copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:19 24-06-2023

ԲԴԽ նախագահը ակնհայտ բացասական վերաբերմունք ունի իմ հանդեպ, իմ սեռի հանդեպ․ Լուսինե Մկրտչյան

Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Լուսինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական նիստի ընթացքում և գործով ամեն ինչ կա` նույնիսկ քարից արև ուզել ու արևից` քար, բացի` օրինականությունից ու արդարադատության իրականացման արտաքին դրսևորումներից, տեսանելի արդարադատությունից: Թե բա ԲԴԽ-ն հանդես է գալիս`որպես դատարան:

Ներգրավման առաջին իսկ օրը իմ նկատմամբ 2 անգամ «նկատողություն» դատական սանկցիա կիրառեն` օրենքներ բացատրելու, օրենքի ու իրավունքի խախտումները բարձրաձայնելու, արձանագրելու համար, այն դեպքում` երբ ամբողջ պրակտիկայիս ընթացքում երբևէ դատական սանկցիայի չէի ենթարկվել, բացառությամբ` նորաթուխ դատավորի ձեռամբ (հասկանում եմ, երիտասարդ էր, դեռ ինքնահաստատվելու խնդիր ուներ): Դա էլ հերիք չի, դեռ «դատական տուգանք»-ով է սպառնում ԲԴԽ նախագահը:

Մեկը ասի, հարգելիներս, օրենք կարդացեք մինչ դահլիճ մտնելը (բացառությամբ դատավոր անդամներից): Սանկցիայի քանակը հաշվվում է տվյալ նիստով, այլ ոչ թե ամբողջ պրոցեսով: «Նկատողություն» դատական սանկցիան հայտարարվում է հենց նիստում, այլ ոչ թե գնում են խորհրդակցական սենյակ: Տուգանքն էլ գրավոր է լինում ու բողոքարկման իրավունքով, պետք է գրավոր տան ու վերջում գրեն, թե որ դատարան կարող եմ բողոքարկել: Ի դեպ, միակ ներկայացուցիչն եմ, ում նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել: Ավելին՝ ԲԴԽ նախագահը ակնհայտ բացասական վերաբերմունք ունի իմ հանդեպ, իմ սեռի հանդեպ, երբ ես կանանց նկատմամբ խտրականության արգելիք մասին բարձրաձայնեցի, մեջբերեցի համապատասխան կոնվենցիայից հասկացությունը ու թույլ չտվեց իրեն բացարկ հայտնել այդ հիմքով:

Թույլ չտրվեց իմ նկատմամբ կիրառված 2-րդ սանկցիայի մասին արտահայվել: 2 տարուց ավել հետևում եմ ու հետազոտում եմ ԲԴԽ նիստերը, գործունեությունն ու որոշումները, նույնիսկ Նախշքարյանի, Փիլոսյանի գործերով ամենօրյա ռեժիմով չի քննվել ու այսպիսի, շատ մեղմ ասած, խայտառակությամբ նիստերը չէր ընթանում, ինչպես դատավոր Դավիթ Հարությունյանի գործով է: Այս ամենը դեռ ծաղիկներն են:

Վերջին հետաքրքրականն բանն այն էր, երեկ երբ նախագահողը, լսելով, որ փաստաբանները գործադուլ են անում, հարցնում է, թե ո՞րն է այն իրավական հիմքը՝ գործադուլի, որով նիստը հետաձգվում է: Անձամբ ես վիրավորվեցի այդ հարցադրումից: Տպավորություն է, որ նախկին ՄԻՊ-ը մարդու հիմնարար իրավունքներից՝ գործադուլի իրավունքի մասին հավանաբար մոռացել է:

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով դատավարական ու նյութական իրավունքի նորմերի, հիմնարար իրավունքների և ազատությունների անսահման խախտումներ են թույլ տրվել ու շարունակելու են թույլ տալ: Դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբաններս հայտարարել ենք, որ հունիսի 26-ին փաստաբանների բողոքի ակցիայի հիմքով հայտարարված գործադուլին միանում ենք ու չեն ներկայանալու նիստին, իսկ պարոն Հարությունյանը հայտարարեց, որ առանց իր փաստաբանների չի կարող իր իրավունքները արդյունավետ պաշտպանել, սակայն դա, բնավ, ԲԴԽ նախագահին չէր հետաքրքրում, քանի որ իրենք արդեն իսկ որոշել էին:

Դատական օրենսգրքում էլ գրված է, որ դատավորին վերապահված է Սահմանադրության 61, 63-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքները, որի գործնական ապահովումը, դա ԲԴԽ-ի պարտականությունն է, պարտավորությունն է: Թե բա ԲԴԽ-ն հանդես է գալիս՝ որպես դատարան, անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ, չգիտեմ էլ ինչ լիրիկա .........: ԱՄՈԹԱԼԻ ԴԱՏԱՎԱՐԱՎՈՒԹՅՈՒՆ:

Հարգելի՛ դատավորներ, մենակ եք թողել Ձեր դատավոր գործընկերոջը, ով համարձակ դատավոր է և համարձակ, հրապարակային խոսել է դատական համակարգի լուրջ խնդիրների մասին, ինչի մասին, Դուք Ձեր Ձեր մեջ եք խոսում: Այն, ինչ անում են դատավոր Հարությունյանի հանդեպ, անելու են Ձեր հանդեպ ու հիմքը լինելու է, որ թե ազատ խոսքը, այլ չնչին դատավարական կամ նյութական նորմի խախտումը: Դռները փակելու են ու գրչի մեկ հարվածով Ձեզ առանց պատմուճանի են թողնելու: Այն, որ դատավորը պետք է զուսպ լինի, բոլորը գիտեն, բայց դա չի նշանակում՝ քար լռություն ու չի նշանակում, որ խնդիրների մասին չի կարելի հրապարակային զուսպ բառերով հրապարակային խոսել:

Հարգելի՛ դատավորներ, մենակ մի թողեք Ձեր գործընկերոջը: Այս ընթացքում բացահայտեցի նաև դատավոր Դավիթ Հարությունյանի մարդկային բարձր արժեքներն ու հատկանիշները, ինչը էլ ավելի խորացրեց իր ՝ որպես դատավորի (որպես դատարան բոլորս պետք է հարգանքով վերաբերվենք), հանդեպ իմ հարգանքը»։