարքն իրենը չէ։

Քաղաքացին ստիպված է եղել մոտ մեկ ամիս սպասել, մինչև պարեկները գտել են նրա սարքը։

Պատմությունից պարզ է դառնում, որ ոստիկանական պահեստներում պահվում են հազարավոր նմանատիպ սարքեր, որոնք և առգրավվել են, և այժմ պահվում են ապօրինի։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են