copy image url
Խոսք Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 19:30 27-06-2023

Չստացված բժիշկները` ստացված քարոզիչներ. ինչու է Հանրայինը հրավիրում դիլետանտներին

Ինչպես հայտնի է, հունիսի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի հարցով հանրային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էր նաև բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, ով բժիշկ լինելու հետ մեկտեղ՝ պարբերաբար ուղիղ եթերներով աշխարհաքաղաքական վերլուծություններ է կատարում, հյուրընկալվում է տարբեր լրատվամիջոցների տաղավարներում, իսկ վերջինիս մասնակցությամբ եթերներն ունենում են բազմահազար դիտումներ։

Միևնույն ժամանակ Մանասյանի մասնակցությունը Հանրայինի եթերում կազմակարպված քննարկմանը առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ովքեր պնդում են, որ բնակչության հարկերի հաշվին գործող լրատվամիջոցի տաղավարում Արցախի հարցի շուրջ քննարկմանը մասնակցում են ոչ թե թեմայի նեղ մասնագետները, այլ տվյալ դեպքում բժիշկ-գաստրոէնտերոլոգը։

Քաղաքացիներից շատերը նշում են, որ գուցե Մանասյանը շատ մասնագետներից ավելի լավ է պատկերացնում և մեկնաբանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն, այնուամենայնիվ, նա դա չպետք է անի առնվազն Հանրային հեռուստաընկերության տաղավարում։ Միևնույն ժամանակ նրանց մի մասն էլ կարծում են, որ Մանասյանը իրեն չի հաջողել բժշկության մեջ և այժմ իր ուժերը փորձում է քաղաքական և փորձագիտական դաշտում։

Oragir.News-ի հետ զրույցում լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը նշեց՝ մասնագիտությունից ելնելով մարդուն չի կարելի սահմանափակել և ասել՝ եթե դու բժիշկ ես, ուրեմն քաղաքական կարծիք չպետք է ունենաս։

Նրա խոսքով՝ շատ նորմալ է, երբ բժիշկը, վիրաբույժը կամ ֆուտբոլիստը պետք է քաղաքական կարծիք ունենա և հայտնի այդ կարծիքը։ «Այստեղ ես խնդիր չեմ տեսնում, առավել ևս երբ հաղորդաշարը կոչվում է Հանրային քննարկում, որը ենթադրում է հանրության տարբեր շերտերի մասնակցություն։

Այլ հարց է, որ կոնկրետ Հանրային հեռուստաընկերությունը ուղղորդված հրապարակումներ է անում, ամբիոն է տալիս մարդկանց, որոնք ունեն ակնհայտ իշխանամետ, հակառուսական և հակաարցախյան կողմնորոշում և կոնկրետ քարոզչությամբ են զբաղվում»,- կարծում է նա։

Հոխիկյանը նշեց, որ Հայկ Մանասյանի հետ մեկ անգամ է հանդիպել և վերջինիս հետ ունի ակնհայտ գաղափարական և տեսակետների շատ հստակ տարակարծություններ։ Նրա համոզմամբ՝ Մանասյանն այս իշխանությունների թիկունքն է պահում, ինչպես նաև իր պոպուլիստական, բարձրակոչ և շատ հաճախ ոչ էթիկական հայտարարություններով՝ փորձում է հասարակական լայն զանգվածներին գրավել, իսկ ցանկացած հասարակություն՝ հատկապես մեր հասարակությունը պոպուլիզմի սիրահար է։

«Հիմա Դոգը հայհոյանքով է գրավում, ինքը որևէ այլ տարբերակով, իսկ Նիկոլ Փաշինյանին նման անձինք ձեռնտու են»,- նշեց նա։ Մեդիափորձագետը միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ Հայաստանում Արցախի հարցով նեղ մասնագետներ չկան, և մենք ականատես եղանք, թե նեղ մասնագետ համարվող անձինք ինչպիսի կարծիքներ են հայտնում։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում լուրջ քաղաքագետներ չկան։ Նաիրի Հոխիկյանը կարծում է, որ նորմալ երևույթ է, երբ հանրային քննարկումներին՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերության եթերում, կարող են հրավիրել բժիշկների, լրագրողների, տարբեր ոլորտների մասնագետների։ «Խնդիրն այն է, որ երբ հրավիրում են ամերիկյան, արևմտյան կողմնորոշում ունեցող, հակարցախյան և նիկոլապաշտ որևէ անձի, օրինակ՝ բժշկի, նույն կերպ պետք է հրավիրեն անձի կամ անձանց, ովքեր ունեն հակառակ տեսակետը։ Սակայն հրավիրում են երեք հոգու, ովքեր մի տեսակետ ունեն՝ նիկոլապաշտական և հրավիրում են մի հոգու, որն այլ տեսակետ ունի, և երեքով պայմանավորված կերպով սկսում են հարձակվել այդ մարդու վրա։ Այս երևույթը ճիշտ չէ, մերժելի է և անընդունելի»,- եզրափակեց նա։