Ներքին 3 տարի առաջ - 14:55 26-07-2023

ԱԳ փոխնախարարը միջազգային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել ԼՂ շրջափակման հետևանքները

Հուլիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Մնացական Սաֆարյանն իր խոսքում նշել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության պարբերական գնդակոծությունների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքների խաթարմանը: Ընդգծվել է, որ էլեկտրականության և գազի մատակարարման դադարեցումը հանգեցրել է սոցիալական և առողջապահական ծառայությունների կաթվածահարման՝ ոտնահարելով պաշարված բնակչության հիմնարար իրավունքները, ներառյալ՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքը:

Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի կողմից որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղ առաքել առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների շուրջ 360 տոննա խմբաքանակ: Կարևորվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ կատարելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Աննա Ժամակոչյանն անդրադարձել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ազդեցությանը բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես՝ երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց վրա: Լենա Նանուշյանը ներկայացրել է հումանիտար ճգնաժամի ծանր ազդեցությունը ԼՂ առողջապահական համակարգի վրա՝ անդրադառնալով դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասին և Ադրբեջանի կողմից մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքին:

Մնացական Սաֆարյանը և Էդմոն Մարուքյանը պատասխանել են ներկաների հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ:
Հանդիպման ավարտին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները կատարել են ԱԳՆ շենքի հարակից հատվածում կայանված հումանիտար շարասյան շրջայց՝ ծանոթանալով հումանիտար բեռների խմբաքանակում ներառված ապրանքատեսակներին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան