Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 21:30 01-07-2023

Լոզանի հաշտության պայմանագիրը և Թուրքիայի Հանրապետության հռչակումը

Ռազմի դաշտում քեմալականների արձանագրած հաջողությունները, ինչպես նաև տարբեր երկրների հետ վերջիններիս պրոատիվ արտաքին քաղաքականությունը միջազգային դերակատարներին ստիպեցին հաշվի նստել իրենց հետ և բանակցություններ վարել՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով։ Քեմալականները ներկայացնում էին առաջին աշխարհամարտում պարտված երկրի ընդդիմադիր շարժումը, այսինքն չունեին արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ օրինականություն, սակայն նրանք կարողացան հմտորեն օգտագործել Անտանտի տարբեր երկրների և Ռուսաստանի, ինչպես նաև հենց Անտանտի երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները։

Այս ամենի արդյունքում Թուրքիային, որը նույնպես պատերազմում պարտված կողմ էր, հաջողվեց խուսափել միջազգային մեկուսացումից, օրինականացնել ռազմի դաշտում իր արձանագրած հաջողությունները, ինչպես նաև վիժեցնել Սևրի հաշտության պայմանագրի վավերացման գործընթացը, որով երկրի օրինական կառավարությունն ընդունել էր իր պարտությունը և համաձայնել պետության տարածքի մասնատմանը։ Քեմալականների արտաքին քաղաքականության հիմքում դրվեց 1920 թվականի հունվարի 28-ին ընդունված Ազգային ուխտ փաստաթուղթը, որի գերխնդիրն էր պահպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը՝ բացառությամբ արաբական երկրների։

Այսպիսով 1922 թվականի նոյեմբերի 20-ից Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցան Մերձավորի արևելքի հաշտով հաշտության բանակցությունները, որը 1923 թվականի հուլիսի 24-ին ավարտվեց Լոզանի հաշտության պայմանագրի ստորագրմամբ։ Պայմանագիրը ստորագրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հունաստանը, Ռումինիան, սերբերի, խորվաթների և սլովենացիների Թագավորությունը մի կողմից, և Թուրքիան` մյուս կողմից: Լոզանի պայմանագիրը փոխարինեց 1920թ Սևրի պայմանագրին` փաստացիորեն առ ոչինչ ճանաչելով այն։

Լոզանի պայմանագրով հաստատվեցին ներկայիս Թուրքիայի Հանրապետության նոր սահմանները` բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի, որը թուրքական պետությունը բռնակցեց 1938-39 թվականներին։ Լոզանի պայմանագիրը փաստացի ձևակերպեց Օսմանյան կայսրության անկումը և նրա տարածքի մի մասում՝ Փոքր Ասիայում Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը։ Պայմանագրի արդյունքում Թուրքիան պահպանեց Արևելյան Թրակիան, Իզմիրը և այլ տարածքներ, որոնցից զրկվել էր 1920թ Սևրի պայմանագրով: Միևնույն ժամանակ Թուրքիան հրաժարվեց Արաբիայի, Եգիպտոսի, Սուդանի, Տրիպոլիտանիայի, Կիրենաիկայի, Մեսոպոտամիայի, Պաղեստինի, Լիբիայի և Սիրիայի, Էգեյան ծովի կղզիների նկատմամաբ հավակնություններից և կորցրեց դրանց նկատմամբ վերահսկողությունը:

Իրաքի հետ սահմանի որոշման հարցը, համապատասխանաբար Մոսուլ նավթային շրջանի նկատմամբ վերահսկողությունը, հետաձգվեց` մինչ այդ հարցը կորոշվեր Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից, իսկ համաձայնության չգալու դեպքում, հարցը կտեղափոխվեր Ազգերի Լիգա: Մոսուլն, ինչպես հայտնի է, դարձել է Իրաքի նահանգ, ինչին անմիջականորեն մասնակցել է հանրահայտ Լոուրենս Արաբացին:

Լոզանի պայմանագրի համաձայն՝ «Հունաստանը պարտավորվում էր փոխհատուցել այն վնասը, որը Անատոլիային պատճառվել էր հելլենական բանակի և վարչակազմի կողմից»: Թուրքիան, հաշվի առնելով Հունաստանի դիրքը, հրաժարվեց փոխհատուցման վերաբերյալ բոլոր հավակնություններից: Եվ դա այն ամենից հետո, երբ թուրքական զորքերն իսկական կոտորած կազմակերպեցին Զմյուռնիայում (ներկայիս Իզմիր)` հույներին վերջնականապես քշելով Փոքր Ասիայից:

Լոզանի կոնֆերանսում քննարկվեց նաև Հայկական հարցը։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ Ավետիս Ահարոնյանի և Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել կոնֆերանսին, քանի որ այն այլևս չէր ներկայացնում Հայաստանը, որտեղ հաստատվել էր խորհրդային իշխանություն։ Այդուհանդերձ, Ազգային պատվիրակության (Գ. Նորատունկյան, Լ. Բաշալյան) հետ համատեղ կոնֆերանսին ներկայացվեց մի հուշագիր, որն առաջարկում էր Հայկական հարցի երեք հնարավոր լուծում. «Հայկական ազգային օջախի» ստեղծում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի սահմանագծած Հայաստանի տարածքում, Երևանի հանրապետության ընդարձակում՝ նրան կցելով Արևմտյան Հայաստանի մի մասը՝ դեպի ծով ելքով, իսկ հակառակ դեպքում՝ Հայկական ազգային օջախի ստեղծում Կիլիկիայում։

Լոզանի խորհրդաժողովում քննարկվում էր նաև Թուրքիա հայերի ներգաղթ կազմակերպելու և այդ երկրի տարածքում հայկական ազգային օջախ ստեղծելու հարցը։ Սակայն Թուրքիային հաջողվեց նաև հասնել նրան, որ Անտանտի երկրները հրաժարվեցին իր տարածքում հայկական ազգային օջախ ստեղծելու գաղափարից: Թուրքական կողմը շատ լավ գիտակցում էր, որ Անտանտի երկրներն իվճակի չէին իր դեմ նոր պատերազմ մղել, ուստի ամեն կերպ դիմադրում էր վերջիններիս կողմից ներկայացվող պահանջներին։

Հայկական թերթերն այս կապակցությամբ գրում էին, որ նման առաջարկ արել էր անձամբ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը։ «Լոզանի կոնֆերանսում ընկ. Չիչերինը հայտնել է, որ Խորհրդային Ռուսաստանը պատրաստ է ընդունել տաճկահայ հինգ հարյուր հազար գաղթականներ իր հողի վրա և տեղ տալ նրանց»,- գրել էր «Մաճկալ»-ը 1923-ի հունվարին։ Իրականում Չիչերինը խոսել էր 250 000 հայերի տեղափոխության մասին, այն էլ՝ եթե միջազգային կազմակերպությունները կամ հենց տեղափոխվողները հոգային բոլոր ծախսերը։ Նույն տարվա նոյեմբերին այս հարցով Ստալինին դիմել էր Ալեքսանդր Մյասնիկյանը՝ վկայակոչելով Չիչերինի խոսքը։

Մյասնիկյանն առաջարկել էր Կ.Պոլսից տեղափոխել 10 000 հայերի՝ նշելով, որ նրանց կարելի է տեղավորել Վրաստանում և Հայաստանում։ Չիչերինն իր հերթին Ստալինին պարզաբանել էր, թե ինքն առարկություն չունի, սակայն Խորհրդային միությունը տեղափոխման ծախսը չի կարող հոգալ։

1923թ. մարտին Երևան է այցելում «Հայաստան-Ամերիկա» ընկերության տեսուչ Ջորջ Մոնթհոմերին, որը նաև Near East Relief բարեգործական ընկերության ներկայացուցիչն էր։ Նա եկել էր Լոզանի կոնֆերանսից՝ ուսումնասիրելու հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան տեղափոխելու խնդիրը։

Նա հայտնել էր, որ Լոզանի կոնֆերանսում քննարկվել էր հայերին «Ազգային օջախ» տրամադրելու հարցը։ Նախապես քննարկվել էր այն Վանում ստեղծելու տարբերակը, որը Չիչերինը մերժել էր՝ ասելով, թե թուրքերը չեն համաձայնի։ Այնուհետև առաջարկվել էր հայերին տեղափոխել Կիլիկիա, սակայն դա նույնպես չէր ստացվել։

Մոնթհոմերին նշում էր, որ Չիչերինն առաջարկել էր հայերի համար օջախ ստեղծել Կուբանում։ «Միստր Մոնթհոմերին Երևան էր եկել այդ հարցերը պարզելու Խորհրդային Հայաստանի կառավարության հետ, որից հետո մեկնելու էր Կուբան, ապա՝ Մոսկվա»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։

Մոնթհոմերին հայտնել էր նաև, որ եթե «Ազգային օջախը» ստեղծվեր Կիլիկիայում, ապա այնտեղ կտեղափոխվեին 250-300 000 հայեր, սակայն Կուբանում դրանց թիվը կարող էր լինել շուրջ 50 000։

Այնուամենայնիվ Լոզանի պայմանագրի մի շարք դրույթներ վերաբերում են հայերին։ Պայմանագրի երկրորդ բաժինը վերաբերում է Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնություններին։ Ըստ պայմանագրում առկա կետերի՝ Թուրքիայում բոլոր քաղաքացիները պաշտոնապես համարվում են թուրք, իսկ հայերը, հույները, ասորիներն ու հրեաները գրանցվում են որպես կրոնական փոքրամասնություն:

Լոզանի պայմանագրի 3-րդ բաժնի 40-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց հաշվին ստեղծել համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ և այլ հաստատություններ: Նույն բաժնի 42-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է պաշտպանության տակ առնել կրոնական համայնքներին պատկանող եկեղեցիները, գերեզմանատները, սինագոգներն ու կրոնական փոքրամասնություններին պատկանող այլ հաստատություններ: Նկատենք, որ չնայած այս ամենին Թուրքիան մինչև օրս չի կատարում այս պարտավորությունների մի մասը։

1923 թվականի օգոստոսի 23-ին Թուրքիան վավերացրեց Լոզանի պայմանագիրը, իսկ 1924 թվականի օգոստոսի 6-ին նունն արեցին պայմանգրի մյուս բոլոր մասնակից կողմերը` բացառությամբ սերբերի, խորվաթների և սլովենացիների Թագավորության` կապված պարտքի մի մասն իրեն վերագրելու հետ: Լոզանի պայմանագրի ստորագրումից երեք ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին Թուրքիայում վերացվեց սուլթանական կառավարումը, երկիրը հռչակվեց Հանրապետություն, իսկ նորաստեղծ պետության նախագահի պաշտոնը զբաղեցրեց Մուսթաֆա Քեմալը։