Երևան +14°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 22:00 16-08-2023

«Աստղիկ» ԲԿ-ում խաբում և թալանում են մարդկանց․ բուժաշխատող

«Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում խաբելով թալանում են մարդկանց»,- Оragir.News-ի հետ զրույցում ասաց նույն բուժհաստատության աշխատակիցներից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

Նա պատմեց, որ ամիսներ առաջ աշխատակիցներին հետազոտությունների ցանկ են տրամադրել, հորդորել, որ հիվանդանոց այցելած քաղաքացիներին անպայման ուղարկեն նաև նշված հետազոտություններին, կապ չունի, քաղաքացին այդ հետազոտության կարիքն ունի, թե ոչ։ Աստղիկ ԲԿ-ի աշխատակցի խոսքով՝ պարտադիր հետազոտությունների թվում են՝

Արյան ընդհանուր հետազոտությունը՝ 3000 դրամ,
Խոլեստերին՝ 1000 դրամ,
Կրեատինին՝ 1000 դրամ և մի քանի այլ հետազոտություններ։

«Վերջերս հիվանդներից մեկն ասաց, բայց ես այս անալիզների կարիքը չունեմ, ինչո՞ւ եք ամեն անգամ ուղարկում արյան ընդհանուր անալիզի։ Այսինքն՝ մարդիկ կամաց-կամաց հասկանում են, որ ԲԿ-ում իրենց թալանում են։ Քանի որ մեծ վճարներ են անում՝ հարյուրավոր հազար դրամներ, տնօրինությունը կարծում է, որ այդ մի քանի հազար դրամը մարդկանց աչքին չի երևա ու պահանջում են այդ հետազոտություններն էլ հանձնեն։

Բացի այս, մի քանի ամիս է, ինչ թանկացրել են բժշկի խորհրդատվությունը, 10․000 դրամի փոխարեն դարձրել են 12․000 դրամ»,- պատմեց ԲԿ-ի աշխատակիցը։

Պարզվում է, որ Աստղիկ ԲԿ-ի տնօրինությունը խիստ պահանջներ է դրել նաև աշխատակիցների առաջ։

«Անվճար Wifi-ն անջատել են, որպեսզի աշխատակիցները չօգտվեն։ Ասել են՝ եթե միջանցքում տեսնեն հեռախոսը ձեռքին՝ մայրապետ կամ բուժքույր, նկատողություն են անելու կամ աշխատավարձից պահում անեն։

Բացի այս, տուգանք են սահմանել նաև ֆորմայով հիվանդանոցի տարածքից դուրս գալու համար։ Եթե շտապ բան է պետք լինում, պետք է փոխվենք, նոր դուրս գանք, այլապես տուգանում են։

Իսկ ամենաաբսուրդ տուգանքը սահմանել են Ալեքսանյանների ընտանիքին պատկանող դեղատնից բացի այլ դեղատնից օգտվելու դեպքում։ Ասել են՝ պետք է միայն «Նատալիֆարմ» դեղատնից օգտվեք, այլ դեղատնից իրավունք չունեք, եթե տեսնենք, թեկուզ աշխատանքային ժամից հետո, ապա իմացեք, որ տուգանվելու եք, իսկ եթե կրկնվի, ապա աշխատանքից կազատվեք։ Բժիշկների աշխատավարձերը միլիոններ են, իսկ մայրապետների, բուժքույրերի և գործավարներինը՝ կոպեկներ։ Թող Սամվել Ալեքսանյանն այդ ուղղությամբ մտածի, աշխատավարձ բարձրացնի, ոչ թե տուգանի»,- ասաց բուժհաստատության աշխատակիցը։

Նրա խոսքով՝ «Աստղիկ» ԲԿ-ում այլ մութ գործեր էլ են անում, սակայն այս պահին չցանկացավ դրանց մասին բարձրաձայնել։