copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 22:09 09-08-2023

Տառապել հպարտությամբ և մեռնել հաճույքով․ Հերման Հեսսեի հիշատակի օրն է

Գերմանացի հրապարակախոս և արձակագիր Հերման Հեսսեն հարամրվում է հանճարեղ ինտրովերտ, իսկ նրա վեպը՝ մարդու ինքնափնտրտուքի մասին՝ «Տափաստանի գայլը», իր հոգու կենսագրությունն է։

Այսօր գրականության համար Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի հիշատակի օրն է։

Հերմանը պատկանում էր բողոքական քահանաների ընտանիքին։ Հոր՝ Յոհաննես Հեսսեի նախնիները 18-րդ դարից միսիոներական աշխատանքով են զբաղվել, նա նույնպես իր կյանքը նվիրել էր քրիստոնեական լուսավորությանը։ Մայրը՝ Մարիա Գունդերտը, կիսով չափ ֆրանսիացի էր, կրթությամբ բանասեր, նույնպես ծնվել էր հավատացյալ ընտանիքում և մի քանի տարի անցկացրել Հնդկաստանում՝ միսիոներական նպատակներով: Յոհաննեսի հետ ծանոթության ժամանակ նա արդեն այրի էր և երկու որդիների մայր։



Հերմանը ծնվել է 1877 թվականի հուլիսին Բադեն-Վյուրտեմբերգ նահանգի Կալու քաղաքում։ Ընդհանուր առմամբ, Հեսսենի ընտանիքում ծնվել է վեց երեխա, բայց միայն չորսն են ողջ մնացել։

Ծնողները իրենց որդու մեջ տեսնում էին իրենց գործի շարունակողին, ուստի երեխային ուղարկեցին միսիոներական դպրոց, այնուհետև Բազելում գտնվող քրիստոնեական պանսիոնատ, որտեղ ընտանիքի գլուխը պաշտոն ստացավ միսիոներական դպրոցում: Դպրոցական առարկաները Հերմանին հեշտությամբ էին տրվում, նա հատկապես սիրում էր լատիներենը և հենց դպրոցում էր, ըստ գրողի, սովորել ստի և դիվանագիտության արվեստը։ Բայց գրականության ապագա Նոբելյան դափնեկիրի հուշերի համաձայն՝ նա համոզված էր․ «Տասներեք տարեկանից ինձ համար պարզ էր մի բան՝ ես կա՛մ գրող պիտի դառնայի, կա՛մ ընդհանրապես ոչինչ»։

Հեսսեի մտադրությունները չընդունվեցին ընտանիքում և այն ուսումնական հաստատություններում, որտեղ նա հաճախում էր։



«Մի ակնթարթում ես դուրս բերեցի այն դասը, որը կարելի էր քաղել այս իրավիճակից. գրողը մի բան է, որը թույլատրվում է լինել, բայց թույլ չի տրվում դառնալ»:

Հերմանին ուղարկեցին Գյոպինգենի լատինական դպրոցում սովորելու, ապա աստվածաբանական սեմինարիա, որտեղից նա փախավ։ Հերմանը կես դրույքով աշխատում էր տպարանում և որպես աշակերտ մեխանիկական արհեստանոցում, օգնում էր հորը աստվածաբանական գրականության հրատարակչությունում և աշխատում էր աշտարակի ժամացույցների գործարանում։

Հեսսեի խոսքով՝ չորս տարի նա նախանձելի եռանդ է դրսևորել լեզուների, փիլիսոփայության, համաշխարհային գրականության, արվեստի պատմության ուսումնասիրության մեջ։ Բացի գիտություններից, նա շատ թուղթ է սպառել՝ գրելով առաջին գործերը։ Շուտով Հեսսեն հանձնեց գիմնազիայի դասընթացի համար անհրաժեշտ քննությունները և ընդունվեց Տյուբինգենի համալսարան որպես ազատ ուսանող:

«Հոգևոր կյանքը ընդհանրապես հնարավոր է դառնում միայն անցյալի, պատմության, հնության և հնության հետ մշտական ​​կապի շնորհիվ»,- վստահ էր նա:



Հեսսեի հատկապես վաղ շրջանի աշխատանքները ռոմանտիկական են։ Իր առաջին ստեղծագործություններում նկատվում է ուժեղ ազդեցություն գերմանական այնպիսի դասականների, ինչպիսիք են Գյոթեն, Շիլլերը , Նովալիսը։ 1927 թվականին Հյուգո Բալլը Հեսսեին ռոմանտիզմի վերջին ասպետ է անվանել։ Գրականության այդ ուղղության թեմաններն ու կերպարները ուղեկցում են ողջ ստեղծագործական ընթացքին. հերոս՝ հակադրված շրջակա միջավայրին, փախուստ հասարակությունից, և ես-ի փնտրտուքներ։

Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես, օրինակ, վարպետ Տոմասը-Տոմաս Մանն, Յակոբ հայրը-Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր հերոսներին Հեսսեն հիմնականում իր սեփական բնավորությունն է տվել, իսկ երբեմն՝ կին հերոսներին իր անվան նման անուն, ինչպես Հերման-Հերմինե։ Ընդհանրապես Հեսսեն իր կյանքի կարևոր դրվագները արտացոլել է իր գրվածքներում։

1942 թվականի գարնանը Հեսսեն ավարտում է իր «Հուլունքախաղ» վեպը, որի վրա հեղինակը աշխատել է 11 տարի։

1946 թվականին Հեսսեն ստանում է գրականության Նոբելյան մրցանակ այս վեպի համար։



«Հուլունքախաղ»-ից հետո Հեսսեն այլևս ծավալուն ստեղծագործություն չգրեց։ Կյանքի վերջին տարիների ակտիվ նամակագրություններ ունեցավ և պատմվածքներ գրեց։

Առողջությունը վատացավ, և 1962 թվականի ամռանը լեյկոզ տարածվեց։ Օգոստոսի 9-ին Հեսսեն մահացավ քնած ժամանակ ուղեղի ներքին արյունահոսությունից։ Օգոստոսի 11-ին Հեսսեն թաղվեց Ս.Աբոնդիա եկեղեցու գերեզմանատանը։