Այսօր ժամը 12։00-ին նախատեսվում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորել հունիսի 28-ին Արցախում՝ Մարտակերտի և Մարտունու դիրքերը պաշտպանելիս զոհված զինծառայողներ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինները։
Սակայն պանթեոնի տարածքում ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում են լրատվամիջոցների աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանել զոհված զինծառայողների հուղարկավորության արարողությունը։ Անհասկանալի պատճառաբանություն են բերում և ոչ աշխատանքային օրով նշում են, որ նախ պետք է գրավոր դիմում ներկայացվեր, որից հետո ստանալ պատասխանը՝ թույլատրում են, թե ոչ։ Եվ սա այն դեպքում, երբ միայն երեկ՝ հուլիսի 1-ին է հայտնի դարձել, որ Կարմիր Խարչի և Ռուս խաղաղապահ զորակազմի բանակցություններն արդյունք են տվել և ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել, որ զոհերի դիերը տեղափոխվեն ՀՀ։
Oragir.News-ը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ընթացակարգը հետևյալն է․ «Պետք է գրավոր դիմում ներկայացնել»։ Սակայն հաշվի առնելով, որ երեկ և այսօր ոչ աշխատանքային օրեր էին և հնարավոր չէր գրավոր դիմում ներկայացնել ու պատասխանը ստանալ, Արամն Թորոսյանը հայտնեց, որ թույլտվությունը կարող է տալ պանթեոնի տարածքում ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության ստորաբաժանման պետը։ Վերջինս, սակայն, անհասկանալի պատճառներով արգելեց հերոսների հուղարկավորության կարգի տեսանկարահանումը։ Ավելին, ռազմական ոստիկանության աշխատակիցները պահանջում են ,որպեսզի
Oragir.News-ի լրագրողը և օպերատորը լքեն տարածքը, իսկ նկարահանում իրականացնելու դեպքում սպառնում դիմել համապատասխան միջոցների՝ այն է՝ տարածքից բերման ենթարկել։
Նշենք, որ
Oragir.News-ը ժամը 13։00-ի սահմաններում ուղարկել է դիմումը, սակայն ինչպես ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնեցին, այն դեռ չի հաստատվել նախարարի կողմից, ոստի թույլ չտվեցին լուսաբանել հուղարկավորության արարողությունը։
Ստացվում է, որ շուրջ 4 օր թշնամին թույլ չէր տալիս, որ զոհվածների մարմինները տեղափոխեին Հայաստան, հիմա էլ ՊՆ-ն և նրան ենթական կառույցը արգելում են լուսաբանել հերոսների հուղարկավորության արարողությունը։