2018 թվականի իշխանափոխությունից հետո ձևավորված «Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան
ուղիղ եթերում պատմել էր, որ խմբավորումն այլևս կապ չունի իշխանության հետ, և որ ինքը հրաժարվել է պաշտոնի բոլոր առաջարկներից։
Oragir.News-ը զրուցեց Ստեփանյանի հետ։
-Պարո՛ն Ստեփանյան, երեկ տեսանյութով էիք հանդես եկել՝ ասելով, որ հրաժարվել եք պաշտոններից և այլ առաջարկներից։ Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, ո՞ւմ կողմից եք ստացել դրանք։-Այո՛, իշխանության կողմից պաշտոնավարման առաջարկ ստացել եմ, սակայն հրաժարվել եմ՝ հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված առաջին հերթին քաղաքական իրավիճակը և Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները։ Այս ամենի համար որոշում եմ կայացրել շարունակել աշխատանքս «Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպության օրակարգում, որտեղ ես հանդիսանում են նախագահ։ Հետևաբար որևէ պաշտոն զբաղեցնելու նպատակ և ցանկություն այս պահին չունեմ, չեմ էլ քննարկում։ Մենք առաջնորդվում ենք 2018 թվականին ժողովրդի կողմից ակնկալված արժեքների գաղափարախոսությամբ։ Այսինքն՝ ինչը որ հայտարարվել է հեղափոխության ժամանակ և ինչի համար, որ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, չի փոխվել։ Հիմա այլ անձանց կողմից է դիրքորոշում փոխվել։ Մենք այսօր գաղափարային տարաձայնություններ ունենք։ 2018 թվականի խոստումներն ու հայտարարությունները մնացել են հայտարարությունների տեսքով։
-Ի՞նչ օրակարգ ունի այսօր «Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպությունը։-Մեր օրակարգում Հայաստանի Հանրապետության շահի մտահոգությունն է, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին մտահոգությունն է, կադրային քաղաքականությունն է, որը այսօր արվում է իշխանության կողմից և նմանատիպ հարցեր։ Երեկ էլ նշեցի, որ տեղեկություններ ունենք որոշ անձանց մասին, ովքեր այս պահին, ունենալով պետական պաշտոն, չեն սպասարկում ՀՀ-ի շահը։ Մենք պայքարում ենք նակին-ներկա մթնոլորտը վերացնելու դեմ, պայքարում ենք կրոնի և եկեղեցու դեմ իրականցվող գործընթացի դեմ։ Բոլոր այն անարդարությունները, որոնք դուք տեսնում եք, տեսնում ենք նաև մենք և փորձում որևէ լուծում տալ։
-Ե՞րբ հասկացաք, որ իշխանությունը դեմ է գնում իր իսկ հռչակած հեղափոխության արժեքներին։-Ես չեմ ուզում խոսել իշխանության մասին, ես ուզում եմ խոսել 2018 և 2021 թվականներին իշխանության ներկայացուցիչների կողմից հայտարարված աշխատանքերի մասին, որոնք պետք է իրականացվեին։ Հաշվի եմ առել հենց այդ հայտարարությունները և «Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամների հետ եկել ենք այն եզրահանգման, որ այդ խոստումների մեծ մասը չի իրականացվել, մի մասն իրականացվել է փիարի համար։ Գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից են արվել տարբեր հայտարարություններ, և մենք փաստացի այսօր արձանագրում ենք, որ այս ասվածների մի մասը ուղղակի չի իրականացվել, մի մասի հակառակն է իրականացվել։ Մենք անձնական հարցեր իշխանության հետ չունենք, մենք խոսում ենք ՀՀ-ի պետական շահերից և մեր երկրի առաջ ծառացած խնդիրներից։ Դա է մեզ դրդել անել երեկվա հայտարարությունը։
-Պարո՛ն Ստեփանյան, բազմաթիվ դեպքեր կան, որ իշխանության դեմ խոսող մարդիկ մեկուսացվել են, կալանավորվել, նրանց դեմ քրեական գործեր ենք հարուցվել։ Չե՞ք վախենում, որ Ձեզ էլ կձերբակալեն։-Ես վախենում եմ Հայաստանի Հանրապետության անորոշ ապագայից։ Թե ինչ տեղի կունենա մեր անձերի հետ, ինչ գործեր կհարուցվեն, կամ ինչ ձերբակալություններ կլինեն, կամ այլ սպառնալիքներ կլինեն, մեզ չեն հետաքրքրում։ Մենք լրջագույն խնդիրներ ունենք ՀՀ-ի և ԱՀ-ի մասով։ Մնացածը այս պահին էական չէ։ Անկեղծ ասած՝ ձեր հարցից առաջ դրա մասին չէի էլ մտածել։
-Դուք նաև պարբերաբար գրառումներ եք կատարում՝ քննադատելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կատարած աշխատանքը, ի՞նչ դժգոհություններ ունեք իր հետ կապված։-Անձամբ Տիգրան Ավինյանի հետ շփում չեմ ունեցել, մի երկու անգամ իրար հանդիպելուց բարևել ենք։ Ավինյանի գործելաոճը, կատարած աշխատանքները պարբերաբար թե՛ մեր, թե՛ ակտիվ քաղաքացիների կողմից լուսաբանվում են։ Խնդիրները, որոնք կան Երևանի քաղաքապետարանի տիրությում, լուծվում են թերի կամ չեն լուծվում կամ էլ լուծվում են անորակ։ Կարող եմ Ձեզ մի դեպք հիշեցնել․ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի հունիսի 20-ը, այսինքն՝ մինչև ընտրությունների ավարտը Տիգրան Ավինյանը մեկուսացված է եղել, «Ապագա կա»-ի քարոզարշավին առհասարակ չի մասնակցել։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում․ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը իրականում չմասնակցեց 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Իսկ կարո՞ղ է պատահի, որ Տիգրան Ավինյանը վախենում էր, որ գործող իշխանությունը չընտրվի, և իր համար պլատֆորմ էր ստեղծում։ Այս հարցերի պատասխանները և շատ կուզեի իմանալ։ Հիմա նա փաստացի կառավարում է ամբողջ քաղաքապետարանը։ Եվ իրականցնում է աշխատանքներ, որոնց շուրջ մենք խնդիրներ ենք տեսնում։
-Մանսակցելո՞ւ եք քաղաքապետի ընտրություններին և արդյոք կքվեարկե՞ք Ավինյանի օգտին։-Ո՛չ, չեմ մասնակցելու, և կարող եմ նշել, որ այս պահին որևէ թեկնածուի սատարման խնդիր էլ չունեմ իմ առաջ դրած։
-Կան տեղեկություններ, որ Դուք համագործակցում եք ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ և բավականին մտերիմ հարաբերությունների մեջ եք նրա հետ։-Խաչատուր Սուքիասյանին վերջին անգամ տեսել եմ 2021 թվականի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին, ուղղակի միջանցքում ողջունել եմ և անցել։ Մտերիմ շփում պարոն Սուքիասյանի հետ անձամբ չունեմ, բայց նրա հետ որևէ խնդիր այս ընթացքում չեմ էլ ունեցել։ Իշխանության ներկայացուցիչների հետ առհասարակ անձնական շփում, անձնական զրույց, իրար հետ տեղ գնալ, հաց ուտել նման բան չի եղել։
-Պարո՛ն Ստեփանյան, ընդդիմության կողմից իրենց միանալու առաջարկ ստացե՞լ եք։-Առաջարկներ՝ նախկին-ներկա, չենք ընդունում։ Ընդդիմության հետ խոսելիք չունենք, որևէ առաջարկներ իրականում ոչ էլ արվել են, ոչ էլ նպատակ կա այդ առաջարկներն ընդունելու։ Չնայած, եթե ինչ-որ մեկը՝ կլինի ընդդիմությունը, կամ իշխանությունը, եթե մեզ հետ խոսելու բան ունի, մենք ոչ ոքի չենք մերժում, պատրաստ ենք լսել բոլորին։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է համաձայնենք, որ եթե մենք ինչ-որ բան ենք քննադատում, ուրեմն մենք գործող ընդդիմության շարքերից ենք խոսում կամ նրանց հետ փոխկապակցված ենք։ Մենք խոսում ենք նրանից ինչից պետք է խոսենք։ Որևէ մեկի հետ այս պահին համագործակցություն չկա։
Անի Ներկարարյան