copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 16:13 24-07-2023

ԵՄ-ն պետք է օգտագործի իր լծակները՝ Բաքվի վրա՝ որպես էներգետիկ գործընկերոջ, ճնշում գործադրելու համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը գործով ապացուցել է, որ կառավարությունը և ժողովրդն ունեն իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հայաստանի կառավարությունը համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է գլոբալ զգալի օգուտներ բերել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, որը վերջին չորս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափերով և տարբեր մայրաքաղաքներում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների շարքից վերջինն է:

«Չնայած խաղաղության համաձայնագրի ուրվագծերը ձևավորվում են, այն իրականություն դարձնելու համար դեռևս էական խոչընդոտներ կան: Տասնամյա այս խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կլինի միայն գործընկերների ամուր աջակցությամբ, ովքեր իսկապես հավատում են խաղաղությանը Հարավային Կովկասում»,-նշել է Փաշինյանը:

Նրա պնդմամբ՝ այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես Լաչինի միջանցքում ու նաև Հայաստանի սահմաններում։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք՝ բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով՝ ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը մեծապես խաթարված է։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլ ազդեցիկ կառույցներ նախազգուշացրել են զարգացող հումանիտար ճգնաժամի մասին:

«Արգելափակելով մարդկանց ու տրանսպորտային միջոցների մուտքը՝ Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այս գործողությունները համընկել են աճող ագրեսիվ հռետորաբանության, քարոզչության և նույնիսկ ադրբեջանական ուժերի կողմից տեղի ֆերմերների վրա կրակ բացելու հետ: Նպատակը պարզ է՝ հնարավորինս դժվարացնել կյանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և, ի վերջո, ստիպել նրանց լքել իրենց տները։ Դա էթնիկ զտումների դասագրքային օրինակ է։ Եթե ​​միջազգային հանրությունը չարձագանքի, դա կլինի մարդկության հերթական ձախողումը»,- ասել է ՀՀ Վարչապետը։

Միջազգային հանրությունը, Փաշինյանի համոզմամբ, պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի՝ Սարաևոյի տիպի պաշարումը դադարեցնելու համար։ Շրջափակումը Ադրբեջանի կողմից իրավաբանորեն ամրագրված պարտավորությունների խախտում է և ամենակարևորը՝ Արդարադատության միջազգային դատարանի բազմաթիվ նմանօրինակ որոշումների խախտում է:

Փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով, երկու ուղղություններով»: Սակայն անցել է հինգ ամիս, և իրավիճակն ավելի է վատացել։ Եվրամիությունը հստակեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն անընդունելի են։ Այժմ ԵՄ-ն պետք է օգտագործի իր լծակները՝ Բաքվի վրա՝ որպես էներգետիկ գործընկերոջ, ճնշում գործադրելու համար, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն իրականացվի: Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրների տարբեր ազգային խորհրդարաններն ընդունել են որոշումներ, որոնք ԵՄ-ին դրդում են հենց դա անել:

«Ներկայիս ճգնաժամն ընդգծում է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում ունի առանցքային նշանակություն կայուն խաղաղության հասնելու համար: Եվրամիությունը և մյուս միջազգային գործընկերները կենսական դերակատարում ունեն: Բաքվի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջև պետք է պաշտոնական երկխոսություն լինի, որի արդյունավետությունը պահանջում է միջազգային մեխանիզմի ստեղծում և երաշխիքներ միջազգային գործընկերներից՝ անվտանգություն և պարտավորությունների կատարումն ապահովելու համար»,- ասել է Վարչապետը։

Նրա դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն առանցքային հարց է, որը պետք է լուծվի մեր տարածաշրջանում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար։ Պետք է լուծվեն նաև այլ հարցեր։ Ադրբեջանը դեռ հրաժարվում է ճանաչել միջազգայնորեն ընդունված սահմանները, գրավում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը և պահում ռազմագերիներին, որոնց պարտավորվել էին վերադարձնել դեռ 2020 թվականին։ Սա չպետք է հանդուրժվի. խաղաղ գործընթացի հետևողական տորպեդահարումը պետք է հետևանքներ ունենա։ Հակառակ դեպքում, ադրբեջանական ուժերը, որոնք շրջափակել են Լեռնային Ղարաբաղը, կհավատան, որ իրենք ազատ են և կարող են անպատիժ գործել:

Հայաստանը խորապես գնահատում է ԵՄ-ի միջնորդական և օժանդակող ջանքերը, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը։ Սա, ըստ Փաշինյանի, կենսական խնդիր է Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանի մոնիտորինգի, տեղում կայունության բարձրացման և սահմանամերձ շրջաններում ապրողների հետ վստահության ամրապնդման գործում: Սրանք սկզբունքներ են, որոնք առանցքային են Հայաստանի ինքնության համար։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը գիտակցաբար հետամուտ են եղել քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ պաշտպանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը և պայքարելու կոռուպցիայի դեմ: Միջազգային վարկանիշային աղյուսակում Հայաստանի առաջընթացը արտացոլում է մեր ձեռքբերումներն ու վճռականությունը, և ԵՄ աջակցությունն այս գործընթացներում շատ գնահատելի է։ «Ժողովրդավարական ապագայի հանդեպ այս անսասան հանձնառությունն օգնեց հայ ժողովրդին դիմանալ դժվար ժամանակներում: Մենք կշարունակենք այդ հանձնառությունը, քանի որ ձգտում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Հենց հիմա կա նման համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհան։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է այս գործընթացին և նշանակալի քայլեր է ձեռնարկել դրան հասնելու համար։ Այժմ մեզ անհրաժեշտ է Եվրոպայի և գործընկերների աջակցությունն ամբողջ աշխարհում՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը նույնպես կատարի իր պարտավորությունները: Եթե ​հաջողության հասնենք, ապա կայուն խաղաղության համաձայնագիրը կարող է իսկապես գլոբալ օգուտներ բերել»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։

Ձեզ գուցե հետաքրքրի