Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:13 14-07-2023

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հատիս լեռան վրա հայտնաբերված ամրոցի տարածք

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին, տեղեկացնում են նախարարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Հատիս լեռան տարածքում պեղումները մեկնարկել են հունիսի 1-ից. աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, որի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան):

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով, մասնագետներին հարցեր ուղղել գտածոների մասին: Նախարարն ընդգծել է, որ պեղումների ընթացքում մեծ աշխատանք է արվել՝ նկատելի արդյունքներով, և հույս է հայտնել, որ ավարտն ավելի գոհացուցիչ կլինի:

«Այս տարածքը և պեղումներից ձեռք բերված յուրաքանչյուր գտածո մեր պատմական արժեքներն են, որոնք պահպանելու և զարգացնելու համար յուրաքանչյուրս մեծ անելիք ունենք։ Կարծում եմ, պեղումների արդյունքներն արդեն թույլ են տալիս մտածելու ամրոցի և դրա նոր բացված պատերի ամրակայման և վերականգնման մասին»,- ասել է նա:

Արշավախմբի ղեկավարը՝ Արթուր Պետրոսյանը, նախարարին ներկայացրել է պեղման աշխատանքի մանրամասները՝ սկսած ամրոցի տեղադիրքից. «Ամրոցը գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների»:

Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, օբսիդիանից բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։

Հատիս լեռան վրա պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։

Պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա»:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան