Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 15:07 15-07-2023

Արցախցիների առաջիկա անելիքները կախված են այսօրվա եռակողմ հանդիպումից

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Երեկ Արցախում մեկնարկեց համաժողովրդական շարժման հանրահավաքը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՌԴ խաղաղապահ զորակազմի զորակայան, որտեղ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մի քանի հոգու հետ հանդիպում ունեցավ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ։ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» նախաձեռնող խմբի անդամ, արցախաբնակ տնտեսագետ Արթուր Գրիգորյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ակցիաներն ավելի վաղ էին մեկնարկել՝ հուլիսի 2-ից։

Խոսելով իրենց հետագա անելիքներից՝ Գրիգորյանն ասաց. «Այսօր ժամը 3-ին պետնախարարի հետ հանդիպում ենք ունենալու, հասարակական սեկտորին հրավիրել է իր մոտ, երեկ ռուսների մոտից դուրս գալուց հետո, ըստ էության, չի ներկայացրել այն ինֆորմացիան, որը կար, երեկոյան պետք է հավաք լիներ, որ ասվեր, այն էլ ժողովուրդը շատ հոգնած էր, այդ պատճառով չկայացավ այդ հավաքը։

Ըստ էության, շատ բաներ կային, որից տեղյակ չենք և չգիտենք, թե ինչ հարցեր է քննարկվել, նրանից բացի, ինչը օգանավակայանում հայտարարվեց։ Հայտարարվեց միայն այն, որ ռուսական կողմը գիտակցում է, որ իրենք էլ ունեն սխալ»։

Գրիգորյանն ասաց, որ այլ մանրամասների չի տիրապետում, չի կարող նշել, թե զարգացումները որ ուղղությամբ են գնում։ Դիտարկմանը, որ Ձեր շարժումը ավելի վաղ էր մեկնարկել, բայց լայնամասշտաբ անդրադարձ մամուլի կողմից ստացավ միայն երեկ, ո՞րն էր պատճառը, Գրիգորյանն արձագանքեց. «Իրականում լուսաբանվել է, շատ հարցազրույցներ էլ մեզանից է վերցվել, բայց չի լուսաբանվել այնպես, ինչպես երեկ է լուսաբանվել»։

Անդրադառնալով իրենց հաջորդ անելիքներին՝ Գրիգորյանն ասաց. «Շատ բան կախված է նրանից, թե երեկ ինչ են քննարկել և այսօր տեղի ունեցող եռակողմ հանդիպումից։ Այս պահին սպասման փուլում ենք, սպասում ենք, որ հասկանանք իրավիճակը և դրան համահունչ գործենք»։